Նախարարությունների միացումը՝ անակնկալ Արմեն Երիցյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախապես տեղյակ չի եղել, որ իր կողմից ղեկավարվող գերատեսչությունը միանալու է Տարածքային կառավարման նախարարությանը. այս մասին նախարարը նիստից հետո նշեց լրագրողների հետ զրույցում:

Ի պատասխան հարցի, թե որքանով են համատեղելի այս երկու նախարարությունները, նախարարն ասաց. «Կարծում եմ, որ համատեղելի են, որովհետև Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր գործառույթները կատարում էր և միացումից հետո համատեղ աշխատանքները կկատարվեն: Հիմնականում փրկարարներն աշխատում են մարզերում՝ հիդրոմետ, սեյսմիկ ծառայությունները մշտապես համագործակցում են»:

Դիտարկմանը, թե գյուղատնտեսության նախարարությունն էլ է հիմնականում մարզերում աշխատում, նախարարն արձագանքեց. «Անհեթեթ հարցեր մի՛ տվեք»:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում որոշում կայացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման նախարարությանը: Սակայն դեռ պարզ չէ, թե ով է զբաղեցնելու նոր՝ «սուպեր» նախարարի պաշտոնը:




Լրահոս