Երևանցի անչափահասների համբույրը ծնողների համար 2000 դոլար արժեցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնում անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սամվել Հակոբյանը և նույն բաժանմունքի տեսուչ Ֆելիքս Մկրտչյանը դատապարտվել են 5-ական տարի ժամկետով ազատազրկման: Ֆելիքս Մկրտչյանը նաև տուգանվել է 500 000 ՀՀ դրամի չափով:

Քրգործը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:

Գործի նյութերի համաձայն` անչափահաս Անահիտը և Սարգիսը (անունները փոխված են)  տանը մենակ լինելով, սեռական հարաբերություն են ունեցել: Հետագայում տղան և նրա հայրը բաժին են հրավիրվել, որտեղ ոստիկանները նրանց «բացատրել են», թե անչափահասի հետ համբուրվելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ գործին ընթացք չտալու համար տղայի հորից  պահանջել են 2000 ԱՄՆ դոլար կաշառք` սպառնալով հակառակ դեպքում քրեական հետապնդում սկսել:

Իսկ մինչ տղայի հայրը կհայթայթեր պահանջված գումարը` Սամվել Հակոբյանը և Ֆելիքս Մկրտչյանը, անցնելով իրենց պաշտոնական լիազորությունները, ավելի քան 8 ժամ ապօրինի ազատությունից զրկել են նրան՝ պահելով ոստիկանության բաժնում: Տղային բաց են թողել միայն այն բանից հետո, երբ պարզել են, որ հայրը  չի կարող այդ օրը բերել պահանջված կաշառքը: Իսկ փետրվարի 6-ին, երբ հայրն ի վերջո հայթայթել է պահանջած գումարի մի մասն ու այն հանձնել Սամվել Հակոբյանին, հենց տեղում` նրա աշխատասենյակում էլ վերջինը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Դատարանն իր վերլուծություններում նշել է, որ Սամվել Հակոբյանի և Ֆելիքս Մկրտչյանի գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել տղայի իրավունքներին ու ազատություններին` ոտնահարվել են վերջինիս սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը:

Նշենք նաև, որ անչափահաս աղջկա մայրը հաճախակի նկատել է, որ իր դուստրը բացակայում է տնից, և գտնելու խնդրանքով դիմել է  ընկերներին:




Լրահոս