Հայաստանում թե՛ կառավարությունը, թե՛ ընդդիմությունը ձախողված են. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ինքը կախարդական փայտիկ չունի, որ կարողանա բոլորին ստիպել միանգամից դուրս գալ ստվերից, դա որակել է որպես «կապիտուլյացիա» և «ձախողման մասին խոստովանություն»:

Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, նախօրեին մասնակցելով «Բազե» երիտասարդական հավաքի բացմանը, պատանիների հետ զրույցում ասել էր. «Դա ֆինանսական կորուստ է մարդկանց համար, նրանք ֆինանսներից դժվար են բաժանվում: Հիմա այդ դժվարությունը հաղթահարելու համար ժամանակ է մեզ պետք: Բայց որ գնալու ենք դրան և կամաց-կամաց վերացնելու ենք, ես դրանում ուղղակի համոզված եմ»:

Ստվերի դեմ պայքարի այս երկարաձգումն էլ հիմք է տվել Զուրաբյանին պնդելու, որ Աբրահամյանի գործունեությունը տապալվել է. «Հիմա պարզվում է, որ դրա համար իրականում պետք է ոչ թե հուլիսի 1-ը (Աբրահամյանի ի սկզբանե նախանշած վերջնաժամկետը, «Ժ.»՚), այլ պետք է շատ երկար ժամանակ: Ուղղակի իր ձախողվածությունը, պարտությունը փորձում է ինչ-որ ձևով մեղմացնել: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը հավատա այս հեքիաթներին»,- նշել է Զուրաբյանը:

Ինչ խոսք, ՀԱԿ խմբակցության ղեկավարը միանգամայն իրավացի է. երբ հրապարակավ խոստումներ են տրվում և վերջնաժամկետներ նշվում, դրանից հետո որևէ արդարացում չի կարող հավատարժան լինել: Այս ճշմարտությունը, սակայն, գործում է նաև ընդդիմության գործելաոճի դեպքում: Մասնավորապես` երբ ընդդիմությունն առաջադրեց 12 կետանոց պահանջները և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ընդունումից հետո ակնհայտ դարձավ, որ կառավարությունը չի պատրաստվում առնվազն ընդդիմության առաջին պահանջը կատարել, ոչ իշխանական քառյակը փոխանակ հակադարձելուն ուղղված քայլեր ձեռնարկեր` հայտարարեց, թե իրենք իրենց խոսքը կասեն սեպտեմբերին:

Հիմա էլ, սակայն, պարզվում է, որ սեպտեմբերին ասելով` նրանք նկատի են ունեցել սեպտեմբերի վերջը: Թե ինչու են հայրենի ընդդիմադիրներն ամեն կերպ երկարաձգում իրենց խոստացած հանրահավաքային պայքարի մեկնարկը` դժվար է ասել: Սակայն պետք է ընդունել, որ դժվար կլինի հակադարձել, եթե Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչներից էլ հայտարարեն, թե Քառյակի` կառավարության դեմ պայքարի ժամկետների ձգձգումը «ձախողման մասին խոստովանություն է»: Ի վերջո, ձախողում տերմինը միայն իշխանությունների համար չէ, որ պետք է օգտագործել:




Լրահոս