ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱԿՈՒՄՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ում բավական ծանր են տանում, երբ իրենց կուսակցության գաղափարախոսությունը որակում են ֆաշիստական: Բայց դրանում համոզվելու համար պարզապես պետք է թերթել Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը կամ ուսումնսիրել ՀՀԿ կայքը: Ուսումնասիրությունից պարզվում է, որ ՀՀԿ նախագահն անձամբ ինքն է ապացուցում այդ կուսակցության ֆաշիստական բնույթը:
Օրինակ՝ Սերժ Սարգսյանը դեռ 2008թ., ի թիվս այլ խոստումների, գրել է. «Հայկական ընտանիքների եկամուտներն առնվազն կկրկնապատկվեն», «Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը եւ գիտելիքը կլինեն ամենամեծ պահանջարկ վայելող արժեքները», «Ամուր, բազմազավակ, ավանդական հայ ընտանիքը կդառնա օրինաչափություն»:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում չեն իրականացվել նրա խոստումները: Ուշագրավը նախընտրական ծրագրում տված ձեւակերպումներն են, որոնք ռասիզմի ակնհայտ դրսեւորումներ են պարունակում: Բանն այն է, որ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձն իր նախընտրական ծրագրում խոստացել է բարեկեցիկ կյանք ստեղծել ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ միայն ազգությամբ հայերի համար: Եւ իր նախընտրական ծրագրում այդպես էլ գրում է՝ խոստանալով կրկնապատկել միայն հայկական ընտանիքների եկամուտները, կրթություն ու գիտելիք տալ միայն հայ ընտանիքներին, եւ այդպես շարունակ:
Մինչդեռ նկատենք, որ Հայաստանում բնակվում են նաեւ այլազգիներ, որոնք ՀՀ լիարժեք քաղաքացի են: ՀՀ բնակչության 4 տոկոսը ազգային փոքրամասնություններն են՝ ռուսները, հույները, հրեաները, ուկրաինացիները, եզդիները, քրդերն ու ասորիները: Ու հիմա խոսել միայն հայ ընտանիքների եկամուտները կրկնապատկելու մասին, նշանակում է արհամարհել ազգային փոքրամասնություններին ու նրանց իրավունքները: Ընդ որում, նույն հրեաների կամ եզդիների համայնքի ներկայացուցիչները հանդես եկան Սերժ Սարգսյանին սատարող հայտարարություներով: Նույնն է նաեւ այս անգամ. երեկ էլ ՀՀԿ-ին սատարելու մասին էր հայտարարել եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Սակայն սա դեռ ամենը չէ. ՀՀԿ կայքում էլ կուսակցության արժեհամակարգի մասին խոսելիս ՀՀԿ-ն գերազանցել է բոլոր սպասումները: «Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր աստվածաստեղծ գոյության, հարատեւումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է»,-գրված է ՀՀԿ կայքում: Ավելին, ՀՀԿ-ն խոսել է նաեւ քրիստոնեության եւ հայ առաքելական եկեղեցու հետ իր կապի մասին այն դեպքում, երբ եկեղեցին, ՀՀ Սահմանադրության համաձայն, պետությունից, ասել է՝ նաեւ քաղաքականությունից հեռու կառույց է: Մինչդեռ ՀՀԿ-ն եկեղեցուն կարծես ներկայացնում է որպես իր մասնաճյուղ: «ՀՀԿ-ն այն համարում է հայ ինքնության անբաժան մաս եւ ազգային աշխարհասփյուռ կառույց, որն իր դավանաբանությամբ, նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն եւ Ազգին»:
Ու պատահական չէ, որ այսքանից հետո ՀՀԿ-ականները կոչ են անում հավատալ իրենց: Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Ս.Սարգսյանի ծրագիրը հիշեցնում է Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ծրագիրը: «1933թ.՝ ռեյխստագի ընտրությունների ժամանակ, նման ծրագիր ներկայացրել է նաեւ Ադոլֆ Հիտլերը: Նույն դրույթներն են՝ բառիս բուն իմաստով,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով,- Հայաստանում ավելի քան 22 ազգ է բնակվում, ինչու է նա միայն հայերին խոստումներ տալիս: Ի՞նչ է՝ Ս.Սարգսյանը միայն հայերի՞ նախագահն է, իր երկրում միայն հայե՞րը պետք է լավ ապրեն: Այս ծրագրի համար նրան կա՛մ պետք էր դատի տալ՝ պահանջելով, որ ներողություն խնդրի ազգային փոքրամասնություններից, կա՛մ էլ նրա դեմ քրեական գործ հարուցել՝ ազգային խտրականություն սերմանելու մեղադրանքով»: Ըստ Եղիազարյանի՝ նման դրույթները հնարավորություն տվեցին Ս.Սարգսյանին 2008թ. ռազմական հեղաշրջում իրականացնել ու այդպես զավթել երկրի նախագահի պաշտոնը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս