Դատապարտված ամուսինների հարբեցողությունը հանգեցրեց սպանության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը Մայիսյան գյուղի 37-ամյա բնակիչ Գրիշա Մարտիրոսյանին դատապարտեց ազատազրկման 9 տարի 6 ամիս ժամկետով:

Գ. Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1 մասի (սպանություն) և 235 հոդվածի 1 մասի (ապօրինի զենք կրել) հատկանիշներով:

Չարենցավանի բնակիչ Ժենյա Հարությունյանը քրոջ մահվան քառասունքի արարողությանը ներկայացել էր ամուսնու` Գրիշա Մարտիրոսյանի հետ: Սովորականի պես՝ այս օրը ևս նորապսակ, նախկինում մի քանի անգամ դատապարտված ամուսնական այս զույգը չարաշահեց ալկոհոլը, և սկսվեց ընտանեկան` սովորույթ դարձած վեճն ու կռիվը:

Վիճաբանությունների հետևանքն էլ եղավ այն, որ ամուսինը խիստ զայրացավ, որոշեց, իր բառերով ասած, «արագ լրջացնել» կնոջը և դարերի «քուն բերեց» նրան:

Ժենյայի քույրը` Ժաննա Սահակյանը, ավելի վաղ պատմել է, որ քրոջ՝ հարբեցող և «վարքից թույլ» լինելու պատճառով հարազատներից ոչ ոք նրա հետ չէր շփվում, սակայն ամուսնանալուց հետո թե՛ իր ամուսինը, թե՛ մյուս քրոջ դստեր ամուսինը կարծել են՝ Ժենյան խելքի է եկել, և թույլատրել են շփվել նրա հետ:

Հարբեցողությունից ազատվել, սակայն, չարենցավանցի կնոջը չի հաջողվում: Ամուսինը` նախկինում դատված, ամուսնալուծված Գրիշա Մարտիրոսյանը, ով նախկին կնոջից անչափահաս երեխա ունի, զայրանում էր Ժենյայի պահվածքից և խանդի տեսարաններից:

Վերջինիս քրոջ մահվան քառասունքի արարողությանը բոլոր հարազատները նկատել էին, որ ամուսինները չափից շատ են խմում և աղմկում, իսկ իրենց տուն` Մայիսյան գյուղում գտնվող վագոն-տնակ, վերադառնալու ճանապարհին Ժենյան, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, աղմկել է և ամուսնուն մեղադրել իրեն դավաճանելու և անընդհատ սիրուհիների մոտ գնալու մեջ:

Գրիշան էլ, տեսնելով, որ չի կարողանում հանգստացնել հարբած կնոջը, վարորդի մոտ սկսել է բռունցքով ծեծել նրան, բղավել նրա վրա և հարվածել: Վարորդի նախատինքներից հետո միայն հանգստացել են: Սակայն հանդարտությունը երկար չի տևել. վիճաբանության շարունակությունը տեղի է ունեցել տան բակում:

Գրիշան սկսել է կնոջը հարվածել երկաթե ձողով այն աստիճան, որ կինը սկսել է հազիվ լսելի ձայնով խոսել, իսկ առավոտյան նրան մահացած է հայտնաբերել: Գրիշան ընդունել է իր մեղքը` նշելով, թե կնոջ անտեղի խանդը և բոլորի ներկայությամբ դրա մասին խոսելը զայրացրել են իրեն, ինքը հունից դուրս է եկել և անզգուշությամբ սպանել կնոջը:

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` մինչև վերջին օրերն էլ Ժենյա Հարությունյանի հետ բարեկամներից շատերը չէին շփվում, չէին հավատում, որ նա կարող էր փոխվել կամ ուղղվել: Իսկ Ժենյայի ամուսինը, ըստ տարածված տեղեկությունների, նախկին կնոջից ամուսնալուծվել էր հարբեցողության և չաշխատելու պատճառով, իսկ անչափահաս որդուն Գրիշան շատ հազվադեպ էր գնում տեսակցության:




Լրահոս