Միքայել Պողոսյանի 60-ամյակը և «Thank you, հայրիկ»-ի ամերիկյան պրեմիերան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միքայել Պողոսյան-ի 60-ամյակը և «Thank you, հայրիկ»-ի ամերիկյան պրեմիերան
Վերադարձ դեպի արմատներ և ազգային ինքնության բացահայտում. ահա այս գաղափարներն են ընկած «Thank you, հայրիկ» ֆիլմում:

Ֆիլմի սկսելուն պես էլ «շնորհակալություն հայրիկ» արտահայտությունը, թերևս, ամենից հաճախ օգտագործվողն է, սակայն գլխավոր հերոսուհին` Վերջինեն (Վիրջին), ամեն անգամ հանգուցյալ հորը հիշատակելիս դա անում է ոչ թե մեծ սիրուց, այլ ատելությունից դրդված: ԱՄՆ-ում ծնված և ամերիկյան հոգեկերտվածք ունեցող Վիրջիյի համար Հայաստանն ու հայ լինելը բառերի հերթականությունից բացի ուրիշ ոչինչ չէր նշանակում, ավելին` ոչ էլ դրանց իմաստը զգալու և հասկանալու ցանկություն ուներ: Սակայն հոր կտակի համաձայն` 50 միլիոնը ժառանգելու համար նախ պետք է ամուսնանա հայի հետ, և ամենակարևորը վերջինիս անունը պետք է լինի Բարգևոս, որը նրա պապի անունն էր և հոր պարտադիր պահանջը: Հոր նամակի հետքերով և Բարգևոսին վերջապես գտնելու մեծագույն ցանկությամբ Վիրջին գալիս է Հայաստան և ծանոթանում հայկական ավանդույթներին, հայերին բնորոշ մարդկանց հետ շփվելու պարզությանը, ջերմությանը և Բարգևոսի հետ, ում կերպարը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը:

Վերջինս «Thank you, հայրիկ» ֆիլմում հանդես է եկել ոչ միայն որպես դերակատար, այլև պրոդյուսեր և սցենարի համահեղինակ: Այն հարցին, արդյո՞ք դժվար չէր լինել թե էկրանին, թե էկրանից այն կողմ, Միքայել Պողոսյանը պատասխանում է. «Հեշտ չէ, բայց իմ դեպքում դա ավելի լիարժեք արտահայտվելու միակ ճանապարհն է»:

Լիարժեք արտահայտվելու արդյունքն էլ այն էր, որ ֆիլմի ընթացքում հանդիսատեսի շարքերում կարելի էր նկատել արցունքների միջից ծիծաղող մարդկանց և հակառակը: Իսկ ինչպե՞ս զսպել արցունքները, երբ էկրանին հայկական ընտանիքի, սակայն էությամբ ոչ հայ մի աղջկա պատմություն է, ով ֆիլմի սկզբում Հայաստան էր գալիս պարտադրված և միայն հանուն գումարի, իսկ վերջում արդեն հայերենով և արցունքն աչքերին շնորհակալություն հայտնում հանգուցյալ հորը:

«Thank you, հայրիկ» ֆիլմը Միքայել Պողոսյանի եռապատումը եզրափակող աշխատանքն է, որին նախորդել են նույնքան սիրված և հաջողված «Բարի գալուստ» ներկայացումը, ապա «Welcome papa» ֆիլմը:

«Thank you, հայրիկ»-ն էլ ինչպես Միքայել Պողոսյանի մասնակցությամբ և նրա ջանքերով ստեղծված ցանկացած ֆիլմ համեմված է պարզությամբ, քանի որ նրա կարծիքով հանդիսատեսի հետ պետք է խոսել հենց մարդկային լեզվով: Տվյալ ֆիլմում էլ մարդկային լեզուն հարուստ է նաև հուզականությամբ և ոչինչ արված չէ հենց այնպես` ուղղակի հանդիսատես գրավելու և ևս մեկ ֆիլմով հայկական ֆիլմերի շարքը համալրելու նպատակով:

Հայի մասին և հայի տեսակից հեռացող մարդկանց մասին ֆիլմում իրենց ապրումները, ծագումով հայ լինելու, սակայն հայ չզգալու բախումները հատկապես արդիական կլինեն սփյուռքում ապրող հայերի համար:

Ի ուրախություն նրանց` «Global arts international»-ը և դրա հիմնադիր-նախագահ Գարբիս Թիթիզյանը 2014 թվականի նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում նախաձեռնել են «Thank you, հայրիկ» ֆիլմի ամերիկյան պրեմիերան:

Գարբիս Թիթիզյանի խոսքով` իրենք կազմակերպել են ֆիլմի ամերիկյան պրեմիերան ոչ միայն այն հանգամանքից ելնելով, որ Միքայել Պողոսյանն իր 25 տարիների ընկերն է, այլ պարզապես «Thank you, հայրիկ»-ն իսկապես հաջողված է.
«Այս ֆիլմն ունի հանդիսատեսին ուղղված հաղորդագրություն, նույնիսկ երբեմն զգում ես, որ մարմնով փշաքաղվում ես: Այդ զգայական հատվածը հատկապես սփյուռքահայերի համար հետաքրքիր կլինի»:

Միաժամանակ նոյեմբերի 21-ին կրկին «Global arts international»-ի նախաձեռնությամբ նշվելու է Միքայել Պողոսյանի 60-ամյակը, թեև վերջինս այն տոնել է ընթացիկ տարվա մայիսի 31-ին: Իր ծննդյան մասին Միքայել Պողոսյանն ասում է, որ երբեք էլ չի սիրել այն մեծ շուքով նշել.

« Իմ հոբելյանները միշտ նշել եմ ներկայացման կամ ֆիլմի պրեմիերայով: Նույնն էլ արել եմ այս տարի: Կարծում եմ, որ այդ օրերին պետք է որևէ բան տաս, ոչ թե հաճոյախոսություններ և գովասանքներ լսես»:
Ստացվում է, որ նոյեմբերի 21-ին ամերիակաբնակ հայերին Միքայել Պողոսյանին ոչ թե նվիրելու, այլ նվեր` «Thank you, հայրիկ» ֆիլմի տեսքով ստանալու և շնորհավորելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում :

Նշենք են նաև, որ նախքան ամերիկյան պրեմիերան`«Thank you, հայրիկ»-ը գնահատել է ոչ միայն երևանաբնակ հանդիսատեսը, այլև ռուսական «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի ժյուրին: «Thank you, հայրիկ»-ը ճանաչվել է համատեղ արտադրության լավագույն ֆիլմ և արժանացել է կինոփառատոնի գլխավոր մրցանակի:
Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակներն են Միքայել Պողոսյանը և Վիգեն Ստեփանյանը, օպերատորը՝ Արթուր Ղարայան, կոմպոզիտորը՝ Վահագն Հակոբյան, նկարիչ՝ Արմեն Ղազարյան, մոնտաժը՝ Տիգրան Բաղինյան:
Վիրջիյի դերում նկարահանվել է ԱՄՆ-ից ժամանած իտալական ծագում ունեցող Քրիստա Դոնարգոն:

Դերերում՝ Միքայել Պողոսյան, Վիգեն Ստեփանյան, Լուիզա Ղամբարյան, Լևոն Հարությունյան. Երվանդ Մուրյան, Գեորգի Հովակիմյան և ուրիշներ:
Արտադրանքը՝ Team Production-ի, Mars Media Entertainment-ի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի:




Լրահոս