Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Արթիկ ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել ամբաստանյալ Արտակ Կարապետյանը, ով մեղադրվում է շտապբուժօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանելու մեջ: Ամբաստանյալը նաեւ կարել էր բերանը եւ հայտարարել, որ մի շարք պահանջներ է առաջադրել եւ միայն դրանք կատարելուց հետո դուրս կգա հացադուլից: Մասնավորապես պահանջում է, որ կատարվի արտաշիրիմում, տեղի ունենա արդար դատաքննություն եւ այլն: Հայտնի է, որ ամբաստանյալը երեկ դուրս է եկել հացադուլից: «Երբ ես հանդիպեցի նրան, բերանի կարերն արդեն քանդել էր, վիճակը լավ էր: Մենք զրուցեցինք, ու ես բացատրեցի, որ նրա չներկայանալու պատճառով ամեն անգամ դատական նիստը կարող է հետաձգվել, բայց մենք պետք է մի շարք կարեւոր գործողություններ կատարենք»,-փոխանցեց նրա շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը: Փաստաբանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստի ժամանակ միջնորդություն են ներկայացնելու լրացուցիչ համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: «Եթե փորձագետները պարզեն, որ անհրաժեշտ է արտաշիրիմում կատարել, դա արդեն նրանց խնդիրը կլինի: Մեր պահանջն է լինելու դեղերի հետ կապված փորձաքննություն իրականացնել»,-եզրափակեց փաստաբանը: Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը կասկածներ ունի, որ Ա. Գրիգորյանին դեպքի օրը դեղամիջոց են ներարկել, ինչը եւ բժշկի մահվան պատճառ է դարձել: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 26-ին:
Գյումրի