ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում

Երեկ Սերժ եւ Ռիտա Սարգսյաններն Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությանը: Հետաքրքիր է, Ս. Սարգսյանը չի՞ վախեցել դուրս գալ հասարակության մեջ: Չէ՞ որ նա ՀՀ քաղաքացիների հետ հաղորդակցվելու ֆոբիա ունի:

 

 

ՀԱՐՑ. Ես ուսանող եմ եւ միաժամանակ աշխատում եմ հագուստի խանութում, բայց այնտեղ որպես աշխատող հաշվառված չէմ: Ինձ շտապ գումար է անհրաժեշտ, եւ ուզում եմ որեւէ բանկից վարկ վերցնել: Խնդրում եմ ասել, թե որտեղից կարող եմ վարկ վերցնել:

Անի Կարապետյան (24 տարեկան, ուսանող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անհրաժեշտ է բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն ներկայացնել դիմում (հայտ, պահանջ) վարկային պայմանագիր կնքելու վերաբերյալ, որից հետո վարկատուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն), ձեր ներկայացրած փաստաթղթերը ուսումնասիրելով, գնահատում է ձեր վարկունակությունը, որոշում է կայացնում ձեզ հետ վարկային պայմանագիր կնքելու կամ վարկային պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումը (հայտ, պահանջ) մերժելու վերաբերյալ:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն, եթե մարդուն շտապ գումար է հարկավոր, ապա բանկը դեռ երկար-բարակ պետք է մտածի, ստուգի տվյալ անձի վարկունակությունը, վարկային պատմությունը եւ մի շարք այլ փաստաթղթեր պահանջի, որից հետո նոր միայն կա՛մ կտրամադրի, կա՛մ կմերժի նրա դիմումը: Իսկ տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքների մասին խոսելն ավելորդ է:

 

 

ՀԱՐՑ. Զոհված ազատամարտիկի կին եմ, աղջկաս ամուսնացնելուց հետո եմ իմացել, որ հաստատված որոշում կա, որի հիման վրա զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներն ամուսնության ժամանակ կարող են հարյուր հազար դրամ միանվագ գումար ստանալ: Ես իրավունք ունե՞մ հիմա դիմել պաշտպանության նախարարություն: Եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Լենա Մխիթարյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշման պահանջներից ելնելով, ՀՀ պաշտպանության նախարարի 04.03.2008թ. թիվ 255 հրամանով հաստատված կարգի համաձայն՝ զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների երեխաների ամուսնության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվում է 100.000 դրամ միանվագ օգնություն, իսկ վճարումը կատարվում է նույն հրամանով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
Ինչ վերաբերում է նախկինում գրանցված ամուսնության կապակցությամբ դրամական օգնություն ստանալուն, ապա, համաձայն վերը նշված որոշման եւ հրամանով հաստատված կարգի, ամուսնության կամ մահվան դեպքում նախատեսված դրամական օգնության գումարը տրվում է տվյալ տարվա ընթացքում տեղի ունեցած ամուսնությունների կամ մահվան դեպքում՝ քաղաքացու դիմումի համաձայն:
ՀՀ պաշտպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, տիկին Լենան դժվար թե կարողանա ստանալ միանվագ օգնությունը, քանի որ աղջկա ամուսնությունից որոշակի ժամանակ է անցել: Վատ է, որ նման իրավիճակներում համապատասխան մարմինները քաղաքացիներին ժամանակին չեն տեղեկացնում իրենց իրավունքների մասին:

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը անցնում է հղիության արձակուրդի, ապա բժշկական կազմակերպության կողմից տրված անաշխատունակության թերթիկից բացի՝ պարտադի՞ր է դիմում ներկայացնել, թե՞ ոչ:

Սուսաննա Սարգսյան (30 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի կարգավորում անհատական աշխատանքային հարաբերությունների առաջացման, փոփոխման կամ դադարման համար անհրաժեշտ, աշխատողի դիմումին առնչվող հարցեր, որը, թեեւ գործնականում, որպես կանոն ներկայացվում է: Ինչ վերաբերում է կոնկրետ հարցադրմանը, ապա ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 2011թ. N 1024-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ վարձու աշխատողին տրվող հղիության եւ ծննդաբերության նպաստը վճարվում է գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա…
Ինչպես նշված, այնպես էլ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, իհարկե, ենթադրվում է, որ գործատուի կողմից աշխատողին վերաբերող անհատական ակտի ընդունման հիմք պետք է հանդիսանա աշխատողի դիմումը, որը կապահովի կադրային փաստաթղթավորման տրամաբանական ամբողջականությունը, մեր կողմից քննարկվող համատեքստում` վարձու աշխատողին նպաստի վճարման՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետի պահպանման նկատմամբ հսկողության հնարավորությունը: Այսպիսով՝ վերը նշվածի եւ դիմումի անհրաժեշտության հիման վրա առաջարկում ենք, որ գործատուն դրա ներկայացման պահանջ սահմանի իր ներքին կարգապահական կանոններով (հիմք՝ ՀՀ ԱՕ 218-րդ հոդվածի 2-րդ մաս), որի գործողության դեպքում աշխատողի կողմից դրա ներկայացումը կհամարվի պարտադիր:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով մեր երկրում ամեն րոպե մարդկանց քաշքշուկի մեջ գցելու սովորույթները, ցանկալի է ներկայացնել ե՛ւ դիմումը, ե՛ւ անաշխատունակության թերթիկը:




Լրահոս