«ԱՄԵՆ ՏԱՐԻՔ ԻՐ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ»
Երգիչ, կիթառահար, երաժիշտ Արմեն Ադամյանը՝ մեծացող, բայց չծերացող ռոքերը, հոկտեմբերի 22-ին տոնեց իր 62-ամյակը: Այնպիսի տպավորություն է, որ տարիքի հետ ավելանում է նաեւ նրա ներքին էներգիան: Արմեն Ադամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ կիսվել է ծննդյան օրվա խոհերով, մեր քաղաքի, երկրի հետ կապված մտահոգություններով:
-Ինչպե՞ս է իրեն զգում 60-ն անց «ծեր ռոքերը»:
-Ռոքն այնպիսի «դրայվ», ներքին էներգիա է տալիս մարդուն, որ ոչ թե հարյուր տարի, այլ հազարամյակներով կհերիքի մարդուն: Ապրում եմ նույն տեմպով, տրամադրությամբ ու դինամիզմով, որի շնորհիվ շարունակում եմ ստեղծագործել: Եվ հետո՝ ինչպե՞ս պետք է իրեն զգա ռոքեր պապիկը, ով իր ծննդյան օրն անցկացնում է թոռնիկների հետ, որոնք իրենց ձեռքով են պատրաստում խորովածն ու հրամցնում նրան:
-Ձեր ընկեր Ռուբեն Հախվերդյանն ասում է՝ 50-ից հետո սեղանը քեֆի կիսատ են թողնում…
-Ամեն տարիք իր գեղեցկությունն ունի: Մարդու ծննդյան օրը նրա մարմնի ծննդյան օրն է: Մենք ի պահ ենք տվել մեր հոգին, մեր ներքին բովանդակությունը… Այդ օրը վարձակալի ծննդյան օրն է:
-Մենակության թեման Ձեր երգերում մեծ տեղ ունի, անգամ այդ թեմատիկայով ձայնասկավառակ ունեք: Դուք գտե՞լ եք մենակության Ձեր բանաձեւը:
-Ընդհանրապես մարդը միշտ մենակ է: Այդ հանգամանքն է նրան ստիպում, որ ինքն իրեն շրջապատի ընկերներով, ընտանիքով: Նա այդ կերպ փորձում է իր հոգու շուրջ կառույց պատրաստել՝ ինքնապաշտպանվելու համար: Ոմանք մենակությունից պաշտպանվում են հարստության, պաշտոնի, աթոռի միջոցով, ոմանք իրենց համար ստեղծում են պատրանքներ…Ամեն դեպքում, հենց այդ մենակության մեջ է բացահայտվում մարդու էությունը:
-Ձեզ, կարծես, հաջողվել է լցնել այդ մենակությունը…
-Ես շատ հարուստ մարդ եմ, ունեմ լավ ընկերներ, լավ ընտանիք, ռոք տատիկն է իմ կողքին, ով 32 տարի իմ թիկունքին է եղել, հարվածային գործիքներ է նվագել, կյանքում էլ է «նվագակցել» ինձ (ծիծաղում է):
-Այս տարիքո՞ւմ էլ եք էրոտիկ բլյուզ երգում:
-Այո՛, անպայման (ծիծաղում է): «Երեւանի սիրուն աղջիկը» շատերին է դուր գալիս, պատրաստվում եմ այդ երգը ներառել իմ հաջորդ ձայնասկավառակում:
-Իսկ նոր երգեր ծնվո՞ւմ են:
-Ինձ նույնիսկ զարմացնում է այն հանգամանքը, որ վերջին երկու տարվա ընթացքում գրվում ու գրվում են երգեր, անգամ չեմ հասցնում տեսակավորել: Մոտ 30 նոր երգ եմ գրել, որոնց շրջանում տարիքային մենության թեման պահպանվում է: Երբեմն զայրանում եմ այն ընկերներիս վրա, որոնք վերջին տարիներին դադարել են ստեղծագործել:
-Ձեր ստեղծագործություններում սոցիալական թեման սուր հնչողություն ունի: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք կուզենաք՝ լուծվեն:
-Այսօր չափանիշները, արժեքային համակարգը փոխվել է, մարդկանց մտածելակերպը, հասարակական գործունեությունը ռաբիսացվել է: Երբեմն գործի բերումով զբաղվում եմ հանդիսավարությամբ, շփում եմ ունենում «վերին» խավերի հետ, եւ ինձ ապշեցնում է նրանց չտեսությունը: Օրինակ՝ մի հարսանյաց հանդեսի ժամանակ քեռին նորապսակներին 12 հազար դոլարանոց արկղ նվիրեց, որի միջից Կահիրեից ժամանած պորտապարուհի դուրս եկավ: Հանդիպել եմ միջահասակ կանանց, որոնք, եթե մի օր ժյուլիեն չուտեն, կարող են գլխապտույտ ունենալ: Մեզ մոտ շատ են նաեւ «ժեշտապաշտները», որոնց գրավում են կրկնվող թվերով համարները: Այս իրականության մեջ կարող ես դուրս գալ Հյուսիսային պողոտա, եւ մի կին օպերա երգի՝ արիա «Անուշ»-ից, եւ փող մուրա: Մի երկրում, որտեղ վաճառվում են երեք միլիոնանոց գինիներ, թոշակառուն կարող է չնչին թոշակ ստանալ:
-Ինքներդ Ձեզ՝ որպես արտիստ, գնահատված զգո՞ւմ եք, ինչո՞ւ ոչ՝ նաեւ ֆինանսական առումով…
-Դա մեր ամենացավոտ կողմն է: Ես համարում եմ, որ ես, Ռուբիկը, Վախթանգը եւ մյուսները, թող անհամեստություն չհնչի, իսկական հայրենասերներ ենք, ովքեր իրենց համեստ վաստակով մնացել են հայրենիքում:
-Մի երգ ունեք, որում Երեւանն անվանում եք «գեղեցիկ շենքերով տգեղ քաղաք»: Ի՞նչը կարող է տգեղացնել մեր քաղաքը:
-Դատարկ գործարաններն ու Հյուսիսային պողոտայի՝ դրանց համարժեք դատարկ տները, տրանսպորտի վատ աշխատելը, ցանկացած որոշում ու տուգանք, որ աբսուրդի թատրոն է հիշեցնում:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Հախվերդյան Ռուբիկը մի լավ երգ ունի, որում ասվում է. «Ես հիշում եմ քաղաքը, ուր ապրում էին մարդիկ մարդկանց նման…». հենց դրա մասին եմ երազում:
ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ
Եթե նախորդ տարի՝ հոկտեմբերի 23-ին, Սիլվա Հակոբյանի երկրպագուներն ամբարձիչ կռունկով բարձրացել էին սիրելի երգչուհու պատշգամբ՝ նրա ծննդյան օրը անակնկալ մատուցելու նպատակով, այս տարի նրանցից ամեն մեկը Սիլվայի անվան ու ազգանվան տառերը ձեռքին լուսանկարվել է, նկարները փակցրել նվերներով լի տուփի վրա եւ կեսգիշերն անց մատուցել երգչուհուն: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց Սիլվայի հայրը եւ պրոդյուսերը՝ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով՝ իրենց ընտանիքում կա ծննդյան տոների ավանդույթ, ըստ որի՝ ընտանիքի անդամները դեռեւս կեսգիշերն անց հավաքվում են տանը եւ նշում հոբելյարի տարեդարձը. բացառություն չէ նաեւ Սիլվայի 26-ամյակը:
Մեզ հետ զրույցում Սիլվայի ընտրյալը՝ պրոդյուսեր Դավիթ Ազարյանը, առանց փակագծերը բացելու պատմեց, որ ինքն իր անակնկալը մատուցել է կեսգիշերին ու բացի այդ՝ պատրաստվում է սիրելիին որեւէ յուրահատուկ տեղ հրավիրել: «Երբ առաջին անգամ հանդիպեցինք, ինձ նրա մեջ առաջինը գրավեց այն հանգամանքը, որ ճանաչում ձեռք բերելով՝ ուրիշների պես չի մեծամտացել»,-անկեղծացավ Դավիթը:
Երգչուհու բնավորության պարզության մասին վկայում է նաեւ Սիլվայի քույրը՝ երգահան Մանե Հակոբյանը, ով, ինչպես ինքն է ասում, Սիլվայի համար «երկրորդ մամա» է: «Բացի գործնական հարցերից՝ տեղյակ եմ նաեւ նրա անձնական կյանքից, միշտ փորձում եմ իմ խորհուրդներով նրան ճիշտ ուղու վրա դնել»,-նշեց Մանեն՝ հավելելով, որ իր երեխայի պես է վերաբերվում քրոջը, մտածում է՝ հանկարծ նրա մատը փուշ չմտնի:
Իհարկե, Սիլվային ոչ ոք ավելի լավ չի կարող ճանաչել, քան նրա ընտանիքի անդամները: Մանեն հիշում է, որ փոքրիկ Սիլոյին իրենք «Մաուգլի» էին ասում, քանի որ վաղ տարիքում շոր հագնելու սովորություն չուներ: Երգչուհու հայրիկն էլ պատմում է, որ երբ Սիլվան հինգ տարեկան է եղել, տկլոր գնացել է դպրոց՝ եղբոր մոտ. «Շատ էր ուզում դպրոց գնալ, ավելի ուշ,արդեն բեմական շորերով, գնաց դասի, ընտրեց իր ուսուցչուհուն եւ մնաց դպրոցում»,-ծիծաղով հիշում է հայրը:
Երգչուհու մտերիմները «Ժողովուրդի» միջոցով իրենց մաղթանքները հղեցին Սիլվային. վերջինիս հայրն ու քույրը ցանկացան, որ նա հաջողակ լինի, իսկ երգչուհու ընտրյալի սրտի խոսքը մեջբերում ենք՝ առանց խմբագրման. «Իմ միակ, շատ սիրելի եւ անփոխարինելի… Շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը: Շնորհակալ եմ, որ քո ջերմ ներկայությամբ լցնում ես կյանքիս օրերը: Շնորհակալ եմ, որ կաս… Սիրում եմ քեզ անչափ»:
«Ժողովուրդը» եւս միանում է շնորհավորանքներին եւ ջերմ մաղթանքներին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Երգիչ Արամ MP3-ն պատրաստվում է հերթական նորությունը մատուցել իր երկրպագուներին: Նրա պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Արամը նոր երգ եւ տեսահոլովակ է պատրաստում: Երգի խոսքերի հեղինակը «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանն է: Ինչպես եվրատեսիլյան տեսահոլովակի դեպքում, այս անգամ եւս Արամ MP3-ն համագործակցում է դիզայներ Արամ Նիկոլյանի հետ: Դե ինչ, սպասենք նոր, գեղեցիկ աշխատանքի:
VARDA-Ի ԻՆՔՆԱԳԻՐԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ինչպես արդեն հայտնել ենք՝ հոկտեմբերի 19-ին հայտնի մերկապարուհի եւ երգչուհի VARDA-ն ժամանել է Հայաստան: Ինչպես հայտնում է NEWS.am STYLE-ը, Պոլդենսի աշխարհի չեմպիոնուհին հանդիպել է երկրպագուներին, զրուցել նրանց հետ եւ ինքնագրեր բաժանել: VARDA-ն ինքնագիր է թողել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար:
«ՍՈՒՊԵՐ ՄԱՄԱ»-Ն՝ ԱՄՆ-ՈՒՄ
Նոր «Սուպեր մամա» կատակերգությունը շուտով կցուցադրվի նաեւ ԱՄՆ-ում: Ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Հայկ Մարությանը ESem.am-ին հայտնել է, որ «Սուպեր մամայի» ամերիկյան պրեմիերան կկայանա նոյեմբերի 14-ին: Այդ առիթով Հայկն առաջիկայում կմեկնի Միացյալ Նահանգներ: Դերասանի կարծիքով՝ անկախ այն հանգամանքից, որ ֆիլմում արծարծվող սոցիալական խնդիրները տեղական բնույթի են, «Սուպեր մաման» կհետաքրքրի նաեւ սփյուռքահայերին:
Նախատեսվում է ֆիլմը ցուցադրել նաեւ այլ երկրներում: Այժմ բանակցություններ են տարվում այն ՌԴ-ում ցուցադրելու համար: Ծրագրեր կան նաեւ ֆիլմը Եվրոպայում, մասնավորապես՝ Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Նիդերլանդներում ցուցադրելու վերաբերյալ:
Ի դեպ, դերասանը ոգեւորությամբ նկատել է, որ ֆիլմի գրանցած արդյունքը գերազանցել է իրենց սպասելիքները: «Ամբողջ աշխարհում ֆիլմի ցուցադրույթունից մեկ-երկու շաբաթ անց դրա հանդեպ հետաքրքրությունը մարում է, իսկ մեր դեպքում ճիշտ հակառակն է. մենք մեկնարկը տվեցինք բումային ցուցանիշով, եւ այն շարունակ աճում է: Կարելի է ասել՝ ֆիլմը բացառիկ է, քանի որ արձագանքները միայն դրական են»,-ասել է նա: