Քննարկվել է «Նորավանք» հիմնադրամի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի շրջանակում քննարկվել է հիմնադրամի հնգամյա՝ 2009-2014 թթ. գործունեության հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանն ամփոփ ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում hիմնադրամի հայագիտական, քաղաքական եւ տեղեկատվական կենտրոնների կատարած աշխատանքներն ազգային անվտանգության եւ սփյուռքի հիմնախնդիրների վերաբերյալ։

Նշված թեմաներով 2009-2014 թթ. հրատարակվել են 31 գիրք, 4 հատուկ զեկույց, 134 ամսագիր, 600 փորձագիտական հոդված, կազմակերպվել են 9 միջազգային գիտաժողով եւ 59 սեմինար, ինչպես նաեւ հիմնադրամի աշխատակիցները հանդես են եկել 123 զեկույցով տարբեր երկրներում կազմակերպված գիտաժողովներում։ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված զեկույցը:

Մեկ այլ հարցով խորհուրդը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է Գագիկ Հարությունյանի թեկնածությունը: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Հարությունյանին եւ հորդորել առավել արդյունավետ աշխատել: Վարչապետը կարեւորել է կատարվող ուսումնասիրությունների եւ հետազոտությունների հիման վրա ոչ միայն առկա խնդիրների վերհանումը, այլեւ համապատասխան առաջարկությունների մշակումը եւ ներկայացումը:

Նիստում արծարծվել են նաեւ հիմնադրամի գործունեության ուղղությունների, մոտեցումների, ինչպես նաեւ հոգաբարձուների խորհրդի կազմի վերանայմանը վերաբերող մի շարք հարցեր: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքային խմբի ձեւաչափով քննարկել եւ մինչեւ սեպտեմբեր ներկայացնել հիմնադրամի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող առաջարկություններ:




Լրահոս