Ինչու են մեր արվեստագետներն իրենց ապագան տեսնում հայրենիքից դուրս (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսական սուղ միջոցները, արտերկրի գայթակղիչ առաջարկներն ու հեռանկարները հաճախ ստիպում են հայաստանցուն մտածել արտագաղթի մասին: Այս գործընթացից զերծ չեն մնում նաեւ արվեստի մարդիկ: «Ժողովուրդը» զրուցել է մեր երկիրը լքած հայ հայտնիներից մի քանիսի հետ:

Hovhannes-Babaxanyan-1

Դերասան Հովհաննես Բաբախանյանը, ով արդեն տեւական ժամանակ է՝ ապրում է ԱՄՆ-ում, նշեց, որ ինքն այդ երկիր մեկնել է աշխատանքային հրավերով. «ԱՄՆ-ն ինձ տվեց տարբեր մշակութային շերտերի հետ առնչվելու, դրանց ներկայացուցիչների հետ աշխատելու հնարավորություն»,-մեկնաբանեց նա՝ հավելելով, որ ուրախ կլինի, եթե Հայաստանում դերասանին բարձր վճարեն:

image-2395

«Արմենոիդս» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը, ով եւս բնակվում է Միացյալ Նահանգներում, նշեց, որ Հայաստանում նոր գործեր թողարկելու համար մշտապես հովանավորների պակաս է զգացել, իսկ ահա ԱՄՆ-ում այդ խնդիրը չկա. «Այս երկրում ինձ հաջողվում է շաբաթական աշխատել մեկ տեսահոլովակի գումար, այստեղի ստուդիաներն ունեն համաշխարհային ցանցեր, երաժշտական ընկերություններն ունեն մասնաճյուղեր աշխարհի շատ երկրներում, ուստի այս ասպարեզում առաջիկա հաջողություններս կապում եմ միմիայն ԱՄՆ-ի հետ»,-պարզաբանեց երաժիշտը:

10811644_765786270158857_740813698_n

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանն էլ, ով ամուսնացել է ֆրանսահայ բիզնեսմենի հետ, իր ապագա երեխաների ապագան կապում է այդ երկրի հետ. «Ցավոք, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիայում նրանց ապագան ավելի լավը կլինի… »,-նկատեց նա:
Ջութակահար Հրայր Կարապետյանն արդեն երկու տարի է, ինչ Բելգիայում է՝ ուսանելու նպատակով: «Եվրոպան դասական երաժշտության կենտրոնն է, այստեղ երաժիշտի հնարավորությունները մրցույթների, փառատոնների մասնակցելու, հիանալի մասնագետներից սովորելու առումով շատ մեծ են»,-նշեց Հրայրը՝ հավելելով, որ շատ ուրախ կլինի, եթե ուսումն ավարտելուց հետո հայրենիքից ունենա հարմար առաջարկ, եւ վերադառնալու հնարավորություն լինի:

10421270_10205154428845781_4432094691978269045_n

Դերասան, ռեժիսոր Արթուրո Սայանը մեկ տարուց ավել է՝ Գերմանիայում է. նրան այդ երկիր է տարել գերմանական ճշտապահությունը, գործի հանդեպ գերագույն պատասխանատվությունը. «Հայրենիքում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չունեի արվեստում իմ իրական խոսքն ասելու հնարավորությունը»,-անկեղծացավ նա:
Ու թեեւ մեր հայտնիներն արտերկրում են ամենատարբեր պատճառներով ու նպատակներով, եւ հայտնի չէ՝ նրանք կվերադառնան հայրենիք, թե ոչ, սակայն մեզ հետ զրույցում բոլորը միաբերան նշում էին, որ անչափ կարոտել են Հայաստանը:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարները` El Style-ի, Bravo.am-ի




Լրահոս