ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ Թ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԷԻՆ ԱՐՎԵԼ

Հուլիսի 29-ից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսված Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդու՝ Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանի սպանության գործով ցուցմունք տվեց գործով վկա՝ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի ավագ տեսուչ Սամվել Կոծինյանը:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Թովմա Մաթեւոսյանը ցանկացել է խոչընդոտել իրեն վստահված անտառային տարածքներում ապօրինի ծառահատումների կապակցությամբ ստուգումների եկած Տիգրան Մելիքյանի եւ մյուս տեսուչների ծառայողական պարտականությունների իրականացմանը: Վերջիններիս միջամտությամբ վիճաբանությունը կանխվել է, սակայն տեղի ունեցածի կապակցությամբ Մելիքյանն այնուհետեւ զանգել կանչել է Մաթեւոսյանին՝ պարզաբանումների, եւ նույն հարցի շուրջ նոր վիճաբանության ժամանակ վերջինս հայհոյել ու ձեռքով հարվածել է Մելիքյանին, նա էլ՝ նախապես իր հետ վերցրած դանակով՝ Մաթեւոսյանի սրտի շրջանին՝ պատճառելով մահ: Նախաքննության մարմինն, այսպիսով, հիմնավորված է համարել Մելիքյանի կողմից Մաթեւոսյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու հանցանքը:
Սակայն դատարանում հարցաքննված տեսուչ Սամվել Կոծինյանը նշեց, որ անտառապետը տեսուչների հետ վիճաբանության մեջ չի մտել, դեպքի օրը Մաթեւոսյանի անտառապետությունում ստուգում չիրականացնելու միակ պատճառն էլ անձրեւն է եղել: Ըստ Սամվել Կոծինյանի վկայության՝ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա հենց բաժանմունքի բակում իրենք զննության են ենթարկել ապօրինի փայտով բեռնված՝ երեք «Ֆորդ» եւ մեկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները: Իսկ չափագրումից հետո անտառահատների մասնակցությամբ ծառահատման վայրում կատարվող տեղազննությունը անձրեւի պատճառով տեսուչներն այդ օրը հետաձգել են: Այդ նպատակով մեկ-երկու օր անց ոստիկանների հետ պայմանավորվել են հանդիպել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Լոռու Մարց գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ, այնտեղից միասին անտառահատման վայր գնալու համար: Պայմանավորված օրը տեսուչներ Տիգրան Մելիքյանը, Սամվել Կոծինյանը, Արմեն Հարությունյանն ու Արմեն Ղարագյոզյանը ծառայողական մեքենայով հասել են նշված տարածք, բայց ոստիկանների փոխարեն այնտեղ հանդիպել են տղաների հետ կանգնած Թովմա Մաթեւոսյանին, ով ասել է, թե ոստիկաններն արդեն անտառ են բարձրացել:
«Տիգրանը ասավ՝ Թոմ, փաստորեն էս քու տարածքից ա, հա, հատումները, թե բա՝ մի տեսակ շեշտադրմամբ՝ ես թամամ չգիտեմ դեռ, դու էդ ո՞նց իմացար, որ իմ տարածքից ա: Տիգրանը ասեց՝ դե համոզվածի խնդիր չկա, պետք ա չափագրում անենք, թե հըմի քոնը կլնի, նրանը կլնի, տարբերություն չկա, մի տեսակ Թոմը էդ բառը սենց վերցրեց՝ «չափ» ու «գրել», ու ոնց որ ինքը իմպրովիզացիա անի՝ «գրող եք, գրի տենամ՝ ինչի պետք ա հասնես, բա որ ես գրեմ»: Դե, ասավ, ախպեր ջան, էդ էլ մեր գործն ա, թե հըմի չափագրող ենք, թե գրող ենք, էդ ա: Բայց որեւիցե զարգացում չգնաց էդ բանին: Էդ ընթացքում սիգարետը վերջացրինք, նստել ենք ավտոմեքենան, գնացինք անտառը, էնա մտնում էինք, անձրեւը սկսվեց, էլ հնարավոր չէր արդեն մոտենալ,-պատմում է տեսուչը։-Երկու կողմից էլ հայհոյանքներ, վիրավորական բառեր չեն եղել, Տիգրանի մոտ ոչ մի հուզմունք չի եղել, իրա հանգիստ ընթացքով մեքենան վարել ա՝ միջինից ցածր արագությամբ, խոսելով-բանով եկել ենք, ոչ մեկիս մեջ էսքան բան չի եղել, որ դրանից հետո կհաջորդի նման բան»:
Վկան հայտարարեց, որ թեպետ ոստիկանության գրության հիման վրա էին գնացել տեղազննության, բայց, նրա ասելով, նախապես չեն իմացել, թե որ տարածքում է կատարվել անտառահատումը: Ասաց նաեւ, որ անձամբ չի ճանաչել Թովմայի եւ Տիգրանի խոսակցության ժամանակ ներկա Ռուշանին, որպեսզի հասկանար, որ նա է ոստիկանական բաժանմունքում զննված՝ ապօրինի փայտով բեռնված «Զիլ»-ի վարորդը:
Ամբաստանյալ Տիգրան Մելիքյանի՝ վկային ուղղված հարցին՝ «Թովման որ եկավ վարորդի՝ Ռուշանի հետ, ես, ճանաչելով Ռուշանին, կարո՞ղ էի ենթադրել, որ մեքենան Թովմայի տարածքից է բարձվել», պատասխանեց՝ «Կարելի է, ենթադրելի էր»:
Տեսուչն, այնուամենայնիվ, հաստատեց, որ, ի վերջո, կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ապօրինի ծառահատումները հանգուցյալ Թովմա Մաթեւոսյանի անտառպետությունում էին արվել:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
Վանաձոր

