ՕՐԵՆՔ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՆԱՂՄՈՒԿ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է այսուհետ պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ` առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու: Այս նախաձեռնությունը, թերեւս, պատահական չէ. կառավարությունն այսպես հող է նախապատրաստում` պետական կարեւորագույն օբյեկտներն անձայն, անաղմուկ օտարելու համար, որպեսզի խուսափի հասարակական քննարկումներից, քննադատություններից: Մանավանդ, երբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է` անհատական իրավական ակտերը, ի տարբերություն նորմատիվների, պարտադիր չէ հրապարակելը: Նման գաղտագողի քայլի կառավարությունը գնաց Որոտանի հէկ-ի եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության` ՀՀ-ին պատկանող 20 տոկոս մասնաբաժնի աղմկահարույց օտարումներից հետո: Նշենք, որ այս գործարքները եւ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

 

 
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բրյուսելյան ԵԺԿ գագաթաժողովից վերադարձած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը: Համաժողովը տեղի կունենա մարտի 29-ին: Մեր տեղեկությունների համաձայն՝ միջոցառումը բավականին մասշտաբային է լինելու, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան սենյակներ եւ դահլիճներ են «պատվիրվել» Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում: Նաեւ մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել տեխնիկական մասնագետների, այդ թվում հեռուստատեսությունների կողմից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հյուրեր են լինելու ոչ միայն Մաքսային միության երկրներից, այլ նաեւ այլ պետություններից եւ միջազգային կազմակերպություններից: Միջոցառմանը հրավիրվել են շուրջ 200 հյուրեր, այդ թվում՝ անկախ տնտեսագետներ, փորձագետներ, կուսակցական գործիչներ:

 

 
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց. արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու առաջարկ ստացե՞լ են եւ ի՞նչ են մտադիր անել այդ առնությամբ: «Ես անիմաստ եմ համարում մեր մասով որեւիցե քննարկում,- պատասխանեց Քոքոբելյանը՝ հավելելով,- այս իրավիճակն անտանելի է: Իհարկե, այլ հարցերով քննարկում հնարավոր է, բայց արտաքին քաղաքականության հետ կապված մենք մեր մոտեցումներն ունենք, ու ցավում եմ, որ մեր մոտեցումներին չեն հետեւում մեր գործընկերները, մյուս քաղաքական ուժերը, կամ էլ` շատ ընտրովի մոտեցում են ցուցաբերում: Մեր քաղաքացիների արտահոսքը Ռուսաստանի Դաշնություն ակնհայտորեն մեծ արագությամբ տեղի է ունենում, իսկ եթե մենք մեր ձեռքերը ծալած նստենք, որոշ ժամանակ հետո կհասկանանք, որ ՀՀ քաղաքացիներն արդեն ՀՀ քաղաքացիներ չեն»:

 

 
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության մանրամասները «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց դեպքի վայրում: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մեր թղթակցին հայտնեցին, որ մարտի 9-ին տեղի է ունեցել վիճաբանություն երկու փուլով՝ «Պույ-պույ» եւ «Վեվ» սուպերմարկետների մոտ: Պուպ-յուպ մականունով հայտնի Արտակ Հակոբյանը, ով համանուն սուպերմարկետի սեփականատերն է, վիճաբանել է «Վեվ»-ի սեփականատեր Սամվել Խուդաբախշյանի որդու՝ Վահրամի հետ. նախ՝ իր, ապա Սամվելի մարկետի մոտ: Երկու անգամ էլ վեճը հարթել է կողմերի մտերիմ համարվող պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Երկու կողմերի հարազատներն էլ պնդում են, որ կրակոց չի եղել, զոհեր, վիրավորներ չկան. ընդամենը գմփոց: Ավելին՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի ցուցումով է գործը ուռճացվում: Իսկ պատգամավորը, ով երկու տարի է՝ խորհրդարանում է եւ Աժ-ում բերանից անգամ գոլորշի չի ելել, այս օրերին խորը անհասանելի է: Ու նրանից կապակցված միտք լսելու «Ժողովուրդ»-ի ձգտումները հաջողությամբ չպսակվեցին:

 

 

 

ԻՆՔՆԱՀՈՍ

Ուկրաինական ճգնաժամի արդյունքում խաթարված աշխարհակարգը կարծես թե նորանոր ճեղքվածքներ է տալիս: Արդեն իսկ խոսվում է Ղրիմից հետո Ուկրաինայի արեւելյան շրջաններում եւ Մերձդնեստրում սպասվող ապակայունացման հավանականության մասին, իսկ Սիրիայի Քեսապի շրջանում վերջին օրերին ծավալված իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ ապակայունացման միտումները շատ ավելի մեծ աշխարհագրություն ունեն, քան կարելի էր սպասել:
Ստեղծվող իրավիճակը հղի է Հայաստանի համար լրջագույն մարտահրավերներով, որոնք, սակայն, հայրենի քաղաքական դաշտը կարծես թե դեռեւս չի գիտակցում: Իսկ ամենամեծ վտանգը, որը կարող է մեզ սպառնալ, հարեւան Վրաստանում իրավիճակի ապակայունացումն է` Ռուսաստանի ջանքերով եւ, իհարկե, հայերի ձեռքերով:
Ինչից սկսվեց ուկրաինական ճգնաժամը. այն բանից, որ ԱՄՆ-ը ցանկացավ ՆԱՏՕ-ի զորքերը մոտեցնել Ռուսաստանի դարպասներին: Իսկ Ռուսաստանն էլ, բնականաբար, գործադրեց եւ դեռ գործադրելու է բոլոր ջանքերը` նման հեռանկարը թույլ չտալու համար: Եվ առավել քան ակնհայտ է, որ այն, ինչն անընդունելի էր Ուկրաինայի դեպքում, ոչ պակաս անընդունելի կլինի նաեւ Վրաստանում: ՆԱՏՕ-ին անդամակցող Վրաստանը Ռուսաստանի համար նույնպիսի, եթե ոչ ավելի մեծ, սպառնալիք է: Հետեւաբար` կասկածից դուրս է, որ իրադարձությունների արդեն իսկ ուրվագծվող զարգացման դեպքում առաջիկայում Ռուսաստանը գործադրելու է բոլոր ջանքերը` Վրաստանը ներսից «պայթեցնելու» համար: Եվ կրկին` դա արվելու է անջատողական ուժերի հրահրմամբ, այդ թվում եւ` Ջավախքում:
Թե դա ինչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար, դժվար չէ պատկերացնել: Առավել եւս, որ բանը կարող է հասնել ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ներգրավմանը, օրինակ` Վրաստանում ապրող հայերի իրավունքների պաշտպանության նպատակով:
Այս ամենն, իհարկե, առայժմ միայն հնարավոր վտանգների տիրույթում է, ինչը, սակայն, ոչ միայն պետք չէ թերագնահատել, այլեւ պետք է ամենայն մանրակրկտությամբ վերլուծել, հաշվարկել, եւ կանխել:
Մինչդեռ այսօր Հայաստանի քաղաքական, դիվանագիտական, փորձագիտական շրջանակներում այս վտանգների մասին որեւէ մեկը չի խոսում: Ավելին` ընդդիմությունն այսօր զբաղված է ընդամենը սեփական վարկանիշի բարձրացման էժանագին գործընթացով` կառավարությանն անվստահություն հայտնելով, իսկ իշխանությունն էլ, ինչպես միշտ, ոչինչ չանելով: Ինչ վերաբերում է տարբեր քաղաքացիական նախաձեռնություններին եւ վերլուծական կենտրոններին, ապա նրանք էլ, կարծես թե, իրենց դոնորների կողմից չունեն այդպիսի խնդիրներով զբաղվելու պատվերներ: Եվ արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներն, այսօր, կարելի է ասել, թողնված են ինքնահոսի:

 




Լրահոս