Աղտոտված հավկիթները հանվել են իրացման ցանցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մամուլում հրապարակված նյութից և ՍԱՊԾ ստացված ահազանգից հետո իրականացրել է «ԴԱՎՌՈՒԲ» ՍՊԸ արտադրության ձվի դիտարկում:

Armlur.am-ը ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանից տեղեկացավ, որ դիտարկումն իրականացվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` պարզելու համար ձվի մակնշման համապատասխանությունը ձվի արտադրությանը ներկայացվող պահանջներին:

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել և վաճառքից հանվել է «ԴԱՎՌՈՒԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրության 5 փաթեթ (30 հատ) ձու, որոնք եղել են ձվի արտադրությանը ներկայացվող պահանջների ակնհայտ խախտումներով:

Armlur.am-ը Ա. Սուքիասյանից տեղեկացավ նաև, որ այս տարվա նոյեմբերի 20-ին ծառայություն է հրավիրվել ՍՊԸ տնօրենը, որին բանավոր ներկայացվել են իրենց արտադրանքում առկա թերությունները և տրվել է ժամկետ՝ դրանք շտկելու համար: Տնօրենը, կատարելով հանձնարարականը, Երևան քաղաքում գործող խանութներից հետ է կանչվել 60 փաթեթ (360 հատ), նաև պարտավորվել է այսուհետ պահպանել ձվի արտադրությանը ներկայացվող պահանջները:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր էր ստացել այն մասին, որ խանութներում վաճառվում է աղտոտված կեղևով հավկիթ: Ահազանգող քաղաքացիներն ասվածն ապացուցող լուսանկարներ և անգամ գնված տուփով հավկիթն էին ներկայացրել:




Լրահոս