 
ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵ՞Ն

Օգոստոսի 7-ին Տավուշի ջրամբարից ներքեւ գտնվող տարածքում, Վերին Կարմիրաղբյուրի խաղողի եւ պտղատու այգիներում հրդեհ էր բռնկվել: Այդտեղ է գտնվում մոտ 70 հա այգի: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ Վերին Կարմիրաղբյուր եւ Տավուշ գյուղերի բնակիչները, փրկարարները պայքարել են հրդեհը մարելու համար, որոշ տեղերում էլ՝ կրակը հասնելով ճանապարհին՝ ինքնին է մարվել: Գյուղապետի վկայությամբ՝ հրդեհից ոչնչացել է Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներին պատկանող եւ այդ համայնքի պահուստային սեփականություն հանդիսացող 12 հա խաղողի եւ պտղատու այգի. «Այգիներ կան, որ գյուղացիները 3-4 տարի առաջ էին հիմնել, դրանք այս տարի առաջին անգամ բերք պիտի տային, բայց ոչնչացել են»: Նա ասաց, որ Եղվարդից շինարարական մի կազմակերպություն տեխնիկապես սարքին, սակայն ներկայում չգործող ջրագծի խողովակները ապամոնտաժել է այգում՝ առանց պահպանելու անվտանգության կանոնները: Եռակցման սարքից թռած կայծերը դիպչելով չոր, չհնձված խոտին՝ հրդեհ են առաջացրել: Ըստ գյուղապետի՝ այդ կազմակերպությունը շինարարության թույլտվություն չունի եւ նոր է միայն դիմել այն ստանալու համար: Կ. Չոբանյանը չգիտի, թե սարքին ջրագծի ապամոնտաժված խողովակները ո՞ւր են տանելու. «Ոմանք ասում են՝ Տավուշ գյուղի ջրագծի շարունակությունն են կառուցելու, ուրիշներն էլ ասում են՝ Արմավիր են տանելու»: Կ. Չոբանյանի կարծիքով՝ այդ խողովակները տարածքից տեղափոխելու էին, սակայն հրդեհից հետո արդարանում են, թե այդ խողովակներով Տավուշի ջրագծի շարունակությունն էին կառուցելու: Նրա խոսքերով՝ Տավուշի ջրագծում շատ քիչ քանակությամբ ջուր է լինում, եւ դրա շարունակությունը կառուցելու անհրաժեշտություն չկա:
Շինարարական կազմակերպության, ոռոգման ձեռնարկության աշխատողները օգոստոսի 8-ին եղել են հրդեհված այգում: Տավուշի մարզային հրշեջ տեսչության պետի տեղակալ Արտակ Մեջինյանն ասաց, որ հրդեհի հետ կապված նյութերն օգոստոսի 11-ին իրենք ուղարկելու են ոստիկանության Բերդի բաժին, որպեսզի քննություն կատարվի: Նրա խոսքերով՝ հրդեհների վերաբերյալ նյութերը ոստիկանություն են ուղարկվում, եթե դրանց մեջ հանցակազմ կա: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը հայտնեց, որ ինքը դեռեւս չգիտի, թե ովքեր են կանգնած Եղվարդի շինարարական կազմակերպության թիկունքում, սակայն հետամուտ է լինելու, որպեսզի հրդեհի պատճառած նյութական մեծ վնասը մեղավորները հատուցեն: «Եթե հարկ լինի, այդ հարցով երկրի նախագահին էլ կդիմեմ»,-նշեց գյուղապետը: Անկախ այն բանից` կհատուցի ընկերությունը գյուղացիներին, թե ոչ, հարց է ծագում. առանց շինարարական թույլտվության, ո՞ւմ հովանավորչությամբ է շինարարական կազմակերպությունը տեխնիկապես սարքին ջրագծի ապամոնտաժման աշխատանքներ կատարել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս