ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «ԱրմենՏել»-ը աշխատում են շահույթով, իսկ «Օրանժ»-ը՝ վնասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բջջային կապի օպերատորները` «ԱրմենՏել»-ը (Beeline), ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Vivacell-MTS)և «Օրանժ Արմենիա»-ն (Orange), ամփոփել են 2014 թվականի առաջին երեք ամիսներին շարժական բջջային կապի ոլորտում գրանցած հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները:

Ընկերությունների կողմից հրապարակված ամփոփ տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում շարժական բջջային կապի ոլորտում շահույթով են աշխատել ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «ԱրմենՏել»-ը: «Օրանժ Արմենիան»-ն աշխատել է վնասով:

Այսպես, հունվար-մարտ ամիսներին շարժական բջջային կապի ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շահույթը մինչ հարկումը կազմել է 4145,6 մլն ՀՀ դրամ, իսկ «ԱրմենՏել»-ինը՝ 1210,9 մլն ՀՀ դրամ: «Օրանժ Արմենիա» ընկերության կրած վնասը կազմել է 813,6 մլն ՀՀ դրամ:

Հաշվետու եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործառնական եկամուտները շարժական կապից և հարակից գործունեությունից կազմել են 17,13  մլրդ ՀՀ դրամ, «ԱրմենՏել»-ինը՝ 5,85 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Օրանժ»-ինը՝ 5,40 մլրդ ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ,  հունվար-մարտին ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է 9,28 մլրդ ՀՀ դրամի գործառնական ծախս,  «ԱրմենՏել»-ը՝ 3,94 մլրդ ՀՀ դրամի գործառնական ծախս, իսկ  «Օրանժ»-ը՝ 5,15 մլրդ ՀՀ դրամի գործառնական ծախս:

Հատկանշական է, որ հաշվետու երեք ամսում գովազդային և մարքեթինգային արշավների վրա առավել մեծ գումարներ ծախսել է «Օրանժ» ընկերությունը՝ 484,0 մլն ՀՀ դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գովազդային և մարքեթինգային ծախսերը կազմել են 458,2 մլն ՀՀ դրամ, իսկ «ԱրմենՏել»-ինը՝ 229,6 մլն ՀՀ դրամ:




Լրահոս