ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

ԴԵՌԵՎՍ ՊԱՐԶ ՉԷ

«Ժողովուրդ»-ի երեկվա համարում գրել էինք, որ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը ներկայացրել է 36 խաղացողներից բաղկացած հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է մարտի 5-ին Կրասնոդարում Հայաստանի ազգային հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը։ Ու նաեւ հավելել էինք, որ Վարդան Մինասյանի հրաժարականից հետո Հայաստանի ազգային հավաքականը դեռեւս գլխավոր մարզիչ չունի։ Հրապարակումից հետո ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկացանք, որ «Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը, հայ երկրպագուների համար հատկացված տոմսերը կարող են ձեռք բերել «Կուբան» մարզադաշտի տոմսարկղերից՝ Հայաստանի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի առկայությամբ (ՀՀ անձնագիր): Տոմսերի վաճառքը կիրականացվի մարտի 4-ին՝ ժամը 11:00-ից մինչեւ 19:00-ն, եւ մարտի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչեւ խաղի սկիզբը՝ 18:00-ն: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հյուսիսային տրիբունայի վեցերորդ սեկցիան»:
Ռուսական մամուլում էլ արդեն քննարկվում է այն հարցը, թե երկու երկրների հավաքականները որտեղ են նախապատրաստվելու հանդիպմանը։ Մասնավորապես, Ռուսաստանի հավաքականը մարզվելու է «Կրասնոդար»-ի ակադեմիայի խաղադաշտում՝ «Սպարտակ»-ի հարեւանությամբ, որը Կրասնոդարում հավաք է անցկացնելու մարտի 4-ից մինչեւ 7-ը: Իսկ Հայաստանի հավաքականին առաջարկվել է ընտրություն կատարել «Կուբան»-ի եւ «Տրուդ» մարզաբազաների միջեւ:
Քանի որ դեռեւս բաց է մնում այն հարցը, թե ով է, ի վերջո, նախապատրաստելու մեր ազգային հավաքականն այդ ընկերական հանդիպմանը, դիմեցինք ՀՖՖ մամուլի բաժին, որտեղից պատասխանեցին. «Դեռեւս պարզ չէ։ Հենց որ պարզվի, կտեղեկացնենք»։ Ամեն դեպքում, բացառված չէ, որ հենց Վարդան Մինասյանը կարող է այդ խաղից առաջ ստանձնել հավաքականի ղեկը։

 
ԿՐԿԻՆ 46-ՐԴԸ

Սոչիի օլիմպիական խաղերն աստիճանաբար մոտենում են ավարտին: Լեռնադահուկորդների մրցաշարի հսկա ոլորավայրէջք մրցաձեւում մեր երկիրը ներկայացնող Արման Սերեբրակյանը երկու փուլերի ընդհանուր արդյունքով վերջնականապես գրավեց 46-րդ տեղը: Առաջին եռյակում տեղ գտան Թեդ Լիգետին՝ ԱՄՆ, ֆրանսիացիներ Սթիվ Միսիլյեն եւ Ալեքսիս Պանտյուրոն։
Ա. Սերեբրակյանը հանդես կգա նաեւ փետրվարի 22-ին՝ հատուկ ոլորավայրէջքի մրցումներում: Օլիմպիական խաղերի վերջին օրը՝ փետրվարի 23-ին, դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը կմասնակցի ազատ ոճի 50 կմ մարաթոնին։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս