Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից arnmur.am-ին տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեին:Ողջունելով հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները և մեծ նշանակություն է տալիս երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և բազմաբնույթ համագործակցության դինամիկ ու շարունակական զարգացմանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը շահագրգիռ է բոլոր ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, ռազմական և այլ, խորացնելու հարաբերությունները բարեկամ Գերմանիայի հետ:Նախարար Գիդո Վեստերվելլեն ևս գոհունակությամբ է խոսել հայ-գերմանական հարաբերությունների մասին, նշելով, որ երկու երկրները սերտորեն աշխատում են երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ և փոխադարձ վստահությամբ են վերաբերում միմյանց: Գերմանիայի արտգործնախարարի խոսքով, Հայաստանի եւ Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի այս հոբելյանական տարում իր երկիրը ցանկանում է մինչև այժմ եղած ձեռքբերումների հիման վրա ընդլայնել և զարգացնել երկկողմ հարաբերությունները:Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլն ու հեռանկարները, տարածաշրջանային մարտահրավերներն ու խնդիրները: Երկուստեք կարևորվել է նաև Գերմանիայի հետ համագործակցությունը Հայաստանի եվրաինտեգրման համատեքստում՝ նկատի առնելով Գերմանիայի առանցքային դերը Եվրոպայում և եվրակառույցներում:




Լրահոս