ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿՈԾԿԵԼ

Երեկ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե որոշում է կայացվել գազի կալորիականության հարցով աշխատանքային խումբ ստեղծել: Տ. Սարգսյանը նշել է, որ չնայած մասնագետների բազմաթիվ պարզաբանումներին՝ գազի իրական որակի եւ կալորիականության հետ կապված՝ հասարակության շրջանում կասկածները պահպանվում են: Ստեղծվելիք խմբի աշխատանքները համակարգելու է էկոնոմիկայի նախարարությունը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, թե վերահսկման հնարավորությունները հասարակությանն անբավարար են թվում. «Անգամ շշուկներ կան, որ գազին տարբեր նյութեր են ավելացնում, օրինակ՝ ազոտ: Նպատակահարմար եմ գտնում աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի հասկանանք, թե ինչ կարելի է անել, որ գազի կալորիականության հանդեպ վստահությունն ավելանա»:
Վարչապետի հարցին, թե «մասնագետները մեզ եզրակացություն են ներկայացրել, որ գազի կալորիականությունն արհեստականորեն փոփոխել հնարավոր չէ, ճի՞շտ է», Ռ. Նազարյանը պատասխանել է. «Լիովին»: «Այդ դեպքում, կարծում եմ, էկոնոմիկայի նախարարության ղեկավարությամբ աշխատանքային խումբը կօգնի գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպես վերականգնել քաղաքացիների վստահությունը: Դրա աշխատանքներին մասնակցելու հնարավորություն պետք է ունենան բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու մասնագետները»,-եզրափակել է Տ. Սարգսյանը:
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրենք միայն ողջունում են նման աշխատանքային խմբի ստեղծումը:
-Պարո՛ն Մանուկյան, Դուք բազմաթիվ փաստաթղթեր եք ուսումնասիրել` կապված գազի սակագնի եւ կալորիականության հետ, որոնց մասին պարբերաբար տեղեկացրել եք հանրությանը: Այսօր ՀՀ իշխանություններն իրենք են որոշել նման մի ուսումնասիրություն կատարել աշխատանքային խմբի միջոցով: Ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս նախաձեռնությունը:
-Ցանկացած քայլ, որն արված է ճշմարտացիությունը բացահայտելուն, երեւակելուն, ողջունելի է: Զուգահեռ քննարկվում է նաեւ ԱԺ-ում «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը. իմ մոտեցումն այսպիսին է` ցանկացած տեղ, ցանկացած ֆորմատով կարելի է քննարկումներ անցկացնել, եթե դա նպաստում է ճշմարտության բացահայտմանը՝ գազի գնի հետ կապված, գազի պարտքի հետ կապված, գազի կալորիականության հետ կապված եւ այլն: Ես կողմ եմ:
-Իսկ նույն ժամանակահատվածում նույն խնդրի հետ կապված երկու աշխատանքային խումբ, հանձնաժողով ստեղծելը տարակուսանք չի՞ առաջացնում Ձեզ մոտ: Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները նման քայլի դիմել:
-Անկեղծ ասած` ինձ համար տարօրինակ է: Եվ եթե անգամ բացահայտվեց, ո՞ւմ են ուղղված լինելու սլաքները. կառավարությունն ինքն իր դե՞մ է: Դրա համար եմ ասում՝ թող անեն: Դա կոծկել չեն կարող, որովհետեւ այնքան ինֆորմացիա կա, այնքան ռեալ փաստեր կան, որ դրանից խուսափել չեն կարող: Ի՞նչը պետք է կոծկեն: Որ 200 դոլար գազի գինն ավելացե՞լ է, դրա կոծկելու տարբերակն արդեն չկա, որ գազի որակը վա՞տն է, դա՞ կոծկեն, դրա մասին յուրաքանչյուր քաղաքացի գիտի: Ո՞վ կարող է կոծկել, որ 300 միլիոն դոլարի պարտք է առաջացել, իրենք դա կոծկել են մինչեւ հիմա, հիմա պետք է բացատրություն եւ հիմնավորում տան, թե ինչու են այդպես արել: Այնպես որ, հանձնաժողով ստեղծելը չի կարող վնասել այն, ինչին մենք հասել ենք ու շարունակելու ենք հասնել:
-Բայց եթե Ձեր նշած «կոծկողները» հենց ՀՀ իշխանություններն են, էլ ի՞նչ իմաստ ունի աշխատանքային խումբ ստեղծել ինչ-որ բաներ բացահայտելու համար:
-Փորձում են ցույց տալ, որ ժողովրդավար են: Թող ցույց տան, իրենք իրենց են խարազանելու, ինքնադատաստան ցույց տալու, թող անեն, բայց կոծկել չեն կարող, որովհետեւ կոծկելու փուլը կարծես թե անցել է: Մենք շատ բաներ ենք բացահայտել ու էլի շատ բաներ ունենք բացահայտելու: Աշխատանքային խումբ ստեղծեն էլ, բացահայտելու ենք, չստեղծեն էլ, բացահայտելու ենք: Նախաձեռնությունն ումից ուզում է, թող լինի, ով ուզում է բացահայտել, մենք ասում ենք ապրես: Իսկ եթե նպատակն իմիտացիա անելն է, թե իրենք դեմոկրատ են, թող դա էլ անեն:

 

 

 

 

 

 
ԵՊՀ-ՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ՞Ն

 

ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը վերջերս ֆեյսբուքում միացել է «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» նախաձեռնությանը՝ ուղարկելով իր լուսանկարն ու տվյալները: Բացի այդ՝ նա ակտիվ քոչարյանամետ եւ հակահանրապետական քարոզ է իրականացրել ԵՊՀ-ում: Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին «զգուշացրել» են, որ դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ իր հետագա գործունեության վրա: Նշված տեղեկատվության շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց երկու կողմերի հետ:

 

ԵՊՀ ռեկտոր ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ

-Պարո՛ն Սիմոնյան, ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում, իսկապե՞ս Ձեր աշխատակազմի ղեկավարը «քոչարյանական» խմբավորում է ստեղծել համալսարանում:
-Բացարձակ հերյուրանք է, իրականությանը չի համապատասխանում, դա սարքած է, ու արդեն գիտենք, թե ովքեր են սարքել: Անձնական թշնամությունից ելնեով են նման բաներ անում: Ա. Ղարիբյանը քաղաքական որեւէ գործունեությամբ չի զբաղվում, դա կազմակերպված է եւ ուղղված է համալսարանի ղեկավարության դեմ:
-Տեղեկություններ կան, որ Ձեր հարազատ Հանրապետական կուսակցությունը Ձեզ նկատողություն է տվել այն բանի համար, որ բուհում ողջունվում է Ռ. Քոչարյանի վերադարձը:
-ՀՀԿ ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում համալսարանում: Համալսարանը քաղաքական որեւէ գործունեություն չի ծավալում: Մենք գիտա-կրթական հիմնարկ ենք, մենք այլ խնդիրներ ունենք: Միեւնույն է, ստի լեզուն կարճ է, իսկ մենք միշտ հետամուտ ենք լինելու, որ սուտը բացահայտվի:

 

ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար ԱԼԻԿ ՂԱՐԻԲՅԱՆ

-Պարո՛ն Ղարիբյան, փաստորեն, Դուք ցանկանում եք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա, ու անգամ միացել եք նախաձեռնությա՞նը:
-Չարախոսները փորձում են իմ անձի հետ կապված վարկաբեկիչ նյութեր տարածել: Անլուրջ է, քանի որ ես, բուհի պաշտոնյա լինելով, ընդհանրապես քաղաքականության հետ գործ չունեմ: Թե ովքեր են սպասում (նկատի ունի Ռ. Քոչարյանին-Ս. Գ.), ես չգիտեմ… գիտեմ փոխարենը, որ իրենց հանրապետական համարող շատ ընկերներ, ովքեր ներգրավված են կառավարության անձնակազմում, զբաղված են զազրախոսությամբ՝ փոխանակ զբաղվեն իրենց իսկական աշխատանքով: Ես կուզեի, որ այդ չարախոսություններին վերջ դնեին ու պետականությանը նպաստող գործունեությամբ զբաղվեին:
-Տեղեկություններ կան նաեւ, որ Ձեր նման կողմնորոշումը պայմանավորված է այն փաստով, որ Դուք նախկին ՀՅԴ-ական եք: Արդյո՞ք այդպես է: Նաեւ նշեցիք, որ բացահայտել եք, թե ովքեր են այդ ամենի հեղինակները: Խնդրում եմ՝ կոնկրետ անուններ նշե՛ք:
-Ես ժպիտով եմ նայում այդ մարդկանց, ես շատ հարգում եմ մեր նախագահին եւ ավելի շատ իրեն եմ սպասում, քան որեւէ մեկին: Ես դաշնակցական երիտասարդական կազմակերպության մեջ բազմաթիվ ընկերներ եմ ունեցել, ուսանողության տարիներին այդ կազմակերպության շատ միջոցառումներին ուղղակի իմ համակրությունն է եղել, բայց ես պաշտոնապես որեւէ կուսակցության անդամ չեմ: Ես դեմ եմ քաղաքական ինտրիգներին ու չեմ ցանկանում այդտեղ իմ անունը հոլովել:

 

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՊԱՐԶ ՉԷ

Մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ը հանրահավաք է անցնացնելու, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ու «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը Մյասնիկյանի արձանի մոտ են գիշերելու: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ են որոշել, իրենց կուսակցության անդամները որտեղ են լինելու իրենք մարտի 1-ին: «Ինքս էլ դեռեւս չեմ կարողանում կողմնորոշվել՝ որտեղ լինեմ, բայց որ պետք է լինենք Մյասնիկյանի արձանի մոտ, դա պարտադիր է: Դա Ցեղասպանության հիշատակի պես մի օր է դարձել, ցանկալի էր, որ այդ ամենը կազմակերպվեր մեկ վայրից: Ես դեռեւս չեմ կարողանում կողմնորոշվել, բայց որ այդ օրը քաղաքական ուժերի կողմից ասելիք էլ անգամ չպետք է լինի, դա հստակ է: Դա մի տխուր օր է, որը պետք է հիշել ու դրանից դասեր քաղել, մտածել մեր հետագա անելիքների մասին»,-եզարափակեց մեր զրուցակիցը:

 

ՄԱՔՈՒՐ «ՆԿԱՐԻՉՆԵՐ»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2014թ. գնումների պլանում կարելի է ուշագրավ դրվագների հանդիպել. այս գերատեսչությունը, օրինակ, ծրագրել է գնել 24 հատ ավել, 30 հատ օճառ, 4.5 կգ լվացքի փոշի, եւ 2 լիտր էթիլ սպիրտ: Իսկ ահա կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տարի գնելու է 10 հատ ավել, 60 հատ օճառ, 60 հատ փոշու հավաքման ու 60 հատ էլ` մաքրող կտոր: Այս ամենից բացի՝ ԿԸՀ-ն ծրագրել է գնել 30 կգ լվացքի փոշի եւ 55 հատ լվացող տարբեր նյութեր: Եվ այդ ամենը` ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Բնականաբար, հարց առաջացավ, թե ինչու ենք հենց այս երկու գերատեսչությունների գնումների պլանները ներկայացնում: Պատասխանը պարզ է. երկուսն էլ դե ֆակտո ունեն նույն գործառույթը՝ զբաղված են թվանկարչությամբ: Պարզապես մեկը վիճակագրական տվյալներն է նկարում, մյուսը` ընտրությունների արդյունքները:

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՊԵՏՔ Է ՏԱ

Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է փաստեր: «Ըստ ԱՎԾ-ի 2014թ. 2013-ի համեմատ տնտեսական աճը 1.8% է: Ոչ թե 7, ոչ թե 3.5, այլ 1.8: Եվ սա պաշտոնական թիվ է: Իմ տվյալներով՝ 1993թ. սա երկրորդ վատագույն ցուցանիշն է վերջին 21 տարիներին: Ավելի վատ միայն 2009-ի հունվարին էր՝ -0.7%: Տնտեսության այս ողորմելի վիճակին զուգահեռ ծաղկում է ֆինանսական ոլորտը: Օրինակ, 2013-ին ՀՀ բանկային համակարգն իր շահույթը 2012-ի համեմատ ավելացրել 65%-ով, դրանից մեկ տարի առաջ այդ թիվը շուրջ 80 տոկոս էր: 2009-ին, երբ տնտեսության անկումը կազմեց -14.1% (ըստ վարչապետի -18.5%) բանկերի շահույթի հավելաճը կազմեց 53.5%: Հիմա ինչ եմ ասում: Հանկարծ նախագահը վարչապետի հրաժարականը չպահանջի: Դա որ գնաց ի՞նչ ենք անելու: Բայց ինչ-որ մեկը պետք է հրաժարական տա: Գուշակեք ո՞վ»:




Լրահոս