Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը միացնել Տարածքային կառավարման նախարարությունը, ինչպես նաև ստեղծել նոր նախարարություն, որն էլ կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այն տեսակետն արտահայտեց, թե նոր նախարարություն ստեղծելու կարիք ամենևին չկա: Նա այն կարծիքին է, թե ընդամենը պետք է ամեն մի նախարարություն իր մասով իրեն լիազորված գործառույթները ճիշտ կատարի:
Նախագծի գլխավոր զեկուցողն Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էր, ումից էլ Հեղինե Բիշարյանը փորձեց ճշտել, թե որքանով են համատեղելի ԱԻ և ՏԿ նախարարությունները:
Նախարարի խոսքով, Տարածքային կառավարման նախարարության գլխավոր գործառույթը տարածքային զարգացման քաղաքականությունն է, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթը, բացի փրկարարական և սեյմսիկ պաշտպանության գործառույթներից, ռիսկերի գնահատման և դրանց բխած հետևանքների գործառույթն է: Հովհաննես Մանուկյանը հիշեցրեց, որ սեյսմիկ ծառայությունը նախկինում եղել է Տարածքային կառավարման նախարարության մաս, և երկու նախարարությունների միավորումը ոչ մի խնդիր չի կարող առաջացնել:
Խոսելով արդեն նոր ստեղծվող նախարարության մասին` Մանուկյանն ընդգծեց, որ ինտեգրացիոն գործառույթը դրված է եղել Էկոնոմիկայի նախարության վրա, բայց Կառավարությունը, գնահատելով ինտեգրացիոն գործառույթի ծանրաբեռնվածությունը, որոշել է ստեղծել նոր նախարարություն: