Ավարտվեցին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-17-ն անցկացված աղջիկների ֆուտզալի մրցույթներով ավարտվեցին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը։ Ֆուտզալի աղջիկների առաջնությանը մասնակցում էր 6 թիմ։ Առաջին տեղը գրավեց ԵՊՀ թիմը, 2-րդ հորիզոնականում Հայկական պետական մանկավարժական համալսարանի աղջիկներն էին, 3-րդում՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները։ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ աղջիկների պայքարն անցավ շատ հետաքրքիր, և այս մարզաձևը փորձում են Հայաստանում զարգացնել։

Հովհաննես Գաբրիելյանը նշեց նաև, որ 15-րդ ուսանողական մարզական խաղերն աննախադեպ էին թե′ մասնակիցների, թե′ ներգրավված մարզաձևերի թվով։ Այս տարի առաջին անգամ անցկացվեցին ձյուդոյի և հրաձգության մրցույթներ։ Խաղերին մասնակցություն ունեցավ մոտ 3500 ուսանող ՀՀ պետական և ոչ պետական 21 բուհերից։ 9 մարզաձևից անցկացվել է 12 առաջնություն։

Խաղերը կազմակերպվել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի, ՀՀ ԿԳՆ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արդյունքում։

«Այս տարի մեծ ուշադրություն է դարձվել մրցավարական անձնակազմերի բարձր որակավորման վրա։ Բոլոր մարզաձևերում համագործակցել ենք ազգային ֆեդերացիաների հետ, որոնք բարձր մակարդակով անցկացրել են մրցելույթները։ Առաջիկայում կանցկացվի լավագույն ուսանող-մարզիկների պարգևատրման արարողությունը, որն ավանդույթ է դարձել և իրականացվում է արդեն 4-րդ տարին։ Կպարգևատրվեն նաև Լեհաստանում անցկացված շախմատի աշխարհի ուսանողական առաջնությունում բարձր արդյունք ցուցաբերած հայ շախմատիստները, ովքեր 35 երկրների թիմերի թվում գրավեցին 3-րդ մրցանակային տեղը, իսկ ուսանող-գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն առաջնությունում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ակտիվ աշխատանքներ է տանում Համաշխարհային համալսարանական սպորտի ֆեդերացիայի և Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի հետ, որոնց հետ համատեղ անցկացվում են հետաքրքիր նախագծեր։ Համաշխարհային ֆեդերացիայի հետ իրականացվում է կամավորական ծրագիր, որը համաֆինանսավորվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։ Այս տարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի և «Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի սեղանի թենիսի աղջիկների հավաքական թիմը մասնակցեց Ռոտերդամ քաղաքում կայացած Եվրոպայի համալսարանական մարզական 2-րդ խաղերին։ Եվրոպական ուսանողական սպորտի ասոցիացիայի հետ սերտ փոխգործակցության արդյունքում 2015թ. հոկտեմբերի 6-10-ը Հայաստանում կանցկացվի Եվրոպայի շախմատի համալսարանական անդրանիկ առաջնությունը»,- նշեց Հովհաննես Գաբրիելյանը՝ ավելացնելով նաև, որ մինչև 2014թ. ավարտը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, համագործակցելով համապատասխան ֆեդերացիաների հետ, նախատեսում է անցկացնել նաև բազկամարտի և լողի առաջնություններ։

Նշենք, որ ուսանողական խաղերում հաղթած թիմերի անդամները տարվա վերջին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կստանան ծաղկաձորյան հանգստի ուղեգրեր։

sport

sport2

sport3

sport4

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս