ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը թեեւ ամիսներ առաջ հայտարարեց, թե որեւէ գործարար նախարար չի աշխատելու կառավարությունում, այնուամենայնիվ, Սերգո Կարապետյանը շարունակում է զբաղեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի աթոռը: Ու անգամ լուսանկարում ակնհայտ երեւում է, որ «Արտֆուդ» պահածոների գործարանի սեփականատերը լուրջ ուսումնասիրում է աճեցված լոլիկը: Երեւի մտածում է՝ «ինչ լավ տոմատի մածուկ կարելի է ստանալ»:

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ, թե կոնկրետ ինչի՞ հիման վրա է հաշվարկվում ժամանակավոր անաշխատունակության նպաստը: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

Լուիզա Գեւորգյան (36 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Գեւորգյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման, նշանակման եւ վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով: Միաժամանակ, ՀՀ կառավարության 14.07.2011թ. N 1024-Ն ՀՀ որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետին համապատասխան, վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում եւ վճարում է գործատուն՝ հիմք ընդունելով բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ցանկալի կլիներ, որ պատասխանում նշվեր նաեւ օրենքով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որպեսզի մեզ դիմած քաղաքացին բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկից բացի ներկայացներ նաեւ մյուս փաստաթղթերը:

 

 
ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում ապրանքի մասին տեղեկատվությունը: Այսինքն՝ որն է դա, արդյոք այն հասանելի է բոլոր շարքային քաղաքացիներին:

Օլգա Նազարյան (65 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է սպառողին ժամանակին տրամադրել ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է ճիշտ ընտրության հնարավորությունը: Տեղեկատվությունը պետք է պարունակի ապրանքների հիմնական սպառողական հատկությունները, իսկ սննդամթերքի համար՝ տեղեկություններ բաղադրության, կշռի եւ ծավալի, կալորիականության, դրանցում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներով կանոնակարգվող առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության մասին, ինչպես նաեւ հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ, ապրանքների գինը եւ ձեռքբերման պայմանները, երաշխիքային ժամկետը, ապրանքների արդյունավետ եւ անվտանգ օգտագործման կանոնները եւ պայմանները, ապրանքների սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպես նաեւ նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողությունների եւ այդպիսի գործողությունների չկատարման դեպքում՝ հնարավոր հետեւանքների մասին տեղեկությունների, եթե ապրանքները նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին, առողջությանը եւ գույքին կամ իր նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի եւ վերջապես արտադրողի գտնվելու վայրը, այն կազմակերպության գտնվելու վայրը, որը լիազորված է արտադրողի կողմից սպառողներից բողոքներ ընդունելու եւ ապրանքը նորոգելու ու տեխնիկական սպասարկում իրականացնելու համար:

Շուկայի վերահսկողության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ներկայում խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվող ապրանքների վրա համապատասխան տեղեկատվությամբ պիտակների առկայության առումով իրավիճակը զգալիորեն բարելավվել է, սակայն մեր համաքաղաքացիների շատ քիչ մասն է, ցավոք, ուշադրություն դարձնում իր կողմից գնվող ապրանքի մասին տեղեկատվական պիտակին:

 




Լրահոս