Ն.Կճոյանն ու Տ.Սարգսյանը կհարցաքննվե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանն արդեն երեք անգամ հարցաքննվել է:

Սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նա ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները չի նշել:

Armlur.am-ի հետ զրույցում գործարար Փայլակ Հայրապետյանը հայտնեց, որ իր և Ա.Սուքիասյանի միջև առերեսում է լինելու, ինչի մասին նրան տեղեկացրել է գործով քննիչը: Փայլակ Հայրապետյանը հիշեցրեց, որ իրեն առաջին անգամ հարցաքննել են երկու տարի առաջ, իսկ երկրորդ անգամ` հունիսի 20-ին, երբ Աշոտ Սուքիասյանին Վրաստանից արտահանձնեցին:

«Հիմա տեսնենք` Կճոյանին ու վարչապետին հարցաքննության կկանչեն, թե ոչ: Եթե գործի օրենքը, ապա նրանց էլ պետք է հարցաքննեն»,- շարունակելով խոսքը` ասաց գործարարը:

Գործարարի հարցին պատասխան տալու համար փորձեցինք կապ հաստատել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ, ով հրաժարվեց խոսել այդ թեմայի շուրջ` հորդորելով այլևս չխառնվել քննության ընթացքին և իրեն այդ հարցով այլևս չդիմել:

Իսկ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, կարծում ենք, ԱՄՆ-ից «բերման չեն ենթարկի» հարցաքննելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսից ՀՀ Քննչական գխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում նախորդ տարվա հունիսից Սուքիասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործարար Ա.Սուքիասյանին ձերբակալել էին սույն թվականի փետրվարի 1-ին` Թուրքիայից Վրաստան ժամանման ընթացքում, իսկ արտահանձնման մասին որոշումը Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել է հունիսի 3-ին: Նշենք նաև, որ 2009 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջև, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ ամբողջ անշարժ գույքը և «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել  էր Աշոտ Սուքիասյանին: Վերջինս այդ գումարը վերցնելով` փախել էր Հայաստանից:




Լրահոս