«ՄԻԱՆԳԱՄԻՑ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԿԼԻՆԵԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ զրուցեցինք սոցիալական տարբեր հարցերի շուրջ: Իմացանք նաեւ նրա քաղաքական հայացքներն ու ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը:
-Հիմա շատերը դժգոհում են, որ իրենց բակերի տարածքն ամբողջովին սառցապատ է, եւ որ թաղապետարանն անգամ չի մտածում դրանք մաքրելու մասին: Կասե՞ք` Դուք որ համայնքում եք ապրում, եւ ինչ տեսք ունի Ձեր բակը:
-Ես ապրում եմ Աջափնյակ թաղամասում: Ի՞նչ ասեմ, նույն պատկերն է, ամբողջ մայթերը ձյուն է, քայլել չի լինում: Ձյունը միշտ էլ Երեւանում բնական աղետ է: Երեւի մաքրելը թանկ է նստում:
-Դե եթե թաղապետարանից հույս չկա, գոնե բակի բնակիչները չե՞ն փորձում իրենց շենքի դիմացը մաքրել:
-Գիտեք, կազմակերպող չկա, եթե այդ նույն թաղապետարանից գային ու ամեն մուտքին մի քանի բահ տային, ես էլ կգնայի, կմասնակցեի: Ես, օրինակ, չունեմ բահ, քլունգ: Եթե կազմակերպեն, կարծում եմ` ամեն շենքում կգտնվի մի 3-4 հոգի, որ իջնի, իրենց բակը մաքրի:
-Հիմա եթե Ձեր դժգոհության մասին իմանան, հնարավոր է` մի բան փոխվի, կամ էլ կասեն` ամբողջ օրը գործ ենք անում, բնակիչներն էլ դժգոհում են:
-Եղբա՛յր, թող իրանք ամբողջ օրը գործ անեն, մենք էլ դժգոհ չենք լինի: Հո զոռով վատ բան չե՞մ ասում: Հիմա չեն մաքրել, ասում եմ` չեն մաքրել: Այսօր կգան կմաքրեն, վաղը կասեմ` մաքրեցին: Հո թշնամություն չե՞մ անում: Աջափնյակն  էնքան սիրուն թաղամաս կարող է լինել: Նախ` մայթերը բարվոք չեն, դե սաղ մի տեսակ պայթած ու փոշոտ է, խնամված չի թաղը:
-Ո՞ւմ մեղավորությունն է:
-Ընդհանուր բան է, ես չեմ անջատում բնակիչներին թաղապետից, թաղապետն էլ նույն բնակիչն է, ով սովոր է պայքարով ապրելու: Բոլորս ենք այդպես ապրում: Մուտքերում նույնիսկ լույս չկա, ամեն տեղ զիբիլը թափած, դա մեր կենցաղն է, մենք տենց ենք: Ինձ նեղում է աղբի մեջ ապրելը, բայց բնակչության ինչ-որ տոկոս էլ չի նեղվում, որ զիբիլի մեջ խոզի պես ապրում է: Առաջ գոնե ընտրությունների ժամանակ թոզ էին փչում, գալիս ինչ-որ բաներ էին անում, հիմա ընդհանրապես հաբրգել են, ոչ մի բան չեն անում:
-Որեւէ կուսակցության անդամ չե՞ք, ո՞ւմ եք ընտրելու մայիսին:
-Բացարձակ, ոչ մի կողմնորոշում չունեմ, երեւի չգնամ ընտրություններին: Կուսակցական չեմ, բայց Խորհրդային միության օրոք բանակում ընդունվել եմ կոմունիստ, հետո քանդվեց ու վերջ: Մոտավորապես 2 ամիս կոմունիստ էի (ծիծաղում է-Ե.Ռ.):
-Դուք ընտրություններին մասնակցո՞ւմ եք:
-Եկե՛ք չխոսենք այդ մասին: Գնում ջնջում եմ բոլորին:
