«Գիժ» մականունով դատապարտյալի հաղորդումը` ՔԿՀ աշխատակիցների դեմ քրգործի հարուցման պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՔԾ պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղ.-ի հաղորդման հիման վրա՝ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում):

Ըստ կալանավոր Համլետ Ղ.-ի հաղորդման` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնատար անձինք 2014թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում խոչընդոտել են իրեն հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուն:

Համլետ Ղ.-ի հավաստմամբ՝ տարբեր ատյաններ բողոքներ չներկայացնելու համար նշված ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք տվել են սպառնալիքներ, դատապարտյալների շրջանում տարածել են իրականությանը չհամապատասխանող լուրեր` իր կողմից քրեակատարողական հիմնարկի վարչակազմին դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկում կատարվող դեպքերի մասին տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ:

Կատարվում է նախաքննություն:

Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` վերոնշյալ կալանավորը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի 55-ամյա բնակիչ Համլետ Ղազարյանն է, ով ՔԿՀ-ում հայտնի է «Գիժ» մականունով և մի քանի անգամ ամուսնալուծված է եղել: Դատապարտվել է ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով, այդ թվում` շորթման և խարդախության մեղադրանքով:

Մեր աղբյուրները հայտնեցին, որ «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները, այդ թվում` պետը, բազմիցս փորձել են օգնել դատապարտյալին հաշմանդամության կենսաթոշակ ստանալու ուղղությամբ, սակայն ինչ-ինչ հարգելի պատճառներով չի ստացվել:

Տաթև Հարությունյան




Լրահոս