«ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ ՁԵԶ Ի՞ՆՉ ԷՐ ԱՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանդակագործ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը, ով առավել հայտնի դարձավ 2007 թվականին Երեւանում տեղադրված «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների արձանախմբով, մեզ հետ զրույցում նախ իր ափսոսանքը հայտնեց հայտնի քանդակագործ Արա Շիրազի մահվան կապակցությամբ՝ բնութագրելով նրան որպես «շատ լուրջ տոհմի շարունակող եւ շատ լուրջ քանդակագործ», ապա ներկայացրեց քանդակագործության վիճակը Հայաստանում:

-Հասարակարգերի, աշխարհաքաղաքական փոփոխության կամ այլ պատճառներով լինում են ժամանակահատվածներ, երբ, կարծես թե, քանդակագործությունը թաքնված, մոռացված է լինում, եւ տարիներ առաջ ապրեցինք այդ շրջաններից մեկը։ Հայը տաղանդավոր, ավելին՝ շատ հանճարեղ ծնունդներ, անհատականություններ ունի, քանդակագործները, մշակույթը, միտքը կան, ուղղակի չկա այն թաց բամբակը, որ լուսամուտի մոտ են դնում, ցորենը կամ սիսեռը գցում վրան, եւ նրանք ծիլ են տալիս, աճում մի շաբաթում։ Այ, այդ թաց բամբակի խնդիրը կա, ոչ թե քանդակի, քանդակագործի կամ քանդակագործության։ Եթե ավելի հասարակ տերմինոլոգիայով ասեմ, պատվերի խնդիր կա։
-Պետպատվերի՞։
-Կարեւոր չէ՝ պետպատվեր է, մասնավոր, թե՞ ուղղակի պատվեր։ Պետք է քանդակագործին պատվիրել եւ վստահել, չխառնվել, չասել. «Քանդակիր, բայց կրծքին անպայման լինի մի չորս կոճակ կամ մեկ այլ բան, ինքը լինի ուղիղ կանգնած, նայի դեպի Մասիսը»։ Վերջերս որպես գեղխորհրդի անդամ մի գործ էի նայում, երբ հեղինակն իր ունակություններից, ճաշակից դուրս ինչ-որ մի անհեթեթ տարբերակ էր ներկայացնում եւ արդարանում՝ սա անում եմ, որ պատվիրատուն հավանի։ Այդ խնդիրն է, թե չէ քանդակագործներ, գրողներ, պոետներ չեն կարող չլինել, հայ ազգը դարեր շարունակ, նույնիսկ Եղեռնի, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ միշտ ունեցել է տաղանդներ, անհատականություններ, պարզապես նրանց թեւեր, այսպես ասած, «դուխ տալ» է պետք։
-Ամեն անգամ հասարակարգի փոփոխության արդյունքում առաջին հերթին տուժում են հուշարձանները։ Դա 90-ականներին եղավ մեզ մոտ, երբ ոչնչացվեցին Լենինի արձանները, հիմա նույնը կատարվում է Ուկրաինայի որոշ քաղաքներում։ Դուք դա ինչպե՞ս եք գնահատում։
-Շատ վատ եմ գնահատում այդ երեւույթը, որովհետեւ ոչնչացվում է մի ամբողջ սերնդի պատմություն։ Պատկերացրեք, եթե բոլշեւիկները վերացնեին այսօր Սանկտ Պետերբուրգի սիմվոլ հանդիսացող Պետրոս Առաջինի արձանը, քանի որ նա ցար է եղել։ Նույնը կատարվեր Ֆրանսիայում. Մարատը, Ռոբեսպիերը, մյուսները սկսեին բոլոր լյուդովիկոսներին, անտուանետաներին վերացնել, Վերսալը եւ Լուվրը քանդեին որպես նրանց սիմվոլ։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան պատմական մի շերտ է, որ պետք է դիտել որպես եղած փաստ, իրողություն։ Երեւանի կենտրոնական հրապարակում Լենինի արձանը քանդեցին, հիմա պատկերասրահի բակում անգլուխ գցած է, մինչդեռ այն ամբողջ Սովետական Միության տարածքի Լենինի լավագույն արձաններից է, արվեստի գործ, Մերկուրովի լավագույն աշխատանքներից։ Այդ դեպքում Շահումյանի արձանն էլ վերացրեք. մի բոլշեւիկ էլ նա էր։ Երեւի պարզապես տեխնիկական խնդիր է եղել, չեն կարողացել քանդել. գրանիտից էր ու ծանր։ Ուրեմն իրավունք չունենք հիանալ Չինաստանի կամ Բանգկոնգի բուդդայի արձաններով, քանի որ քրիստոնյա՞ ենք, դա մերը չէ՞։ Եղբայր ջան, սա էլ մերը չէ, բայց կան արժեքներ, որոնց չի կարելի ձեռք տալ։ Բանվորի արձանը ձեզ ի՞նչ էր արել։ Դա կերպար չէր, սիմվոլ էր, եւ այն վերացրեցիք։ Գործարանները թալանեցիք, որեւէ գործարան չմնաց, դրա համար էլ ժողովուրդը «նստել է» առեւտրի վրա։
-Քաղաքում մի պահ թափ առավ, այսպես ասած, կավե արձանների շքերթը։ Դրան ի՞նչ գնահատական կտաք։
-Դրանք անհեթեթություններ էին ճաշակի, որակի, կատարման, ամեն առումներով։ Ես դրական եմ գնահատում միայն այն գաղափարը, որ այդ Մեծերը հայտնվեն Երեւանում, բայց գեղագիտական եւ տեխնիկական լուծումների առումով դա ճիշտ չէր արված։ Եվ, փառք Աստծո, որ դրանք համարյա վերացան, ընդամենը Իսահակյանի գրադարանի մոտ մի քանի հատ են թողել։ Շուտով, երեւի, դրանք էլ կանհետանան։

 

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է 9 ՀԱՅՏ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հրաժարականից հետո, այդ թափուր պաշտոնի համար ՀՀ մշակույթի նախարարությունը մրցույթ է հայտարարել։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն էր, եւ մենք դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին՝ պարզելու, թե քանի հոգի է հայտ ներկայացրել, եւ ովքեր են նրանք։ ««Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 հայտ: Դրանք, բնականաբար, բավարարում են բոլոր պարտադիր եւ լրացուցիչ պայմանները, որոնք մրցույթի վերաբերյալ հայտարարությունում նշված են։ Սակայն քանի որ տվյալ դեպքում անձի տվյալներ պարունակող տեղեկատվություն կա, բնականաբար, պետք է բոլորս էլ օրենքի համաձայն առաջնորդվենք, այսինքն՝ նրանց անունները չտանք»,-փոխանցեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ մրցույթի պայմաններից է, մասնավորապես, մշակութաբանություն, արվեստաբանություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզու, մանկավարժություն եւ հոգեբանություն, արվեստի կառավարում (մենեջմենթ), թատերագիտություն, երաժշտագիտություն մասնագիտություններից որեւէ մեկի առկայությունը։ Թեկնածուն պետք է ունենա թատրոնի զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն: Լրացուցիչ պայմաններից են առնվազն երկու օտար լեզուների իմացությունը, ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողությունը, ինչպես նաեւ, օրինակ, տրամաբանելու եւ տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը, ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացությունը:
«Մրցույթը կայանալու է 2014 թվականի ապրիլի 4-ին, այն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի։ Ինչ վերաբերում է մրցութային հանձնաժողովին, ապա, համապատասխան օրենքի համաձայն, այն ձեւավորվում է մրցույթից 24 ժամ առաջ` պատահական վիճակահանությամբ՝ տվյալ ոլորտի մասնագետներից»,- տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ հայտ ներկայացրած 9 թեկնածուների թվում են օպերային մեներգիչ Տիգրան Դավթյանը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը, կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանը եւ օպերային հայտնի մեներգիչ Բարսեղ Թումանյանը։ Ի դեպ, թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Մութաֆյանը նույնպես ցանկացել է հայտ ներկայացնել, սակայն, իմանալով, որ նման ցանկություն ունի նաեւ Բարսեղ Թումանյանը, փոխել է մտադրությունը, քանի որ վերջինիս համարում է արժանի թեկնածու։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ՝ ԱՅՍՕՐ
Այսօր՝ ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում տեղի կունենա «Ռեգենթագ» ցուցադրությունը, որը ներկայացնում է ավստրիացի արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի համանուն պորտֆոլիոն: «Ռեգենթագ»-ը (Անձրեւոտ օր) Հունդերթվասերի հայտնի գործերից է՝ բաղկացած տասը գրաֆիկական աշխատանքներից: Նորարարական եւ բծախնդիր կատարողական տեխնիկայով ստեղծված այս ստեղծագործությունները ներկայացնում են Հունդերթվասերի յուրօրինակ ոճը՝ վառ արտահայտված գույներով եւ դեկորատիվ բիոմորֆիկ ձեւերով:
Նշենք, որ ցուցադրությունը կտեւի մինչ հունիսի 15-ը:

 

ՎԹԱՐԻ ԵՆ  ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ռուսական շոու բիզնեսի հայտնի զույգը՝ Լեոնիդ Ագուտինն ու Անժելիկա Վարումը, Կեմերովոյի մարզի Պրոկոպեւսկ քաղաքում ավտովթարի է ենթարկվել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներն անմիջապես բուժզննում են անցկացրել, որից հետո արտիստները հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց եւ մեկ այլ մեքենայով ուղեւորվել են հյուրանոց: «Mercedes-Benz» մեքենային, որում գտնվել են աստղերը, հարվածել է «Nissan» մակնիշի մեքենայի վարորդը: Հիշեցնենք, որ Ագուտինն ու կինը համերգային ծրագրի շրջանակներում Պրոկոպեւսկ են ժամանել Բառնաուլից: Միջադեպի հետեւանքով Վառումն իրեն լավ չի զգացել, եւ Ագուտինը ստիպված է եղել բեմ դուրս գալ միայնակ:

 

ՏՐԱՆՍՎԵՍՏԻՏ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում Ասվտրիան ներկայացնելու է մորուքավոր գլամուր տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստը: 25-ամյա արտիստը ներկայացրել է իր մրցութային հոլովակը՝ նկարահանված «Rise Like A Phoenix» երգի հիման վրա: Մորուքավոր Կոնչիտան ներկայանում է վառ կարմիր շրթներկով: Նախ` կազմվածքն է ցուցադրում սեւ զգեստով, այնուհետեւ այն փոխարինում արծաթագույն կոստյումով: Բացի այդ, Կոնչիտան հանդիսատեսին ներկայանում է վարդի թերթիկներով լի լոգարանում մերկ նստած:

 




Լրահոս