ԲՀԿ-ական պատգամավորը Սոչիի հանդիպումից ոչինչ չի հասկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքն արդեն ՀՀ պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է, որ իր ջոկատը պատրաստ է ցանկացած պահի սահմանային դիրքեր մեկնել: Պատգամավորի կարծիքով՝ պետք չէ ձևական համազգեստ հագնել եւ դիրքեր մեկնել սեփական PR-ի համար:

Պարոն Գասպարյան, տեղեկություններ կան, որ Դուք ցանկանում եք Ձեր ջոկատի հետ շփման գիծ գնալ: Ե՞րբ եք պատրաստվում մեկնել դիրքեր:

-Ես այսօր էլ պատրաստ եմ դիրքեր մեկնել, բայց այսօր որևէ մեկը չի կարող ինքնագլուխ գնալ դիրքեր: Հիմա ես պատրաստ եմ, հավաքել եմ տղաներին ու երբ որ նախարարը կզգա, որ մեր օգնությունը, մեր ներկայությունը պետք է այնտեղ` մենք հենց այդ ժամանակ էլ պատրաստ ենք մեկնել: Արդեն դիմել ենք նախարարությանը, հայտնել, որ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում շփման գիծ մեկնել եւ կատարել ցանկացած հանձնարարություն: Իմ ջոկատի տղաները ընդգրկված են այն ցանկում, որոնք պատրաստ են սահման մեկնել: Կան նաեւ կամավորներ, ովքեր ծառայել են հայոց բանակում, բայց պատերազմ տեսած չեն, ես իրենց չեմ ընդգրկել իմ ջոկատի կազմում, այլ ընդգրկվել են այն տղաները, ովքեր փորձառու են, պատերազմ են անցել:

-Նշվում է նաեւ, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպության անդամները եւս սահման մեկնել ցանկացողների ցուցակում են:

-Կառույցը միանշանակ պատրաստ է, բայց սա առանձին է ու ես այժմ խոսում եմ իմ ջոկատի մասին, ես կառույցի մասին չեմ խոսում:

-Տեղեկություններ կան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) ու Ձեր միջեւ մրցակցություն է սկսվել, թե ում ջոկատը կմեկնի շփման գիծ: Ու դա է պատճառը, որ այսօր յուրաքանչյուրդ առանձին եք ցանկանում սահման մեկնել: Ի՞նչ է կատարվում իրականում եւ ինչի՞ց են առաջացել Ձեր եւ Ռ. Գեւորգյանի տարաձայնությունները:

-Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե Ռուբեն Գեւորգյանն ինչ է ասել, դե բնական է, եթե հարկ լինի՝ ինքն էլ կգնա, բայց դե առանձին-առանձին գնալն էլ ես չեմ հասկանում… այսինքն, եթե այսօր նախարարը գտնում է, որ պետք է, ապա բնական է, որ դա պետք է կոորդինացված արվի, որեւէ մեկն ինքնագլուխ չի կարող որեւէ բան անել: Եթե նպատակահարմար գտնում են, որ ես իմ ջոկատով պետք է դուրս գամ որեւիցե մի հատված, ուրեմն այդպես էլ կանենք: Իհարկե, սա այն վիճակը չէ, որ գնում ենք կռվելու, գնում ենք մեր երեխաների հետ խոսենք, շփվենք, դուխ տանք, պետք եղած ժամանակ կողքներին նստենք, եթե անհրաժեշտ է ինչ-որ գործողության՝ դա էլ անենք: Կարող է՝ Ռուբեն Գեւորգյանը մեկ այլ ուղղությամբ է… ես չգիտեմ, չեմ կարող ասել: Ես իմ ջոկատն եմ հավաքել, եթե անհրաժեշտություն կա, ես իմ ջոկատով պատրաստ եմ, իմ տղերքը բոլորն էլ գնալու հայտ են ներկայացրել: Ու կարծում եմ, որ այդտեղ որեւէ խնդիր չկա:

-Իսկ ըստ Ձեզ, այսօր առաջնագծում իրավիճակն իսկապե՞ս այդքան լարված է, որ պետք է ջոկատներով մեկնեք այնտեղ:

-Կարծում եմ՝ այսօր հաստատ դրա կարիքը չկա, ես բազմից ասել եմ ու կրկնում եմ, որ մեր բանակն ամուր կանգնած է դիրքերում, ուղղակի անփորձ երեխաներ են, փառք իրենց, բայց իրենք իրենց առջեւ դրված յուրաքանչյուր խնդիր մակարդակով կատարում են ու մենք ինքներս էլ տեսնում ենք հակահարվածները Ադրբեջանին: Ուղղակի մեր ցանկությունն է դա, ու եթե անհրաժեշտ էª մենք պատրաստ ենք դիրքերում երեխաների կողքին լինել եւ ոչ թե, որ մեր հայոց բանակի ուժերը չի հերիքում ու պետք է մենք գնանք իրենց կողքին լինենք: Բայց եթե հնարավոր է մեր շնորհիվ մի հարցի հետ կապված ուղղություն տալ, դուխը բարձրացնել, ապա կարելի է նրանց կողքին լինել: Ի վերջո, մենք էլ իրենց ծնողների տարիքի ենք, եթե իրենց ծնողներն իրենց կողքին լինեն իրենք ինչքան լավ կզգան, չէ՞, ընդամենը դա է խնդիրը:

-Տեսակետ կա նաեւ, որ պետք չէ նման առաջարկներով հայոց բանակի վարկանիշը գցել: Չե՞ք կարծում, որ իսկապես այսօր շատերն իրենց սահմանային այցերով եւ սահման մեկնելու առաջարկներով փորձում են ընդամենը սեփական վարկանիշը բարձրացնել հասարակության շրջանում:

-Գիտեք ինչ, մենք այսօր PR-ի խնդիր չունենք, մենք երկար ճանապարհ ենք անցել:Մեզ արդեն ճանաչում են ու այն ժամանակ էլ մենք PR-ի մասին չենք մտածել, երբ ջոկատ ենք հավաքել ու գնացել պատերազմի դաշտ, այդ ժամանակ ազգի խնդիրն էր դրված, մեր հողի, ջրի խնդիրն էր, դրա համար էլ գնացինք: Գնացինք կյանքներս դնելու ազգի համար, այսօր այդ նույն վիճակն է ստեղծվել:

-ԱԺ պատգամավորներն այս օրերին ԼՂՀ սահման էին գնացել, ինչո՞ւ Դուք նրանց հետ չէիք:

-Ես տեղյակ չեմ պատգամավորներով գնալու մասին, ես գնամ պատգամավորների հետ ի±նչ անեմ, եթե անհրաժեշտ լինի պատգամավորների հետ գնալ՝ կգնամ, բայց պատգամավորները գնում են… այ, PR-ը դա է, այսօր յուրաքանչյուրը ֆորմա է հագնում, գնում է դիրքեր… PR-ը դա է, որ գնացինք էկանք… իսկ ես դրա խնդիրը չունեմ: Մինչեւ այսօր պատերազմ անցած իմ տղաները Կրասնասելսկի դիրքերում են` պատերազմից հետո, ես էլ մշտական գնում եմ, տղաներին այցելում եմ, եթե հնարավոր է՝ ինչ-որ օգնություն եմ ցույց տալիս: Իսկ եթե այսօր գնում են, ֆորման հագնում են ու դա հեռուստացույցով ցույց են տալիս, PR-ը դա է:

-Օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցավ նախագահների եռակողմ հանդիպումը, ըստ Ձեզ, դրանից հետո սահմանում դադարելո՞ւ են կրակոցներ հնչել:

-Այ էդ հարցին ես չեմ կարող պատասխանել՝ կդադարի, թե չէ… ճիշտն ասած, ոչինչ էլ չհասկացա այդ հանդիպումից, որեւէ հարցի լուծում այնտեղ չառաջարկվեց, հերթական զրույցն էր, հերթական հանդիպումն էր` խաղաղ ճանապարհով պետք է լուծվի եւ այլն, եւ այլն, որը եղել է միշտ:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս