ՄԵՐԺԵՑԻՆ ՆԻԿՈԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումը, որով նա պահանջում էր ուժը կորցրած ճանաչել իր մրցակից  Սամվել Ալեքսանյանի գրանցումը: Իսկ որպես գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հիմք Փաշինյանը մատնանշել էր այն հանգամանքը, որ մրցակից թեկնածուն Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 190 դպրոցում ապրիլի 19-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել եւ փող բաժանել:
Ալեքսանյանը նաեւ խոստացել է վերջին զանգի կապակցությամբ անվճար միջոցառում անցկացնել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում: Նշենք, որ այդ միջոցառման մասին գրվել էր «Ժողովուրդ» օրաթերթում՝ ապրիլի 20-ի համարում: Նույն օրվա «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում այդ փաստը հաստատել էր դպրոցի տնօրեն Զատիկյանը:
Հանձնաժողովում, սակայն, նիստն անցավ թեժ մթնոլորտում. արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր ահազանգել ոստիկանություն: Նիստի ընթացքում Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Օհանյանը հարձակվել էր նրա վրա ու բղավում էր: Իսկ միջադեպի պատճառն այն էր, որ Փաշինյանը հանձնաժողովից պահանջում էր իր միջնորդությունները ոչ թե բանավոր մերժել, այլ հերթով դնել քվեարկության: «Դո՞ւ ես որոշում։ Գիտես մարտի մե՞կն  է, արա՛,  որ դիրիժորություն ես անում»,-տեղից վրդովված բացականչեց Դավիթ Օհանյանը: Փաշինյանը պահանջեց հարգալից լինել, ինչին ի պատասխան՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարը հայտարարեց, թե ինքը չի կարող մի թեկնածուի նկատմամբ հարգալից լինել, որը համայնքի ընտրողներին բաժանվող նամակներում Սամվել Ալեքսանյանին մականունով է կոչում:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի նիստում որոշումները մի քանի անգամ քվեարկության դնելուն, ապա նման բան տեղի էր ունենում պարբերաբար: Օրինակ՝ հանձնաժողովը մի քանի անգամ քվեարկելուց հետո նոր որոշեց մերժել «ՀԺ» թղթակցի եւ դպրոցի տնօրեն Զատիկյանի հարցազրույցի ձայնագրությունը որպես ապացույց գործին կցելու վերաբերյալ միջնորդությունը: Ավելին, թեեւ հանձնաժողովում լսվեց այդ ձայնագրությունը, սակայն Զատիկյանը հրաժարվեց իր խոսքերից՝ ասելով, թե ինքը ոչ մի հարցազրույց չի տվել այդ թերթին: Հանձնաժողովը մերժեց նաեւ այս ձայնագրությունը փորձաքննության ուղարկելու միջնորդությունը: Թեեւ այս հանձնաժողովից այլ բան չէր էլ կարելի ակնկալել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը Սամվել Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ իրենց որոշումը մերժելը որակեց որպես ակնհայտ ապօրինություն: «Հանձնաժողովը մեկ խնդիր ուներ՝ մերժել մեր դիմումը, ինչն էլ արեց: Այդպես հանձնաժողովն ակնհայտ ապօրինություն գործեց: Նույնիսկ նիստի տեխնիկական կողմը չէին պահում, եւ արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանն էր ստիպված նրանց հուշում օրինական ճիշտ ճանապարհով ընթանալ»,-ասաց Հովակիմյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս