Լյարդաբանական արդի խնդիրները` ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության բաժնի ղեկավար, լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին: ՀՀ ԱՆ «Նորք  ինֆեկցիոն  հիվանդանոցի» մասնագետների հետ քննարկվեցին լյարդաբանական արդի խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները:

«Չնայած լյարդաբանության ոլորտում առկա խնդիրներին, մեր մասնագետների աշխատանքի, մեծ փորձի, ապացուցողական բժշկության մոտեցումների շնորհիվ մենք նաև լուրջ հաջողություններ ենք արձանագրել»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` նյութատեխնիկական խնդիրներն անշուշտ անդրադառնում են լյարդաբանության զարգացման, մասնավորապես` արդիական մեթոդներով լաբորատոր հետազոտությունների ապահովման վրա։ Մանավանդ, որ լյարդաբանությունը բժշկության կարևոր և արագ զարգացող ճյուղերից մեկն է:

Ռոբերտ Գիշը, ներկայացնելով միջազգային փորձը, նշեց, որ բժշկական միջամտության ուղիներով կամ սեռական ճանապարհով փոխանցվող հեպատիտ Ց-ի կանխարգելման ուղղությամբ վերջին շրջանում ԱՄՆ-ում իրականացվում են լայնամասշտաբ քարոզարշավներ: Դրանց նպատակը հիվանդության, վարակի կանխարգելման մասին մարդկանց իրազեկումն է:

«Հեպատիտ Բ-ի դեմ, որը տարածվում է հիմնականում արյան փոխներարկման ճանապարհով կամ մորից-երեխա կապի միջոցով, մեր աշխատանքները հիմնականում ուղղված են երեխաների շրջանում պատվաստումների իրականացման հնարավորինս մեծամասշտաբ ընդգրկմանը: Ներկայումս ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել 1995թ.-ից մինչև այսօր  ծնված բոլոր անձիք անվճար կատարել հեպատիտ Ց-ի ախտորոշման թեստ»,- հայտնեց անվանի լյարդաբանը:

Նա նշեց, որ առաջիկայում նպատակ ունեն ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանում աշխատանքներ տանել` շեշտադրելով հիվանդությունների կանխարգելումը:

Մասնագետն առաջարկեց իր աջակցությունը վիրուսային հեպատիտների կանխարգելման, հետազոտման և բուժման իրավիճակի քարտեզագրման գործում:

Դրական արձագանքելով լյարդաբանի առաջարկին` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծեց, որ Հայաստանի առողջապահական ողջ համակարգն այժմ քարտեզագրման ակտիվ փուլում է, ինչը հնարավորություն կտա առավել հստակ վեր հանել ոլորտի խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:

Նա նշեց, որ նախարարությունում գործող գլխավոր մասնագետների ինստիտուտն առաջիկայում կենթարկվի փոփոխության` ավելի մեծ տեղ տալով մասնագիտական միավորումներին` ասոցիացիաներին և ձևավորելով աշխատանքային խմբեր` կմեկտեղեն ջանքերը առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ:

Նախարարն առաջարկեց նաև համատեղ իրականացնել ոչ միայն կլինիկական համաժողովներ, այլև հետազոտություններ, որի համար անհրաժեշտ է համապատասխան նյութատեխնիկական բազա:

«Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, լյարդաբանական ասոցիացիայի նախագահ  Հասմիկ Ղազինյանը տեղեկացրեց, որ 2015 թվականի հոկտեմբերի սկզբին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Հեպատիտ Բ-ին նվիրված միջազգային համաժողով: Նա շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Գիշին լյարդաբանության ոլորտում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

«Ռոբերտ Գիշի շնորհիվ մեր երկիրը միջազգային երկու ուղեցույցների ստեղծման աշխատանքային խմբի անդամ է»,- նշեց Հասմիկ Ղազինյանը:

Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Այսօր հայտնի է հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված է 6-ը` Ա., Բ, Ց, Դ, Ե, Ջ: ՀՀ-ում վերջին 20 տարվա ընթացքում հեպատիտ Ա-ի հիվանդացությունը նվազել է ավելի քան 30 անգամ:Վիրուսային Բ, Ց, Դ, Ջ հեպատիտները պարէնտերալ հեպատիտների շարքին են դասվում: Ներկայումս վիրուսային հեպատիտ Բ և Ց-ն համարվում են  նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ Բ-ի վիրուսին, իսկ  մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ՝ ցմահ վարակակակիր է: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և, վարակման դեպքում, վիրուսակրության առաջացման վտանգն առավել մեծ է մանկական տարիքում: Մեր երկրում հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների շնորհիվ (Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկվել է  1999 թվականից)  հիվանդացությունը նվազել է մի քանի անգամ: Վերջին տարիներին մինչև 14 երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր գրեթե չեն գրանցվել:

 




Լրահոս