«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի և ՕԵԿ կողմից Սահմանադրական դատարան դիմելու հարցերի մասին:
«Ցավակցում եմ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին` միևնույն ժամանակ առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթում վթարի հետևանքով վիրավոր ուղևորներին: Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրի-Երևան ավտոմայրուղու «Հոռոմի» խաչմերուկ կոչվող հատվածում, առաջին հերթին պայմանավորված էր լուսավորության բացակայությամբ: Առիթներ ունեցել եմ անդրադառնալու, որ բազմիցս են շիրակցի վարորդները հայտնել իրենց մտահոգությունը այդ խաչմերուկի և դրանից մի քիչ ներքև «Կարկաչան» ռեստորանի հարևանությամբ գտնվող տեսանելիության ցածր աստիճան ունեցող փոքր լայնությամբ կամուրջի հատվածում տրանսպորտային երթևեկության վտանգավորության մասին: Նշված ճանապարհահատվածում պարբերաբար են տեղի ունենում վթարներ, և ցավոք սրտի վթարների մեծ մասը մահվան ելքով: Այս ամենի պատճառը կամուրջի նեղությունը և տարածքի լուսավորումն է, որին առավել մանրամասը կանդրադառնամ վաղը` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ», – հայտարարել է նա:
Նշված հարցին լուծում տալու և ժողովրդին այս խայտառակ վիճակից հանելու նպատակով «Օրինաց Երկիր» խմբակցությունը դեռ ամռանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որ հարցը քննարկվի դատարանում, սակայն պաշտպանն անհասկանալի պատճառներով ետ վերցրեց դիմումը: Այս նպատակով ՕԵԿ խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնում: