«Մահվան մահճում գտնված երեխան չի կարողացել հիշել իր անունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, անդրադառնալով Իրաքի հյուսիսում եզդիների ցեղասպանության շարունակմանը, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. 

«Ես հասկանում եմ, որ այս կյանքում դժբախտաբար ոչ բոլոր մարդիկ են արդար և ոչ բոլորն են անկեղծ: Մեր կյանքը չգիտեմ՝ ինչու շատ դառն է, ամենուր շահ են փնտրում բոլորը…

Այս անխիղճ ու բարոյականությունը մոռացած ժամանակներում ես հավատում եմ Աստծո պատժին և խղճի գոյությանը: Չնայած գերհզոր պետությունների խոսքից բացի լիարժեք գործունեություն չեմ տեսնում, եզդիների ցեղասպանությունը չի դադարեցվում: Անցել է շուրջ 3 ամիս, սակայն դեռևս չի երևում, թե երբ Շանգալի ազատագրումը իրականություն կդառնա:

Գերհզոր պետություններն ու աշխարհը տիրող հզոր անձեր, ինչպես ուզում եք տիրացեք Ձեր «կարկանդակին», ինչպես ուզում եք բաժանեք միմյանց միջև, բայց Շանգալի ազատագրումը պետք է իրականացվի առանց հետաձգման: Վերջապես ցուցաբերեք կամք, բարիություն, աջակցեք մեր ժողովրդին, չէ՞ որ առջևում ձմեռ է: Իսկ Շանգալի եզդիների մեծամասնությունն անօթևան և անօգնական է սարերում: Փախստականների ճամբարներում գտվողների մեծ մասը նույնիսկ մեկ ծածկոց չունի ցրտից պաշտպանվելու համար: ԻՊ-ի հրեշներից որքան ուզում եք գնեք հանցավոր ճանապարհով ձեռք բերած նավթը, բայց այդ նավթը մի խառնեք անմեղ զոհերի արյանը:

ԻՊ-ի հրեշները մեր ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն արդարացնում են, քանի որ մենք նրանց համար այլադավ ենք: Հպարտանում են, որ 21-րդ դարում վերահաստատել են ստրկությունն ու ստրկավաճառությունը: 3 ամիս շարունակվում է մեր ժողովրդի ցեղասպանությունը: Նույն հրեշների «դպրոց» կոչվող հաստատություններում պահվող 8-14 տարեկան եզդի երեխաների մի մասը, չնայած մեր հայրենակիցների հորդոր կոչին, չի հեռանում այդ «դպրոցներից»: Նրանց արդեն սովորացրել են, որ այլադավին սպանելուց հետո դրախտ կգնան: Մի՞թե մեր ժողովրդի երեխաներն ապագայում կդառնան մարդասպաններ, հրեշներ: Ո՞վ է պահպանելու մեր ժողովրդի մշակույթը, պատմությունը կրոնը և վերջապես մեր հազարամյա բնօրրանն ու սրբատեղիները: Եթե Շանգալը չազատագրվի և չլինի եզդիական բնօրրան, ապա դա կարող է լինել մեր կրոնի վախճանը:

Մարդկության հնագույն կրոններից մեկը և այդ կրոնը պահպանող արիական ազգը կանգնած է կործանման եզրին: Այսօր ավելի քան երբեք պետք է լինենք միասնական ու պայքարենք մեր ժողովրդի ու կրոնի համար: Փախստականների ճամբարներում նոր ծնված երեխաներին եզդիներն անվանում են «Ֆարման»՝ ցեղասպանություն ապրած: Իսլամիստներից ազատագրված 2 տարեկան վիրավոր երեխան հիվանդանոցում նույնիսկ չկարողացավ ասել իր անունը, մահանալուց հետո նրան հուղարկավորողները նրան կոչեցին «Բեկըս»՝ անանուն-անտեր: Եթե ԻՊ հրեշներն ինչ-որ մարդկանց, պետությունների մկանների ուժն են իրենցից ներկայացնում, ապա ի՞նչ են ասում ձեր սիրտն ու հոգին՝ տեսնելով նրանց վայրագությունները: Մեր ժողովրդի հավատը չի կորել, որովհետև նա երբեք չի կորցրել հավատը մարդկության հանդեպ: Ոչ մի պատճառ որևէ մեկին իրավունք չի տալիս եզդիների ցեղասպանության դադարեցմանը խոչընդոտել: Աստծուց վախեցեք, մի կործանեք մեր կրոնն ու ազգին»:




Լրահոս