Սերժ Սարգսյանի իշխանավարման անվտանգության գինը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած  Հովիկ Աբրահամյանն օրերս խոստացավ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության շուրջ «առավել հստակ տեղեկություններ հայտնել Դմիտրի Մեդվեդեւի հետ  հանդիպումից հետո»՝ իմիջիայլոց նաեւ հիշատակելով, որ  իրենից հետո   Վ. Պուտինի հետ հանդիպելու է նաեւ Ս. Սարգսյանը, այդուհանդերձ ՌԴ վարչապետի  հետ  հանդիպման պաշտոնական հաղորդագրությունում  ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ    հստակ ոչինչ չկար:

Ըստ ամենայնի, որեւէ հստակություն չի լինի նաեւ առաջիկայում կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո, թեեւ` դեռ հարց է, թե երբ, եւ արդյոք այդ հանդիպումը կկայանա: Այն, հիշեցնենք, նախանշված էր հուլիսի 3-ին, եւ հետաձգվեց` առանց  որեւէ  հրապարակային պատճառաբանության: Ինչեւէ.  վերհիշելով, թե ինչպիսի ակնկալիքներ  կային  ընդամենը մեկ տարի առաջ` անցած հուլիսին, դժվար է կանխատեսել,  թե ինչ կլինի մեկ տարի հետո: Սակայն մեկ տարվա հեռավորությունից, թերեւս, կարելի է որոշ դիտարկումներ անել այն մասին, թե ինչ կարող էր լինել, եթե Սերժ Սարգսյանը  համարձակվեր ռուսներին «ոչ» ասել:

Սակայն մինչ այդ` ամրագրենք, որ նման ճակատագրական շրջադարձ կատարելու  եթե ոչ միակ, ապա  առաջնային շարժառիթը  Սերժ Սարգսյանի համար  սեփական իշխանությունը կորցնելու վտանգն էր, որն էլ կանխելու նպատակով  նա սեպտեմբերի 3-ին` Պուտինի հետ կեսժամանոց առանձնազրույցից հետո ասաց` «այո, իհարկե այո»: Եվ  անվտանգության մասին կիսաբերան հիշատակումներն, իրականում  վերաբերում էին ոչ թե Ղարաբաղին, այլ հենց երկրի ներքին, կամ ավելի ճիշտ` Սարգսյանի  պաշտոնավարման անվտանգությանը:

Խնդիրն այն է, որ Ս. Սարգսյանի թիկունքը խիստ խախուտ էր, եւ ցանկացած պահի ռուսները կարող էին Հայաստանում  իշխանափոխություն իրականացնել: Սկսած  ԲՀԿ-ից  եւ  Դաշնակցությունից, ավարտած`  Պուտինի հասցեին  ոչ մի թթու խոսք ասել չթույլատրող Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ով` ՀՀ ողջ քաղաքական դաշտը  պրոռուսական էր, անգամ ամերիկամետ Րաֆֆի Հովհաննիսյանն էր  մեկնում Կրեմլ` իր «հաղթանակը բերելու»: Ինչ վերաբերում է   ԱԺ քաղաքական մեծամասնությանը ` ի դեմս ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի, ապա վերջինիս դեպքում բավական էր Արթուր Բաղդասարյանին զանգահարեր Պատրուշեւի օգնականը, իսկ հանրապետականների ցուցակներն էլ, ինչպես հայտնի է, տեւական ժամանակ կազմել էր  Ռոբերտ Քոչարյանը:

Եթե այս ամենին գումարենք նաեւ այն, որ ՀՀ քաղաքացիների  կեսից ավելին գոյատեւում է  ՌԴ-ում աշխատող հարազատի ուղարկած փողերով, ակնհայտ է, որ ցանկության դեպքում Ազատության հրապարակը ժամերի ընթացքում կլցվեր «կրիտիկական զանգվածով», որից հետո արդեն իշխանափոխությունն ընդամենը տեխնիկայի հարց կլիներ:

Այնպես որ` Ս. Սարգսյանն իրավացի էր, երբ ասում էր, որ Հայաստանը չի կարող  անվտանգության խնդիրները  կապել մի բեւեռի, իսկ տնտեսական հարցերը` մեկ այլ բեւեռի հետ: Մի տարբերությամբ, որ խոսքը ոչ թե երկրի, այլ սեփական աթոռի անվտանգության մասին էր:




Լրահոս