ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՐԳՈՐԾ՝ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ

Երեկվա համարում «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ իրավապահները զբաղվում են ՀՀ բնապահպանության նախարարությամբ (ԲՆ), քանի որ կասկածներ ունեն, որ այն ջրօգտագործման անխնա թույլտվություններ է տվել, բնությունը չի հասցնում վերականգնել ջրային պաշարները, ինչի արդյունքում Արարատի մարզում ընդերքի մի հատված դատարկվել է:

Այն, որ այս իրավիճակը ՀՀ ազգային անվտանգության հարց է, երկրորդ կարծիք լինել չի կարող, քանի որ գործ ունենք Երկիր մոլորակի վրա ամենաթանկ արժեքի՝ քաղցրահամ խմելու ջրի հետ, որը տարիներ անց թերեւս նավթից առավել բարձր է գնահատվելու: Պարզվում է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու իր շատ ենթականեր այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում: Բայց ԲՆ-ի գործունեությանը կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակման մեջ: Այժմ տեղեկացնենք, թե ինչ նշանակություն ունի Արարատյան արտեզյան ավազանը, որի մասին քննարկումներն ԱԺ-ում վերածվեցին «ձկնաբուծարանային սկանդալի»՝ իրականում առկա լրջագույն խնդրից ուշադրությունը շեղելու թաքուն մղումներով:
Եվ այսպես, այդ ավազանը ջուր է մատակարարում ե՛ւ ոռոգման, ե՛ւ խմելու, ե՛ւ ձկնային տնտեսություններին սպասարկելու, ե՛ւ արտադրական նպատակներով Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու տարածքների համայնքներին: Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը, տեղեկացնենք, որ միայն ձկնային տնտեսություններն օգտագործում են տարեկան մոտավորապես այնքան ջուր (1 մլրդ 200 մլն խմ), որքան թույլատրված է ավազանից ջուր վերցնել ընդհանրապես (սրանք ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի ներկայացուցչի կողմից հրապարակված թվեր են): Ու եթե սրան գումարում ենք ոռոգման, խմելու, արտադրական եւ այլ նպատակներով օգտագործվող ջրերի ծավալը, ստացվում է, որ Արարատյան դաշտավայրի ընդերքի մի հատված այսօր դատարկ է. բնությունը չի հասցնում վերականգնել ջրային պաշարները: Այս իրավիճակի արդյունքում խախտվել է դաշտավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, պակասել է գյուղատնտեսական նշանակության հողերի բերքատվությունը, սկսվել էրոզիա: Բացի այդ՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է պատահել անգամ փոքր ցնցման դեպքում:
Տեղեկացնենք, որ 2008-ին ԲՆ-ն կատարել է գույքագրում եւ ուսումնասիրության արդյունքներով պարզել, որ Արարատի եւ Արմավիրի մարզերի համայնքները փականային ռեժիմ չունեն, ինչի հետեւանքով տարեկան 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը: Իսկ ընդհանուր հաշվարկով տարեկան ՀՀ-ից 1 մլրդ 770 մլն խմ ջուր է թափվում Արաքս գետը:
Այսպիսով՝ մի կողմից մեր երկիրը հսկայական քանակությամբ «թանկարժեք հեղուկ» է ուղղորդում դեպի հարեւան, բայց ոչ ամենեւին բարեկամ երկիր, մյուս կողմից էլ «Հայջրմուղ»-ն ու «Երեւանջուր»-ը մի ծորակի վրայի կնիքի բացակայության դեպքում տուգանում են ՀՀ քաղաքացիներին:
Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ բնապահպանության նախարարությունը 2008-ից մինչ օրս, ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկել՝ իրավիճակը շտկելու համար: Հարցերը տարբեր պատասխաններ ունեն, որոնք, թերեւս, կգտնեն դատախազությունն ու ոստիկանությունը:
«Ժողովուրդ»-ը փորձեց նախ գլխավոր դատախազությունից պարզել, թե ինչ հիմքով է քրեական գործ հարուցվել Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարներն օգտագործելու համար: Դատախազությունից հայտնեցին, որ քրգործը հարուցվել է ՀՀ քր. օր.-ի 291-րդ հոդվածի հատկանիշներով, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը: Տեղեկացնենք, որ այդ հոդվածը վերաբերում է ընդերքի պահպանման ու օգտագործման կանոնների խախտմանը, որը բավական մեղմ պատիժ է սահմանում՝ տուգանքից մինչեւ առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկում: Փաստորեն, հանրապետության մի մասի ջրային պաշարները ոչնչացնելը կամ առնվազն վտանգելը գլխավոր դատախազն առայժմ այդքան մեղմ արարք է համարում:
Ինչեւէ, դեռեւս նախորդ տարվա վերջից ՀՀ ոստիկանությունն ակտիվորեն հարցաքննում է ՀՀ ԲՆ աշխատակիցներին, Արարատի մարզում ջրօգտագործման թույլտվություն ունեցող եւ չունեցող ջրօգտագործողներին: Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանությունից, «25.12.2013թ. Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժին է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ստորգետնյա ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքներով տեղեկանք, որոնց արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզում առկա են 1379 խորքային հորեր, որոնցից ջրօգտագործման թույլտվություն ունեն միայն 467-ը, իսկ 912-ն ապօրինի են»: Թե երբվանից են շահագործվում այս խորքային հորերը, դեռ պարզվում է:
Միայն պաշտոնապես հայտնի է, որ ««Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի համաձայն` հանրապետության օգտագործելի ջրային ռեսուրսների ընդհանուր զանգվածում վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսները կազմում են 1 մլրդ խորանարդ մետր, սակայն կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ միայն Արարատի մարզում ջրառի ծավալը կազմում է 1 մլրդ 69 միլիոն 482 հազար 93 մետր խորանարդ, տարին: Այսինքն՝ ջրօգտագործողների կողմից թույլ է տրվել ստորգետնյա ջրային պաշարների գերշահագործում սահմանված առավելագույն շեմից ավելի, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին եւ դրանցում պարփակված օգտակար հանածո հանդիսացող ջրային պաշարներին»: Այսպիսով՝ ՀՀ ոստիկանությունն արձանագրում է, որ տեղի է ունեցել լրջագույն հանցագործություն, մեր երկրի ընդերքն անխնա դատարկվել է: Իսկ թե ով կամ ովքեր են մեղավորները, դեռ ոստիկանությունն էլ չի շտապում գաղտնազերծել: Բայց դատելով մինչ օրս հարցաքննվածների կարգավիճակից, Սերժ Սարգսյանի բառերով ասած՝ «մեծ ձկները» դեռ անձեռնմխելի են:
շարունակելի

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ ՈՒ ԶԱՐՄԱՑԱԾ

2013-ի դեկտեմբերի կոմունալ վճարումների չափը ՀՀ քաղաքացիներին գցել է շոկի մեջ: «Հայփոստ» ՓԲԸ-ի Երեւանի փոստային բաժանմունքներում մարդիկ չէին կարողանում թաքցնել իրենց զայրույթն ու զարմանքը: Երեկ «Ժողովուրդ»-ն այցելեց Երեւանում գտնվող մի քանի փոստային բաժանմունքներ, որտեղ խայտառակ իրավիճակի ականատես եղավ:
Միայնակ ապրող 67-ամյա Սուսաննա Ալեքսանյանը հունվարին ստացել է 39 հազար դրամ թոշակ: Սակայն 2013-ի դեկտեմբերի կոմունալ վարձերի՝ գազի եւ էլեկտրաէներգիայի համար վճարել է 32 հազար դրամ: «Աղջի՛կ ջան, դուրս եմ եկել փոստից ու չգիտեմ, թե ինչ անեմ: Ճամփես ոնց որ ծռված լինի: Անդադար մտածում եմ, թե ինչպես եմ անելու, ոնց եմ 7000 դրամով ապրելու մինչեւ մյուս թոշակ ստանալը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց տիկին Սուսաննան:
86-ամյա Վաչագան Ավետիսյանը, որն ապրում է իր թոշակառու կնոջ հետ, հունվարին ստացել է 52 հազար 600 դրամ թոշակ: Ամուսինների դեկտեմբեր ամսվա կոմունալ վարձերը կազմել են 48 հազար դրամ. «Ի՞նչ անենք, աղջի՛կ ջան: Երկուսս էլ պառավել ենք ու մրսում ենք: Հիմա էլ մտածում ենք, թե ինչպես ենք ապրելու: Այսպես է մեր կառավարությունը մտածում մեր մասին: Երեւի մեր վերջին 5 հազար դրամն էլ տամ մեր նախարարներին»:
Նշենք, որ քաղաքացիների մեծ մասի կոմունալ վճարումները կազմում էին 60, 80, 100 հազար դրամ եւ ավելի: 73-ամյա Գրիգոր Սարգսյանը 38 հազար դրամ թոշակ է ստացել, բայց կոմունալ վարձերի համար վճարել է 62 հազար դրամ. «Իսկ տնեցիք սոված նստած են: Երիտասարդ աղջիկներս էլ բարձրագույն կրթություն ունեն, բայց արի՛ ու տե՛ս, որ այսօր աշխատանք չունեն»:
