Ադրբեջանի դիվերսանտի կրակոցից զոհված հայ մայորը սեպտեմբերից պետք է թոշակի անցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան` ժամը 20-ի սահմաններում, Ադրբեջանի դիվերսիոն խմբի անդամներից մեկի արձակած կրակոցից զոհված հայկական բանակի մայոր, 1972 թվականին ծնված Սարգիս Աբրահամյանը Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ էր:

Armlur.am-ի հետ զրույցում Ծովինարի համայնքապետ Մհեր Մարտոյանը հայտնեց, որ մայոր Աբրահամյանը, 20 տարի է, ծառայության մեջ էր և սեպտեմբերից պետք է թոշակի անցներ: Մեկ տարի առաջ Սարգիս Աբրահամյանը կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ տեղափոխվել էր Քարվաճառ, իսկ ծնողներն ու հորեղբայրները շարունակում են Ծովինարում բնակվել:

«3 անչափահաս երեխա ունի՝ 2 տղա, 1 աղջիկ: Մեծը 15 տարեկան է: Հանգիստ բնավորությամբ, հայրենիքին նվիրված մարդ էր, ում կորուստը ողջ գյուղի համար է մեծ վիշտ: Բոլորս ենք սգում նրա մահը: Վերջին շրջանում Սովետաշենում էր ծառայում: Մեկ տարի է` Քարվաճառ էին տեղափոխել»,- պատմեց գյուղապետը:

Հիշեցնենք, որ դիվերսիոն հարձակման ժամանակ հրազենային վիրավորում է ստացել նաև 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը, ով այսօր «Մուրացան» զինվորական հոսպիտալում վիրահատվելուց հետո գտնվում է կայուն ծանր վիճակում:

Տաթև Հարությունյան




Լրահոս