Ցանկացած պահի մեր հարևանները կարող են սադրանքներ կազմակերպել, ինչը կարող է վերածվել պատերազմի․ Ս. Օհանյան. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի և խմբակցությունների ղեկավարների հետ:

Մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո նախարարը պատասխանեց «Առաջին լրատվական»-ի մի քանի հարցերի:

Նախ՝ նա ասաց, որ ՀՀ խորհրդարանը պետք է տեղեկացված լինի այն իրավիճակից, որն այսօր առկա է ՀՀ բանակում և սահմանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում: «Ընդ որում՝ առաջին դեմքից: Ես ներկայացրեցի իրավիճակը, ներկայացրեցի մեր զինծառայողների հմուտ գործողությունները՝ ուղղված Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կազմակերպած սադրանքներին: Նրանց խղճի վրա են բոլոր այն զոհերը, որ տեղի են ունեցել երկուստեք: Նաև այն, որ 8-10 անգամ ավելի զոհեր տալով՝ նրանք մարդկային ճակատագրի նկատմամբ պատասխանատվություն չեն կրում:

Մենք քննարկեցինք, որպեսզի նաև ԱԺ խմբակցությունները, պատգամավորները մասնակից լինեն մեր պետական, նաև բանակային միջոցառումներին՝ համախմբելու բանակը, անձնակազմը, ոգևորելու մեր զինծառայողներին, այն ծնողներին, որոնց զավակները զոհվել կամ վիրավորվել են, նաև մտածելու նրանց ապագայի մասին»,- ասաց Ս. Օհանյանը:

Վերջին օրերին տեղի ունեցող դիվերսիոն գործողությունները, դրանց արդյունքում եղած աննախադեպ քանակությամբ զոհերի և վիրավորների առկայությունն արդյոք նշանակո՞ւմ են, որ մեր երկրում կրկին պատերազմական իրավիճակ է՝ հարցին պաշտպանության նախարարը պատասխանեց. «Առաջնային գծում իրավիճակը լարված է՝ անկասկած, ցանկացած ժամանակ մեր հարևանները կարող են սադրանքներ կազմակերպել, ինչը կարող է վերածվել պատերազմի: Բայց այսօր մենք, ՀՀ նախագահը, ռազմաքաղաքական ղեկավարությունը ամեն ինչ անում ենք, որ լարվածությունը հանդարտեցվի: Իսկ այս օրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գլոբալ առումով այսօր լայնամասշտաբ գործողությունների հիմք դեռևս չկա»:

Երեկ Բերձորից 100 հոգանոց կամավորականների խումբ է մեկնել Լեռնային Ղարաբաղի ճակատային գիծ: Հարցին՝ արդյոք վիճակն այնքան լո՞ւրջ է, որ արդեն կամավորականներին ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել, նախարարը պատասխանեց. «Գտնում եմ, որ այսօրվա բանակի ցանկացած զինծառայող ունի այն ռազմական վարպետության աստիճանը, գիտելիքները, հմտությունները, որոնք քիչ չեն, քան թե մեր փորձառու զինծառայողներն ունեն: Պարզապես մարտական գործողությունների փորձառությունը կարող է լրացնել և փորձառու զինծառայողի հմտությունները, անցած ճանապարհն ու այսօրվա զինծառայողի պատրաստության բարձր մակարդակը այն համաձուլվածքն է, որը կարող է միասնական հաջողություններ բերել: Նրանք գնացել են՝ ոգևորելու մեր զինծառայողներին: Բայց այս իրավիճակում բանակն առանց համալրման, առանց լուրջ մարտական պատրաստության բարձր աստիճանի բերման միջոցառումների՝ առկա ուժերով ի վիճակի է լուծել իր առջև դրված խնդիրները: Դուք տեսաք, որ մենք նախահարձակ ենք, և մեր կողմից տրված հարվածներն այնքան հուժկու են, որ նրանք պետք է խելքի գան»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս