Մարդկանց թվում է, որ եթե փող ունեն, արժեք են ներկայացնում. Դավիթ Ամալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս ամռանը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը հայտնել էր, որ պատրաստվում է հոկտեմբերի սկզբին հանդես գալ մենահամերգով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, երգիչը տեղեկացրեց, որ մենահամերգը հետաձգվել է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

-Սպասված մենահամերգը, ի վերջո, ե՞րբ կկայանա:

-Եթե դեկտեմբերին չլինի, կլինի գարնանը: Ծախսերի հետ կապված խնդիր կա…

Ստիպված եք լինելու հովանավորներ փնտրե՞լ:

-Առանձնապես նման բնավորություն, փող ուզելու սովորություն չունեմ: Մի քանի տարի առաջ մեկ-երկու անգամ դաժան պատասխաններ են եղել, իսկ ես նման բաներ չեմ սիրում: Մարդկանց թվում է, որ եթե փող ունեն, ինչ-որ արժեք են ներկայացնում իրենցից:

-Գիտենք, որ ժամանակին գրավիչ առաջարկներից եք հրաժարվել…

-Գրավիչ առաջարկներ միայն կանանցից եմ սիրում ստանալ(ծիծաղում է): Օրինակ՝ փողատեր մեկից այդպիսի մի առաջարկ էի ստացել, հետո իմացա, որ եթե ինքը գումար տրամադրի, ոնց ասի, պետք է այնպես շարժվեմ, չհամաձայնեցի:

-Երեւի քաղաքական գործիչ է եղել…

-Այո՛, նա քաղաքականության մեջ էր, ես էլ հետագայում չէի կարողանալու որեւէ քաղաքական դիրքորոշում հայտնել, ասացի՝ ինքն էլ, իր փողերն էլ, Աստված իր հետ…Ստեղծել եմ իմ անկախ աշխարհը՝ ընկերներով լի, մի օր պարտքով փող տալով, մի օր վերցնելով. այդպես էլ ապրում ենք…

Վերադառնանք մենահամերգին. դրա ընթացքում պրեմիերաներ կլինե՞ն:

-Այո՛, իհարկե, կնչեն նոր երգեր, որոնց հեղինակը ես եմ: Բայց արդեն հայրենասիրական բնույթի գործեր չեն լինի…Սուտ է. հայրենիքը թաքուն են սիրում, եթե այդ սիրո մասին բարձրաձայնում ես, ուրեմն մի բան այն չէ…

-Վերջերս նաեւ տեսահոլովակներով հանդես չեք գալիս…

-Տեսահոլովակ երեւույթն ինչ-որ շինծու բան է, սինթետիկ արվեստ…Ես նախընտրում եմ դրա փոխարեն ներկայանալ համերգով: Մարդիկ սկսում են ուշադրություն դարձնել հոլովակի աղջկան կամ տղային, դրա սյուժեին՝ մոռանալով բուն ստեղծագործության մասին: Տեսահոլովակը դիտարկում եմ երգը տարածելու զուտ տեխնիկական միջոց:

-Արտերկրից համերգների հրավերներ ունե՞ք:

-Չէ, չեն հրավիրել…Ի դեպ, ես ինքնաթիռից վախենում եմ, այնպես որ ուրախանում եմ, որ առաջարկներ չկան (ծիծաղում է): Առհասարակ, արտասահմանցի հանդիսատեսի համար ելույթ ունեցողներին կարելի է մատների վրա հաշվել, իսկ արտասահմանի ռաբիս հայերի համար պետք է ելույթներով հանդես գան հենց նրանք, ովքեր այսօր համերգներով գնում են արտերկիր…Ես չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց խանութից երշիկ գողացողների, այն մարդկանց համար, ովքեր այստեղ չէին կարողանում ապրել, իսկ արտերկրում գողություն անելով են զբաղված, հենց այդ ժանրն է պետք…Երբեք չկարողացա հասկանալ այդ խավին…Իհարկե, խոսքը բոլորին չի վերաբերում…

-Իսկ Երեւանում կա՞ մի տեղ, որտեղ կարող ենք մշտական լսել ձեզ:

-Նման կոնկրետ տեղ չկա: Երեւանյան ակումբներից մեկում, օրինակ, բարդային կուլտուրա եմ ներկայացնում, բայց որպես երգահան հանդես չեմ գալիս: Մի ժամանակ ռեստորանում էի երգում, հիմա արդեն այնտեղ էլ հանդես չեմ գալիս:

-Ձեր ընտանեկան մոդելը՝ ամուր, ավանդական, կարող է օրինակ լինել շատերի համար: Այսօր հայ հասարակության շրջանում ընտանիք ինստիտուտի վերաբերյալ կարծիքները ոչ միանշանակ են, երբեմն երիտասարդները դժվարանում են ավանդական ու ժամանակակից մոդելների միջեւ ընտրություն կատարել:

-Պատճառն այն է, որ միջինը չեն կարողանում գտնել. երբ ասում են ավանդական ընտանիք, պատկերացնում են, որ բոլորը պետք է տարազներով լինեն, իսկ երբ ասում են ժամանակակից, կարծում են, թե տղամարդը պետք է անպայման ականջօղ կրի…Իրականում այս խնդիրը բարդ փիլիսոփայական չէ…Երբ կինը կին է, տղամարդը՝ տղամարդ, ամեն մեկն իր ֆունկցիաներն է կատարում, ամեն բան իր տեղն է ընկնում:

-Հիմա ինչի՞ մասին եք երազում:

-Փողի. ոչ թե որ հարուստ լինեմ, այլ որ օգնեմ նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն:

Զրուցեց Աննա Բաբաջանյանը




Լրահոս