Ինչո՞ւ է Կարմիր խաչը Հ. Ինջիղուլյանի նամակը 3 օր ուշ հանձնել հարազատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին նամակ է հանձնել նրա կողմից:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Ինջիղուլյանի եղբայրը` Հարությունը, այս անգամ, ի տարբերություն նախորդ նամակի, այս մեկում ջնջված տողեր չեն եղել, սակայն, գերու եղբոր փոխանցմամբ, զարմանալին այն էր, որ ԿԽՄԿ-ն օգոստոսի 6-ին է այցելել Ինջիղուլյանին, իսկ նամակն իրենց է փոխանցել 3 օր անց:

«Փաստացի Կարմիր խաչը գաղտնի է պահել Հակոբի նամակը, և անգամ պարզաբանում չենք ստացել, թե ինչու են նամակն ուշ մեզ հանձնել»,- ասաց Հարություն Ինջիղուլյանը:

Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, ապա Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը հայտնեց, որ այն կրկին նույնն էր, և նամակում նշվում էր երրորդ երկիր գնալու մասին:

«Կարմիր խաչից մեզ հայտնեցին, որ շատ մոտ ապագայում երրորդ երկիր գնալու հարցը կիրականանա: Եվ ասացին նաև, որ հիմա այդ հարցով ավելի շատ են սկսել զբաղվել»,- շարունակելով խոսքն` ասաց Հարությունը` հավելելով, որ իրենք այս պահին ավելի շատ ՊՆ-ի հետ են հույս կապում, քան Կարմիր խաչի, քանի որ վերջին շրջանում նախարարության հետ ավելի շատ են համագործակցել:

Ռազմագերու եղբոր գնահատմամբ` Կարմիր խաչին ամեն անգամ դիմելիս` լսում են միայն հետևյալը. «Մենք Ձեզ օգնել չենք կարող, մեզ այդպիսի կամ այնպիսի հարցերով մի՛ դիմեք»:

«Կարմիր խաչն իր դիրքերից շատ է իջել: Իսկ վերջին շրջանում կատարվող իրադարձությունները` գերիների կամ դիվերսանտների հետ կապված, չեմ կարծում, որ ինչ-որ ձև կազդեն Հակոբի վրա: Եթե անգամ նրան փորձեն վնասել, դա կդիտարկվի որպես վրեժխնդրություն»,- մեկնաբանեց Հարություն Ինջիղուլյանը:

Վերջինս հայտնեց նաև, որ սովորաբար Հակոբի նամակներում նկարներ չեն լինում, բացառությամբ մի դեպքի, որտեղ նրա վիճակն այնքան էլ վատ չէր:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը 23-ամյա զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով` հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:




Լրահոս