Մուշեղ Պետոյանի անուն-ազգանունը խորհրդարանում բացառիկ դեպքերում հնչողներից է: Նա իր պատգամավորական գործունեության ընթացքում երբեւէ հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
Արթիկում ծնված քառասնամյա այս պատգամավորն ավարտել է մայրաքաղաքի «Հրաչյա Աճառյան» համալսարանը, ինչից հետո, սակայն, զգացել է, որ ստացած կրթությունը չի կարող իրեն բավարարել, ուստի 29 տարեկան հասակում էլ ավարտել է ագրարային համալսարանը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանում սովորելու տարիներին՝ 1991-1993-ին, նա աշխատել է նաեւ «Արթիկտուֆ» միավորումում որպես որակի հսկիչ: Ավելին՝ անգամ հասցրել է 1993-1994-ին էլ բանակում ծառայել:
Սա, իսկապես, բացառիկ մի բան է, եթե հաշվի առնենք, որ համալսարանը հեռակա բաժին չի ունեցել: Պետոյանն այն ավարտել է 21 տարեկանում, այսինքն՝ սովորել է չորս տարի առկա բաժնում, այդ ընթացքում աշխատել ու դեռ բանակում էլ ծառայել: Պարզ է, որ այստեղ գործ ունենք մի «առեղծվածի» հետ, որը միայն ԱԺ պատգամավորը կարող է մեկնաբանել: Ի դեպ, նա ագրարային համալսարանում էլ սովորել է «թռիչքային» սկզբունքով, որովհետեւ բանակից վերադառնալուց հետո, երբ երրորդ կուրսի ուսանող էր, ծառայության է անցել Արթիկի ՆԳ բաժանմունքում որպես ՃՊԾ ավագ տեսուչ՝ ստանալով ոստիկանության լեյտենանտի կոչում: Ուղիղ տասներեք տարի ծառայել է ոստիկանությունում, իսկ ավագ տեսուչի պաշտոնը փոխարինել է «Արթիկտուֆ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի, ապա՝ փոխտնօրենի պաշտոններով: 2007-ին, երբ ստանձնել է գլխավոր ճարտարագետի պարտականությունները, անմիջապես նաեւ «Մուշ-Կոլ» ՍՊԸ-ն է հիմնադրել, որի սեփականատերն է հանդիսանում մինչեւ օրս:
Արդեն տեղական բուրժուազիայի շարքերը համալրող Մուշեղ Պետոյանը համալրեց նաեւ ԲՀԿ շարքերը: Դե՛, եթե փող ունի, քաղխորհրդի անդամ է, ուրեմն նաեւ պիտի պատգամավոր դառնար: Եվ 2011-ին ԲՀԿ համամասնական ցուցակով նա մտավ խորհրդարան: Նույնը կրկնվեց նաեւ 2012-ին:
Նշենք, որ Մուշեղ Պետոյանը մինչ այդ երկու անգամ փորձել է մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալ, սակայն նրան չեն սատարել հարազատ Արթիկում` նախապատվությունը տալով Մխիթար Վարագյանին: Հենց այս հանգամանքն էլ ատելություն է առաջացրել նրա հոգում. «Արթիկի եկեղեցին խոնարհված վիճակում է, ես ուզում եմ, որ այն անպայման վերանորոգվի, այդ նպատակով տարբեր հիմնարկների մոտ 450 հոգու հրավիրատոմս ուղարկեցի, որպեսզի գան Մշակույթի տան դահլիճ, քննարկենք, հանգանակություն կազմակերպենք ու վերջապես մեր սրբավայրը վերանորոգենք: Վերջը ես ժողովրդի պատգամավորն եմ ու, անկախ նրանից, ով է ինձ ձայն տվել, ով է իմ դեմ դուրս եկել, պիտի մտածեմ բոլորի համար: Ես հրավիրատոմս ուղարկեցի նաեւ քաղաքապետին` Խաչատուր Վարագյանին, բայց հերիք չէ չբարեհաճեց ներկայանալ, մի բան էլ այնպես արեց, որ կիրակի օրը կազմակերպված հանդիպումը ձախողի, դահլիճը տրամադրեց երկուշաբթի, որպեսզի մարդիկ աշխատանքի մեջ լինեն ու չկարողանան ներկայանալ: Էդքանից հետո նրա հետ համագործակցել կլինի՞»: Ահա Մուշեղ Պետոյանի միակ քաղաքական հայտարարությունը:
Այստեղ ուշագրավն այն է, որ նա պատգամավորի պարտականությունը պատկերացնում է խոնարհված եկեղեցին վերակառուցելու մեջ: Բայց արժե՞ր հանուն եկեղեցու պատգամավոր դառնալ, եթե կարող էր նաեւ առանց մանդատի` որպես գործարար լծվել այդ աստվածահաճո գործին:
Մուշեղ Պետոյանը 2012-ին ներկայացրել է իր ունեցվածքի հայտարարագիրը. նա հայտարարագրել է 10 անշարժ գույք, որից 6-ը` շենք եւ շինություն, 1923.65 քմ ընդհանուր մակերեսով, 4-ը` հողամաս: Հայտարարագրել է բեռնատար եւ մարդատար 7 ավտոմեքենա: Տարեկան եկամուտը հաշվետու տարում կազմել է 23 մլն 976 հազ. դրամ (1,5 մլն դրամը` պատգամավորի աշխատավարձ, մնացածը՝ շահաբաժին): Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 40 մլն դրամ եւ 60 հազ. դոլար: Ունի 50% եւ 23% բաժնեմաս` համապատասխանաբար «Մուշ-Կոլ» եւ «Արթ-Կան» ՍՊԸ-ներում: Հետաքրքիր է՝ Պետոյանն այս ունեցվածքը ձեռք է բերել ոստիկանության տեսո՞ւչ եղած ժամանակ, թե՞ գլխավոր ճարտարագետի պաշտոնը զբաղեցնելիս:
Ի դեպ, որքան Պետոյանն ակտիվ է իր ֆինանսաբեր գործունեության մեջ, նույնքան պասիվ է որպես պատգամավոր: Նրա բացակաների թիվը գերազանցում է ներկաների թվին: Ուշագրավ է, որ նա բացակայել է նաեւ այն ժամանակ, երբ քվեարկվում էր սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցը, իսկ ահա շրջանառության հարկի մասին օրինագծին կողմ է քվեարկել:
Նշենք, որ վերջին նախընտրական արշավի ժամանակ արթիկցի մի ծերունի մոտեցել էր Գագիկ Ծառուկյանին եւ խնդրել, որ Մուշեղ Պետոյանին չսատարի, որովհետեւ իրենք կոճակ սեղմող պատգամավոր չեն ուզում, ոմանք էլ հիշեցրել էին Ծառուկյանին, որ Մուշեղը նախկին «գայիշնիկ» է, որն աչքի է ընկել «գայիշնիկի» «մասնագիտական հատկանիշներով»…
Որոշ ժամանակ առաջ լրագրողներից մեկի այն հարցին, թե Արթիկում կրիմինալ կա՞, Մուշեղ Պետոյանը պատասխանել էր, թե ինքը չի հասկանում` ինչ է նշանակում կրիմինալ: Հավանաբար չի ուզում հիշել այն մասին, որ իր եղբորը համարում են Արթիկի «գողականներից», իսկ ահա ինքն էլ ծեծի էր ենթարկել քաղաքացի Սմբատ Պողոսյանին: Երեւի սա ոչ թե կրիմինալ, այլ բարեգործական դրսեւորում էր…
Նարեկ Լևոնյան