-Քաղաքականությունից Ձեզ հեռու եք պահում, այնուամենայնիվ, ո՞ր կողմ եք ավելի շատ ձգվում` դեպի ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն:
-Ո՛չ էն, ո՛չ էլ էն: Մենք ընդդիմություն չունենք: Դա նախկին իշխանությունն է, որն աութսայդեր է, ուզում է էլի վերադառնալ: Ընդդիմությունն էն է, որ ասում է` ես էս ինչին դեմ եմ, լուրջ ծրագիր ունեմ:
-Լավ, իսկ նախագահ ո՞ւմ եք տեսնում:
-Ոչ ոքի, ցավոք սրտի:
-Եթե Դուք լինեիք ՀՀ նախագահ, ի՞նչ կանեիք:
-Միանգամից ինքնասպան կլինեի:
-Մինչ ինքնասպանությունը, գոնե մի քանի բարեփոխում չէի՞ք անի:
-Առաջին հերթին հարկերը կվերացնեի, էդ մաքսային քաղաքականությունը կփոխեի: Մի հատ պայթած «Օփելը» Վրաստանում 2000 դոլար ա, բերում ես էստեղ, դառնում է 5000 դոլար: Դա ստորություն է ուղղակի, ինչ ա որ Ռուսաստանից ժանգոտ «Լադաներն» ենք առնում, բերում, համ օդն ա փչացնում, համ էլ անտանելի մեքենաներ են, իսկ մենք ստրուկի պես դրանք առնում ենք: Կարելի է հենց մեկը դա փոխել, որ գոնե մի քիչ հեշտանա ժողովրդի վիճակը:   
-Նկատե՞լ եք` ինչ հոգսաշատ դեմքերով են մեր քաղաքացիները:
-Այո՛, բա մարդիկ էնքան պրոբլեմ ունեն: Մի հայաթի ձյուն մաքրելն ի՞նչ ա, դա էլ չենք կարողանում լուծել:
-Որպես քաղաքացի` գո՞հ եք այսօրվա Ձեր սոցիալական կարգավիճակից:
-Չեմ կարող ասել, բայց երեւի հասարակ մարդկանց համեմատ ես ավելի լավ եմ ապրում: Եթե ընկնեմ համեմատությունների մեջ, ուրեմն պետք է մի 10 անգամ ավելի լավ ապրեի, բայց էս էլ որ կա, գոհ ենք: Ուղղակի չեմ կարող անջատել ղեկավարությանը ժողովրդից, դա նույն ժողովուրդն է, նույն մարդիկ են, պարզապես մեկը գնացել է էն կողմ, մյուսը մնացել է էս կողմում: Հա՛մ էն կողմն է անբարեխիղճ, հա՛մ էլ էս:
-Ձերը 2-հոգանոց ընտանիք է: Մի սննդի զամբյուղի համար որքա՞ն եք վճարում:
-Մի անգամ լավ առեւտուրը մոտավորապես մի 15-20 հազար դրամ է, իսկ ամենօրյան` մի 3-4 հազար դրամ: Եթե որոշում ես միս ու խմիչք առնել, զգալի շատանում են ծախսերդ: 1000-դրամանոց օղի հո չե՞ս առնի, առնելուց լավն ես առնում: Մի 3 կգ միսն արդեն եղավ մի 10.000 դրամ, մի 5000 դրամի էլ օղին, կազմե՞ց 15.000 դրամ:
-Ամսվա կտրվածքով որքա՞ն է անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալու համար:
-Գիտեք, չեմ հաշվել, բայց սննդի վրա երեւի 120 հազար դրամից ավել կծախսվի: Եթե կոմունալ վճարներն էլ ավելացնենք, միջին հայ ընտանիքին երեւի մի 2-2.5 հազար դոլարի համարժեք դրամ անհրաժեշտ կլինի:   
-Եթե շատ գումար ունենայիք, ի՞նչ կանեիք առաջնահերթ:
-Էնքան ծակ կա, չգիտեմ` որից կսկսեի, բայց երեւի գարաժս կսարքեի: Եթե գումարը բավականացներ, մի 2 հատ էլ տուն կառնեի, վարձով կտայի, չէի աշխատի:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս