Ուսումնավարժություն` Դիլիջանի միջազգային դպրոցում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունը` «ՌԴ ՔՈՆՍՏՐԱՔՇԸՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության նախաձեռնությամբ, ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն էր կազմակերպել Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակում: Ընկերությունն իրականացնում է դպրոցի շինարարական աշխատանքները:

Ուսումնավարժության թեման էր «Վթարափրկարարական աշխատանքները շինհրապարակում»: Նպատակներն էին.

• բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքները ղեկավարող անձանց գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատում, ներգրավված ուժերի և միջոցների ղեկավարում.

• կատարելագործել Տավուշի ՄՓՎ Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատների գործնական հմտությունները փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ.
• արձագանքող ուժերի գործողությունների ներդաշնակեցում:

Ուսումնավարժությանը ներգրավված էին Տավուշի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի, Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերը, շտապօգնության 1 բրիգադ, «ՌԴ ՔՈՆՍՏՐԱՔՇԸՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ աշխատակիցները և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Սցենարի համաձայն` Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների ժամանակ մասնաշենքերից մեկը փլուզվել էր և 1 աշխատակից մնացել էր փլատակներում: Հարակից մասնաշենքի աստիճանավանդակներում առաջացել էր խցանում, 3 աշխատակից արգելափակվել էին շենքի տանիքի վրա, աշտարակային կռունկի մեքենավարը չէր արձագանքում կապի միջոցներով տրված ազդանշաններին, հրդեհ էր բռնկվել շինանյութերի պահեստում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները պարանների օգնությամբ իջեցրին վերամբարձ կռունկի մեքենավարին, փլատակից դուրս բերեցին «տուժածին»` միաժամանակ` հրշեջ-փրկարարներն իրականացնում էին հրդեհաշիջման աշխատանքներ: Տանիքում արգելափակված աշխատակիցներին փրկարարները նույնպես տարհանեցին պարանների օգնությամբ:

«ՌԴ ՔՈՆՍՏՐԱՔՇԸՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության ներկայացուցիչ, նախագծի տնօրեն Դմիտրի Լետովը նշեց, որ շինհրապարակում անվտանգության ապահովումն իրենց աշխատանքի հիմնական սկզբունքներից է.

– Շուրջ 2 տարի է աշխատում ենք այստեղ, և փառք Աստծո, մինչև հիմա որևէ խնդիր չենք ունեցել: Սակայն նման միջոցառումներն օգնում են բարձրացնել աշխատակիցների պատրաստվածությունը:

Ուսումնավարժության շրջանակներում «ՌԴ ՔՈՆՍՏՐԱՔՇԸՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը կազմակերպել էր նաև հրդեհաշիջման փոքրիկ մրցույթ, որին մասնակցում էին ընկերության աշխատակիցներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով ու կրակմարիչներով:




Լրահոս