Հուլիսի 16-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ժեհակին: Վերջինս նոր է նշանակվել այդ պաշտոնում և, ԱԻ կառավարման ոլորտում հարուստ փորձ ունենալով, ցանկություն էր հայտնել ծանոթանալու ԱԻՆ գործունեությանն ու քննարկելու համագործակցության հետ կապված հարցեր:
Ողջունելով հյուրին` Հ. Մխիթարյանը համառոտ ներկայացրեց ԱԻ նախարարության կառուցվածքը, առաքելությունն ու ձեռքբերումները: Փոխնախարարն ընդգծեց, որ ԱԻՆ առաջընթացի մեջ զգալի դերակատարում են ունեցել նաև միջազգային գործընկերները:
Հանդիպմանը մասնակցող ՍՊԾ գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին պատմեց Սպիտակի երկրաշարժից քաղած դասերի, դրանից հետո սեյսմիկ պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցության մասին:
Ռադոսլավ Ժեհակը նշեց, որ ուրախ է տեսնել, որ հիմնադրամի հետ փոխգործակցությունը գտնվում է նման բարձր մակարդակի վրա.
– Աշնանը մենք սկսում ենք 2016-2020 թթ. աշխատանքային ծրագրի մշակումը, և լավ կլինի, որ մեր համագործակցության բոլոր ուղղությունները ներառվեն այդ ծրագրում: Հաշվի առնելով ԱԻՆ կարողությունները և մինչ հիմա գրանցված արդյունքները` Հայաստանում իրականացված աշխատանքները կարող են օրինակելի լինել մյուս երկրների համար:
ԱԻ փոխնախարարը հավատացրեց, որ ԱԻ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել բոլոր հնարավոր ուղղություններով և երեխաների անվտանգության, շահերի ու իրավունքների պաշտպանության խնդիրները մշտապես պահում է ուշադրության կենտրոնում: