ԹՈՒՐՔԻ ՉԱՓ ԷԼ ՉԿԱ՞ՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարունգի եւ լոլիկի ներկրումը Հայաստան դեռ չի դադարեցվել: Ինչպես պնդում են գյուղացիները, իրենց բողոքներից հետո այն մի քանի օր շուկայում անհետանում է, սակայն հետո նորից ներմուծվում: Ջերմատնային տեղական եւ  ներկրված արտադրանքի խնդիրը Հանրային խորհրդի գյուղատնտեսական եւ բնապահպանական հանձնաժողովների անդամները ներկայացրել են ՀՀ նախագահին: Դեռ պատասխան չկա, իսկ գյուղացիներն արդեն հոգնել են պայքարելուց:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք Սպառողների միջազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հետ, ով ափսոսանքով նկատեց, որ «Անահիտ» տեսակի պոմիդորն աստիճանաբար վերացել է, եւ դրան փոխարինել են ամերիկյան սորտերը: «Մեր «Անահիտ» պոմիդորն արտակարգ համ ուներ եւ հիմա գրեթե բացակայում է,-նշեց Արմեն Պողոսյանը` ընդգծելով, որ Հայաստանի այսօրվա գյուղատնտեսության մեջ կաղում է սելեկցիոն աշխատանքը:-Կաղալը մեղմ է ասված, իսպառ բացակայում է»: Փորձագետի համոզմամբ` ներկրվածը մի առավելություն ունի` տեղափոխությանը լավ է դիմանում եւ ուշ է փչանում. «Դա ուտելու համար չէ: Եթե խոսքը հագնելու մասին լիներ, կլիներ տրամաբանական»:
Սպառողների միջազգային ասոցիացիայի նախագահի կարծիքով մենք կարիք չունենք պոմիդոր ներկրելու, մեր դրախտավայրում խաղողն էլ, լոլիկն էլ բացառիկ են իրենց համային հատկություններով, եւ եթե հնարավոր լինի մերը տարածել ու արտահանել, դա կլինի «գործ»:
Պողոսյանը «Ժողովուրդ»-ի ընթերցողին խորհուրդ է տալիս լոլիկը ստուգելու իր ձեւը. «Զոհաբերում եք երկու պոմիդոր, դրանք խփում եք պատին, եթե դրանցից մեկը պայթեց, ապա դա լավն է, իսկ այն մյուսը, որ գնդակի նման ընկնում է գետնին, դա վատն է: Խուսափե՛ք դրանից եւ մի՛ գնեք»:
Հարցին, թե սպառողներին հայրենական արտադրության բանջարեղենով ապահովելու ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում Սպառողների միությունը, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Մեր ձեռնարկելն էլ այն է, որ մեր ահազանգը, կարծիքը եւ ուսումնասիրությունը տեղ հասնի»: Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որտեղ ներկա են եղել անվտանգության խորհրդի նախագահը եւ գյուղատնտեսության նախարարը, Պողոսյանը ներկայացրել է խնդիրը: «Դա նաեւ տնտեսության անվտանգության էլեմենտ է: Դա պարենային անվտանգության առումով պոտենցիալ վտանգ է»,-պարզաբանեց նա:  
«Սովետի ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում մի հայտնի տեղ կար` թուրքերի, ադրբեջանցիների շուկա էր, ես մեքենայով գնացել էի այնտեղ` ձմերուկ գնելու համար: Ձմերուկի երկու սար էր, մեկն ասում է` 35 կոպեկ արժե, մյուսն ասում է` 45: Ես էլ հարցնում եմ, թե ինչու է սա 45, նրանից թանկ, նա էլ, թե` երեւանյան սորտն է: Նույնիսկ թուրքն այն թվին հասկանում էր, որ հայկականը լավն է»,-հիշեց պարոն Պողոսյանը` նկատելով, որ ներկրվածի ու տեղականի միջեւ «սարեր ու ձորեր» են:
«Ժողովուրդ»-ը Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի իրավաբանական անձանց միության նախագահ Վարդան Համբարձումյանից փորձեց պարզել` Հայաստան թուրքական վարունգ եւ լոլիկ ներկրվում է, թե ոչ: «Թուրքական ապրանք ՀՀ մտնել չի կարող, բա ո՞նց է լինում, որ մտնում է, եթե մի բանի կարիք կա Հայաստանում, այն թեւ է առնելու ու մտնի՞»,-զարմացավ պրն. Համբարձումյանը` նկատելով, որ խնդիրն անլուծելի է: Սակայն նա գյուղացիներին առաջարկում է տեղական լոլիկի եւ վարունգի գներն իջեցնել. «Մեր սպառողը բավականին հետաքրքիր ավանդույթներ ունի. նախընտրում է 200 դրամ թանկ, բայց հայկական, տեղական»: Վ. Համբարձումյանը համոզված է, որ խնդիրը հիմնավոր կլուծվի այն ժամանակ, երբ ոլորտի նկատմամբ շատ ավելի «ռեալ, համակարգային փոփոխություն ներդրվի»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս