Կապանի Երկաթուղայինների չորրորդ նրբանցքի բնակիչ տիկին Զոյան անհանգստացած է մի ամբողջ թաղամասի ճակատագրով: Չորս տասնյակից ավելի ընտանիքների ապագան անհայտ է: Աշնանային անձրևներին զուգահեռ սողանքը սկսում է զգացնել տալ, ու գիշերը տան պատերն անգամ սկսել են «աղմկել»:
«Այս գիշեր արթնացա ու լսում եմ՝ չրթ-չրթ, մտածեցի տանը մարդ կա, վեր կացա, հասկացա՝ տան պատերն են: 59թ-ից կառուցված հայրական տունս հիմքից քանդվում է, առաջին հարկից սկսած պատերը ճաքեր են տվել, չգիտես՝ նորոգես, թե թողնես՝ քանդվի-գնա»,-ասում է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին:
Օրեցօր մեծացող ու շատացող պատերի ճաքերը տիկին Զոյայի արցունքների, հիասթափության պատճառ են դարձել:
«Տարիներ առաջ մայրաքաղաքից երկրաբաններ էին եկել, ուսումնասիրեցին թաղամասի դիրքը, կառուցված տների դիրքը, պարզվեց թաղամասն ամբողջությամբ հողի վրա է կառուցվել, որը ուրիշ վայրից բերել-լցրել են քարերի վրա»,- պատմեց հուսահատված մանկավարժը:
Տիկին Զոյան եւ թաղամասի բնակիչները մտավախություն ունեն, որ հարցի լուծումն ուշացնելու դեպքում ամեն ինչ այլեւս անիմաստ կդառնա, քանզի եթե հողի սողքը սաստկանա, թաղամասի բոլոր՝ քառասուներկու ընտանիքների կյանքն էլ կհայտնվի մահացու վտանգի տակ. «Սողքը ամբողջը` մարդկանց էլ հետը, հողին կհավասարեցնի, մի խոսքով՝ երկրորդ եղբայրական գերեզամանը կլինի»:
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԿԱՊԱՆ