ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-Ն ՊԱՐՏՔ Է ՖԱԲՐԵԳԱՍԻՆ

«Բարսելոնա»-ն 5 մլն եվրո պետք է վճարի Սեսկ Ֆաբրեգասին՝ «Չելսի» տեղափոխվելու համար: Հենց այդքան ֆուտբոլիստը ժամանակին իր իսկ գրպանից վճարել է կատալոնական ակումբ վերադառնալու համար: Ըստ պայմանագրի՝ ակումբն այդ գումարը պիտի վերադարձնի Ֆաբրեգասի հետ բաժանման դեպքում: Նշվում է, սակայն, որ կատալոնացիները չեն ուզում կատարել պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունը:

ԲՈՒՖՈՆՆ ԸՆԴԴԵՄ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ

Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կկարողանա մասնակցել ԱԱ-2014-ի երրորդ տուրի՝ Ուրուգվայի դեմ խաղին: Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով իտալացին բաց էր թողել անգլիացիների հետ առաջին տուրի խաղը: Նա չի կարողանա մասնակցել նաեւ հունիսի 20-ին կայանալիք Կոստա Ռիկայի հետ հանդիպմանը, սակայն արդեն 4 օր անց խաղադաշտ դուրս կգա ուրուգվացիների դեմ մրցավեճում:

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ

Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Գոլդեն Սանդս քաղաքում անցկացվող մրցաշարի 5-րդ տուրից հետո ունի 100 տոկոսանոց արդյունք: Նա 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վլադիմիր Հակոբյանը հավաքել է 4,5 միավոր, Հովհաննես Գաբուզյանը` 4, Տիգրան Ս. Պետրոսյանը` 3,5, իսկ Վլադիմիր Պողոսյանը` 2:

ԵՐԿՐՊԱԳՈՒՆ ՄԱՀԱՑԵԼ Է

Չինաստանի բնակիչը մահացել է ուղիղ եթերով հեռարձակվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու համար անցկացրած անքուն գիշերներից հետո: Ողբերգությունը տեղի է ունեցել անցած շաբաթվա վերջին, սակայն լրագրողներին այդ մասին հայտնի է դարձել ավելի ուշ: 25-ամյա երկրպագուն ապրել է Չինաստանի արեւելքում գտնվող Սուչժոու քաղաքում: Նրա մարմինը գտել են շաբաթ օրն առավոտյան հեռուստացույցի առջեւ: Նշենք, որ դրանից ժամեր առաջ ավարտվել էր Իսպանիայի եւ Նիդեռլանդների հավաքականների խաղի հեռարձակումը: Դիակը զննած բժիշկները հաստատել են, որ մահը վրա է հասել քնի պակասի պատճառով: Ժամանակային տարբերության պատճառով Չինաստանի բնակիչները, ովքեր ցանկանում են ուղիղ եթերով դիտել աշխարհի առաջնության խաղերը, ստիպված են չքնել գիշերները:




Լրահոս