ՄԱՐԶՊԵՏԸ ԵՂԲՈՐԸ 97 ՄԼՆ-Ի ԳՈՐԾ Է ՏՎԵԼ
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ նրա եղբայրը` Նաիրի Սահակյանը, հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչների կողմից ուսումնասիրվում է մարզպետարանի աշխատակիցների՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առիթով հարուցված քրեական գործը:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Վերին Բազմաբերդի, Եղնիկ, Նոր Եդեսիա եւ Ուջան համայնքների դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար մրցույթ է հայտարարել: Արդյունքում հաղթել է «Ես եւ նա» ՍՊԸ-ն: Ըստ պետռեգիստրի՝ այդ ընկերության հիմնադիրը Նաիրի Սահակյանն է, որը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է:
Ըստ մեր աղբյուրների՝ «Ես եւ նա» ընկերությունը, որն իրականացրել է դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, կասկածվում է չարաշահումներ թույլ տալու մեջ, քանի որ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են առհելի գումարների կորուստներ:
Հենց այդ կորուստների փաստն էլ առիթ է դարձել, որ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչները պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով քրեական գործ հարուցեն` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության կամ պետության օրինական շահերին հակառակ օգտագործելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերը նշված մրցույթում հաղթած «Ես եւ նա» ընկերությանը, ասել է թե՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը` Նաիրի Սահակյանին, հատկացվել է 97 միլիոն դրամ` դպրոցների հիմնանորոգման աշխատանքները կատարելու համար: Իսկ թե տրամադրված գումարից որքանն է նպատակին ծառայել եւ որքանն է անհետացել, պետք է պարզի քննությունը:
Մինչ այդ, օրերս Արագածոտնի մարզպետից պահանջել են տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա «Ես եւ նա» ընկերությունը մրցույթի հաղթող է ճանաչվել, ինչպես նաեւ՝ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների վերահսկման վերաբերյալ փաստաթղթերը: Ասել է թե՝ քննիչները փորձում են պարզել՝ արդյո՞ք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ըստ պատշաճի հետեւել է իր եղբոր հետ կնքված 97 մլն դրամ արժողությամբ գործարքի կատարման ընթացքին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հաստատեց, որ իր եղբոր ընկերությունը հաղթել է իրենց մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթում եւ իրականացրել դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Սակայն, ըստ մարզպետի, որեւէ գումարի կորուստ չի եղել:
-Պարո՛ն Սահակյան, ճի՞շտ է, որ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչները պաշտոնական լիազորությունները չարաշահելու հետ կապված քրեական գործ են քննում:
-Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, որ կարողանան գործ սարքեն:
-Այդ դեպքում ինչո՞ւ են Ձեզանից այս ողջ պրոցեսի հետ կապված փաստաթղթեր պահանջել:
-Մարդիկ իրավունք չունե՞ն մարդկանցից փաստաթուղթ պահանջելու, սա պետություն է:
-Բայց պահանջել են, որ հասկանան, թե ինչ եք կոծկում:
-Չեն պահանջել:
-Քիչ առաջ ասում էիք, որ պահանջել են, հիմա պահանջե՞լ են, թե՞ ոչ:
-ՉԷ՛:
-Դուք ինքներդ հետեւե՞լ եք, թե ինչպես է Ձեր եղբոր ընկերությունն իրականացնում աշխատանքները:
-Իհարկե, ամեն ինչ անցել է նորմալ:
-Իսկ եթե հաստատվի, որ թերություններ են եղել, գումարի կորուստներ են եղել, չե՞ք վախենում քրեական պատասխանատվությունից:
-Բացարձակապես, նման բան չկա: Եթե հակառակը լինի, այդ ժամանակ նոր կխոսեմ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը հունիսի 18-ին գրել էր, որ մայիսի 30-ին Աշտարակի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Արմեն Անտոնյանն առաջարկել էր Աշտարակի նոր կառուցվող սպորտդպրոցի հարակից շուրջ 1.300 քմ հողատարածքն աճուրդի հանել՝ գազալցակայան կառուցելու համար, ինչը լուրջ դժգոհությունների առիթ էր դարձել:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՓՈՐՁԵԼ Է ԿԱԽՎԵԼ
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի՝ հոկտեմբերի 31-ին ինքնասպանության փորձ կատարած 38-ամյա կալանավոր Արմեն Թամարյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ կալանավորը փորձել է ինքնասպանության դիմել սավանով կախվելու միջոցով: Ինքնասպանության փորձը կանխել են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին՝ Թամարյանը եղել է «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ եւ մեկ տարի առաջ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:
Ինքնասպանության փորձ կատարած կալանավորը 4 երեխա ունի, ովքեր գիշերօթիկ դպրոցի սաներ են, իսկ նրանց մայրը Վանաձորի շուկաներից մեկում առեւտրով է զբաղվում: Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ կալանավորն ինքնավնասման հակում ունի, քանի որ նախկինում եւս նման փորձեր է կատարել. նրա մարմնի տարբեր մասերում, այդ թվում՝ նախաբազկի հատվածում առկա են սպիներ: Արմեն Թամարյանը տարիներ առաջ եռացող ձեթ է լցրել իր երեխաների վրա, ինչի պատճառով եւս ազատազրկվել է: Այժմ նա կալանքի տակ է` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով առաջադրված մեղադրանքով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):
ԲԺԻՇԿՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՄԵՂՔԸ
Երեկ մեկնարկեց «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերությունում բժիշկների մասնագիտական անփույթ վերաբերմունքի պատճառով 2013 թվականին Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Սամվել Էլոյանի մահվան գործի դատաքննությունը: Քրեական գործը քննում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանը: Ամբաստանյալի աթոռին է հայտնվել բժիշկ-վիրաբույժ-վնասվածքաբան Կարապետ Մհերյանը: Armlur.am-ի այն հարցին, թե դատարանում ինքը պաշտպան ունի՞, բժիշկը պատասխանեց. «Ես ոչ մեկի օգնության կարիքը չունեմ»: Նա դրական պատասխանեց մեր այն հարցին, թե արդյոք ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը:
Իսկ երբ Armlur.am-ը փորձեց ճշտել, թե արդյոք ինքն ընդունում է, որ Սամվել Էլոյանի մահը բժիշկների անփութության հետեւանք է, գործով մեղադրյալ բժիշկը պատասխանեց. «Էլ ոչ մի կամենտարիա»,-եւ անջատեց խոսափողը:
Տեղեկացնենք, որ աղեստամոքսային տրակտի սուր արնահոսությամբ 2013 թվականի հունվարի 1-ին նշված բուժկենտրոն բուժօգնության դիմած Սամվել Էլոյանի շարունակվող արնահոսության եւ պահպանողական բուժման ոչ արդյունավետ լինելու պայմաններում բժիշկը չի կատարել վիրահատական բուժում` արյունահոսության դադարեցման համար: Արդյունքում՝ 2013թ. հունվարի 4-ին՝ ժամը 15.35-ին, Սամվել Էլոյանը մահացել է:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԻ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ՝ ԴՌՆՓԱԿ
Նախկին ոստիկանի կողմից Ադրբեջանին «ռազմական բնույթի» տեղեկություններ փոխանցելու փորձ կատարելու փաստի առիթով հարուցված քրեական գործն ուղարկվել է եւ այժմ քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Դատն ընթանում է դռնփակ:
2014թ. հունվարի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կասեցրել էր Երեւան քաղաքի բնակիչ 60-ամյա Խաչիկ Մարտիրոսյանի կողմից Ադրբեջանին «ռազմական բնույթի» տեղեկություններ փոխանցելու փորձը:
Ըստ ԱԱԾ-ի՝ ձեռք էին բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ. Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, անցյալ տարվա օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել էր Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ էր հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր ծառայությունները:
Խ. Մարտիրոսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել էր ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ եւ դրանք կատարելու նպատակով ձեռնարկել գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ. Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, որը կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՐՏՔՈՎ ԳՈՒՄԱՐՆ ՈՒ ԴԱՏԱՐԱՆԸ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը 2011թ. ապրիլի 15-ին դատական կարգով վերադարձրել է 35 միլիոն 500 հազար դրամի իր պարտքը: Նա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել, որով պահանջել է՝ ոմն Արամ Վիրաբյանից հօգուտ իրեն բռնագանձել 35 միլիոն 500 հազար դրամ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Պողոսյանը վճռել է բավարարել հայցադիմումը եւ Վիրաբյանից հօգուտ Դավիթ Քոչարյանի բռնագանձել վերը նշված գումարը:
ԴԱՆԱԿՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՔԵՌՈՒՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: 1985թ. ծնված Լուսինեն վիճել է իր քեռու հետ եւ դանակով հարվածներ հասցրել նրան: Պարզվում է՝ Լուսինեն եւ նրա քեռին կենցաղային հարցերի շուրջ հաճախ են վիճել, սակայն այս անգամ կրքերն անհամեմատ ավելի շատ են թեժացել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը` հավելելով, որ հետաքննություն է ընթանում: