Պուտինի հետ հանդիպումների հաջորդականությունը Հայաստանի օգտին չէ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին պատերազմի սպառնալիքից մտահոգված հայ հանրությունը հույսեր է փայփայում, որ վաղը Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքը կլինի առնվազն սահմանային լարվածության երկարաժամկետ նվազեցումը: Թեեւ` փորձագիտական շրջանակներն էլ մտավախություն են հայտնում, որ դա կարող է լինել Պուտինի կողմից շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման պարտադրանքի արդյունքում:

Մի բան պարզ է. հենց օգոստոսի 8-ին` ռուս վրացական հնգօրյա պատերազմի տարելիցի օրը «խաղաղասերի մանտիան» հագնելով` Ռուսաստանը փորձելու է աշխարհին ցույց տալ, որ ժամանակ առ ժամանակ տարբեր սուվերեն պետությունների` Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքներ ներխուժելուց զատ, կարող է նաեւ հանդես գալ որպես խաղաղության ջատագով:

Ռուսների ջանքերն առավել կարեւորվում են` հաշվի առնելով այն, որ մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդին այդպես էլ չհաջողվեց կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Եւ հիմա` լարվածության այս էսկալացիայի ֆոնին, կարողանալով հասնել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահների համաձայնությանը` Սոչիում կայանալիք հանդիպման շուրջ, Ռուսաստանն այդպիսով ի ցույց է դնում իր ազդեցության չափը Հարավային Կովկասում:

Սակայն ամբողջ խնդիրն էլ այն է, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպում, իբրեւ այդպիսին, չի կայանալու: Համենայնդեպս` մինչ օրս երկու երկրների նախագահների՝ դեմ առ դեմ հանդիպման մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Իհարկե, Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ հայտարարեց, որ Սոչիում կկայանա Սարգսյան-Ալիեւ հանդիպում, սակայն, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի` նման կարեւոր հարցերի շուրջ հնչեցրած հայտարարությունները հաճախ իրականություն չեն դառնում: Եվ դատելով ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի` դրան հաջորդած հայտարարությունից, սա եւս հենց այդ դեպքերից է: Լավրովը, հիշեցնենք, հայտնեց, որ Սոչիում կլինի երկու առանձին հանդիպում Պուտինի հետ. սկզբում կկայանա Պուտին-Սարգսյան, ապա` Պուտին-Ալիեւ հանդիպում:
Թե ինչ նպատակ է հետապնդում Պուտինը` խաղալով «փչացած հեռախոսի դեր», ակնհայտ է. նա փորձելու է կողմերից առանձին-առանձին պոկել առավելագույնը, եւ, թերեւս, կարելի է չկասկածել, որ այդ ֆորմատը հենց Պուտինի ցանկությամբ է ընտրվել: Դժվար թե Իլհամ Հեյդարովիչը համարձակվեր մերժել իր «ռազմավարական գործընկերոջը», եթե նա խնդրեր:

Այդուամենայնիվ, չբացառելով Ալիեւի քմահաճությունն այս հարցում` նկատենք, որ հանդիպումների հաջորդականությունը Հայաստանի օգտին չէ: Փաստորեն` ի սկզբանե լսելով Ս. Սարգսյանին` Պուտինը Ալիեւին է ներկայացնելու Հայաստանի առաջարկը, որն ըստ տրամաբանության` պետք է պարունակի զիջման բաղադրիչներ: Մինչդեռ պատերազմով սպառնացող եւ վերջին հարձակումները նախաձեռնած կողմը` Ադրբեջանը պետք է դրանք լսի եւ որոշի ընդունել, թե ոչ:




Լրահոս