«Ժողովուրդ»-ի այցելության պահին մի շփոթված կին, որի ձեռքին թղթի կտոր կար, դուրս եկավ փոստից եւ բարձրաձայն հայտարարեց, որ գնում է որեւէ մեկից «տոկոսով գումար վերցնի». «Հարսս հղի է, հո չե՞մ ասելու՝ տնտեսի՛, քի՛չ վառի: Երդվում եմ, գնում եմ տոկոսով գումար տվող փնտրեմ: Ճար չկա, ի՞նչ անեմ: Տղաս էլ է աշխատում, բայց օրական 2500 դրամ աշխատավարձ է ստանում, դրանով հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում: Էս մի կտոր թղթի վրա գրել եմ, թե ինչքան պարտք ունենք, տանում եմ ընտանիքիս անդամներին ցույց տամ: Թող տեսնեն ու խելքները գլուխները հավաքեն, տաք շորեր հագնեն, թե չէ մեր մասին ո՞վ է մտածելու՝ բացի մեզանից»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՔԱՇՔՇՈՒԿ
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում զոհված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավարության առաջին նիստը 2013թ. դեկտեմբերի 20-ին չէր կայացել քրեական գործով մեղադրողի աներոջ մահվան պատճառով: Այն հետաձգվել էր մինչեւ 2014թ. հունվարի 15-ը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում երեկվա դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ, Երեւանի բնակիչ Դավիթ Խաչատրյանի երկու պաշտպանները, տուժող Հրաչյա Սարգսյանը: Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, դատարանին հայտնեց, որ իր առողջական վիճակը վատ է, նա դատարանին միջնորդեց, որպեսզի տուժողի իրավահաջորդի կարգավիճակում իրեն փոխարինի կինը՝ Լուիզա Ստեփանյանը: Դատավոր Զոյա Զաքինյանը բավարարեց այդ միջնորդությունը: Տիկին Լուիզան նստած էր` իր առջեւում դրված ունենալով որդու լուսանկարը: Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը չգիտեր, թե ինչու նիստին ներկա չէին իր պաշտպանները: Նա չկամեցավ, որ նիստը կայանա առանց իր պաշտպանների: Դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալի պաշտպանները տեղյակ են եղել նիստի տեղի եւ ժամանակի մասին, եւ 10 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պարզի պաշտպանների բացակայության պատճառը: Ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց՝ պաշտպաններն իրեն հայտնել են, որ իրենց ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհին վթարի է ենթարկվել: Դատավորը դարձյալ նիստը հետաձգեց եւ հաջորդ նիստը նշանակեց հունվարի 29-ին՝ ժամը 14-ին:
Լյուքս Ստեփանյանի հարազատները եւ համագյուղացիները վրդովված էին դատի հետաձգումից, նրանք չէին հավատում պաշտպանների ավտոմեքենայի վթարին՝ կարծիք հայտնելով, թե դա դատը հետաձգելու պատրվակ է: Դատարանի դահլիճում հնչում էին հարազատների զայրացած խոսքերը, նրանք փորձում էին մտնել դատարանի՝ կողմնակի անձանց համար արգելված գոտի եւ դատավորից պարզաբանումներ ստանալ պաշտպանների ավտոմեքենայի վթարի իսկության մասին: Արդյունքում քաշքշուկ սկսվեց Լյուքս Ստեփանյանի հարազատների եւ դատական կարգադրիչների միջեւ, հնչեցին հայհոյանքներ: Լյուքս Ստեփանյանի ծնողները, նրա հորեղբայրը բարձրացան դատարանի դահլիճի երկրորդ հարկ, հանդիպեցին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի եւ դատավոր Զոյա Զաքինյանի հետ: Շատ հուզված վիճակում նրանք պարզաբանումներ էին պահանջում պաշտպանների` դատարան չներկայանալու հետ կապված: Քիչ անց Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, փորձեց իրեն ցած նետել դատարանի երկրորդ հարկի միջանցքից: Դատական կարգադրիչները մի կերպ բռնեցին նրան: Առողջական վիճակը կտրուկ վատթարացած Ի. Ստեփանյանին բուժօգնություն ցուցաբերելու համար շտապօգնության խումբ հրավիրվեց: Իջեւանի բժշկական կենտրոնից ժամանած բժիշկները մեզ հայտնեցին, որ Իշխանի արյան ճնշումը կտրուկ բարձրացել է, հասել 200-ի: Ի վերջո, Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու համագյուղացիները դժկամությամբ լքեցին դատարանի դահլիճը` խոստանալով հաջորդ նիստին ավելի մեծ կազմով ներկայանալ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս