ԵՏՄ ՆՈՐ ԴԱՏԱՐԱՆ. Ի՞ՆՉ Է ԱՅՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ չնայած Հայաստանը դեռեւս պաշտոնապես չի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն Եվրասիական տնտեսական միության դատարանում Հայաստանի կողմից նշանակվելիք դատավորների թեկնածուների շուրջ քննարկումներն արդեն ամբողջ թափով ընթանում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանում այս օրերին քննարկվում է ԵՏՄ դատավորների թեկնածուների հարցը, եւ առավել հավանական թեկնածուներից մեկը համարվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանը, որն այս օրերին հանրապետությունում չէ:

Ի՞նչ պարտականություններ ունեն Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորները, եւ ի՞նչ սկզբունքով են ընտրվում նրանք:
Եվրասիական տնտեսական միության դատարանը պետք է կազմավորվի եւ գործի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի եւ դատարանի կանոնադրությանը համապատասխան: Դատարանի գործունեության նպատակը պետք է լինի ԵՏՄ պայմանագրերի, ինչպես նաեւ՝ դատարանի կանոնադրության համաձայն՝ ԵՏՄ մարմինների որոշումների միանման կիրառումն ապահովելը անդամ պետությունների եւ ԵՏՄ մարմինների կողմից: Ի դեպ, դատարանի կանոնադրությունում եւ մնացած փաստաթղթերում ԵՏՄ-ն կարճ նշվում է «Միություն»:
Դատավորների, պաշտոնատար անձանց եւ դատարանի աշխատակիցների աշխատանքային վճարների պայմանները պետք է սահմանվեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից, այլ կերպ ասած՝ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների համատեղ որոշմամբ:
Դատարանի կազմում ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր նշանակում է երկուական դատավոր՝ ինը տարի պաշտոնավարման իրավունքով:
Ըստ դատարանի կանոնադրության՝ դատավորները պետք է ունենան բարձր բարոյական հատկանիշներ, լինեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ միջազգային եւ ներպետական իրավունքի ոլորտում, ինչպես նաեւ՝ պետք է համապատասխանեն անդամ պետությունների բարձրագույն դատական մարմինների դատավորների դեպքում կիրառվող պահանջներին:
Դատավորները պետք է նշանակվեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ անդամ պետությունների ներկայացմամբ: Այսինքն՝ Հայաստանը կներկայացնի դատավորների իր թեկնածուներին, որից հետո Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները նրանց կնշանակեն ԵՏՄ դատավոր:
Ի դեպ, դատավորներն իրենց պաշտոնին անցնելուց առաջ պետք է երդվեն:
Դատավորի լիազորությունների դադարեցնելու որոշումները եւս կայացվում են ԵՏՄ բարձրագույն խորհրդի կողմից:
Դատարանը պետք է ունենա նախագահ եւ տեղակալ, որոնց պետք է ընտրեն դատարանի անդամները` իրենց կազմից: Ի դեպ, դատարանի նախագահը եւ նրա տեղակալը նույն անդամ պետության քաղաքացիներ չեն կարող լինել:
Դատավորներն իրավունք չեն ունենա ներկայացնելու պետական կամ միջպետական մարմինների կամ կազմակերպությունների, առեւտրական կառույցների, քաղաքական կուսակցությունների եւ շարժումների, ինչպես նաեւ՝ տարածքների, ազգերի, ժողովուրդների, սոցիալական կամ կրոնական խմբերի ու առանձին անհատների շահերը:
ԵՏՄ դատարանը քննարկելու է այն վեճերը, որոնք կծագեն ԵՏՄ պայմանագրի իրականացման հարցերի, ԵՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրերի եւ (կամ) մարմինների որոշումների վերաբերյալ:
Դատավորներին արգելվելու է նաեւ իրենց պաշտոնից, ինչպես նաեւ՝ գիտական, ստեղծագործական եւ մանկավարժական գործունեությունից բացի՝ որեւէ այլ վճարովի աշխատանք կատարել:
Դատավորներն իրավունք չեն ունենա մասնակցելու այն վեճերի քննությանը, որոնց նրանք նախկինում մասնակցել են որպես կողմ, կողմի ներկայացուցիչ, հավատարմատար կամ փաստաբան, ազգային կամ միջազգային դատարանի, քննչական հանձնաժողովի անդամ կամ որեւէ այլ կարգավիճակով:
Դատարանում դատավարությունները պետք է իրականացվեն վեճի կողմերի, նրանց ներկայացուցիչների, փորձագետների, այդ թվում՝ մասնագիտական խմբերի փորձագետների, մասնագետների, վկաների եւ թարգմանիչների մասնակցությամբ: Ի դեպ, ԵՏՄ դատարանը լիազորված չի լինի քննարկելու գործեր, որոնցով դիմողները կներկայացնեն փոխհատուցման կամ այլ գույքային բնույթի պահանջ:
Դատարանի որոշումը չկատարվելու դեպքում անդամ պետություններն իրավունք կունենան դիմել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդին՝ դրանց կատարման համար միջոցներ ձեռնարկելու համար:
Ի դեպ, ֆիզիկական անձինք ԵՏՄ դատարան դիմելու իրավունք չեն ունենա: Նման իրավունք կտրվի միայն իրավաբանական անձանց, այսինքն՝ ընկերություններին, ձեռնարկություններին, պետական մարմիններին ու հիմնարկներին, անհատ ձեռներեցներին եւ այսպես շարունակ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ ԵՆ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ
Գյումրիի տնակային թաղամասի բնակիչները մի քանի օր է՝ խուճապի մեջ են: Նրանց խոսքերով՝ վերջերս ավազակային հարձակումների թիրախ են դարձել հենց տնակները, քանի որ դրանք մուտք գործելու առումով մատչելի են: Ընդամենը երկու օր առաջ ավազակային հարձակման դեպք գրանցվեց Գյումրու Ավտոկայան թաղամասի տնակներից մեկում: «ժողովուրդը» փորձեց պարզել դեպքի մանրամասները:
Գյումրու Կումայրի ոստիկանության բաժնից տեղեկացանք, որ նոյեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 3:30-ի սահմաններում, 2 դիմակավորված անձ, ներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ, մուտք են գործել 104/004 տնակ՝ 28-ամյա միայնակ մայր Հայարփի Մինասյանի բնակարան: Կապկպելով կնոջը` նրանք գումար եւ ոսկեղեն են պահանջել: Տնակում գտնվող 7 տարեկան Խաչատուրն աղմուկից արթնացել է: Ավազակային հարձակում կատարած անձինք Հայարփի Մինասյանին հարվածելուց հետո դանակով վնասել են փոքրիկի ձեռքը: Նրանց հաջողվել է բնակարանից հափշտակել 2 մլն 409.000 դրամի գույք եւ 4.000 ԱՄՆ դոլար:
Ավազակների հեռանալուց հետո Հայարփին հարեւանի օգնությամբ հաղորդագրություն է ներկայացրել ոստիկանություն:
Մեզ հետ զրույցում հարեւանները նշեցին, որ ավազակային հարձակում կատարած անձինք իրենց ձեռքի տակ շշով բենզին են ունեցել, սակայն բարեբախտաբար այն չեն գործածել: Փոքրիկ Խաչատուրի ձեռքը վիրակապել են, սակայն բուժզննությունը պարտադիր է: Նշենք, որ կատարվածից հետո Խաչատուրը հրաժարվում է տնակում գիշերելուց: Նախկինում փոքրիկին առնետներն էին անհանգստացրել, հիմա էլ նրա այդ վախին նորն է ավելացել: Իսկ Խաչատուրի միայնակ մայրը գումար էր տնտեսել, որպեսզի գոնե մեկ սենյականոց բնակարան գներ:
Դեպքի հետ կապված Շիրակի մարզի քննչական բաժնի հատուկ կարեւոր գործերով ավագ քննիչ Արթուր Նահապետյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն: Ներկա պահին կատարվում է նախաքննություն:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

ԴԱՏԱԽԱԶԻ  ԴԵՄ
Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ` քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութություն, մեղադրանք է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա. Ղուկասյանին: Ըստ գլխավոր դատախազության` Ղուկասյանը քրեական գործով նախաքննության նկատմամբ հսկողություն եւ դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել իր պարտականությունը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել քրեական դատավարությանը մասնակցող անձանց իրավունքներին, ինչպես նաեւ՝ պետության օրինական շահերին:

 

ՊԵՏԻՆ  ԾԵԾԵԼ ԵՆ
Նոյեմբերի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված օրը՝ երեկոյան, գազալցակայանի մոտ երեք տղամարդ լեզվակռիվ են ունեցել Նոր Արմավիր համայնքի ճանապարհին գտնվող գազալցակայանի հերթափոխի պետ Սուրեն Սուքիասյանի հետ: Ըստ գազալցակայանում հավաքված մարդկանց՝ երեք տղամարդու եւ գազալցակայանի հերթափոխի պետ Սուրենի վիճաբանությունը սկսվել է ավտոմեքենայի վարելու հարցի շուրջ, որից հետո Արմավիր համայնքի երեք բնակիչները ծեծի են ենթարկել գազալցակայանի հերթափոխի պետ Սուրեն Սուքիասյանին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին այս տեղեկությունը: Կատարվում է քննություն:

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՏԵՔՍՏԻՆ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ինչպես հայտարարել է՝ առաջիկայում ոչ իշխանական պատգամավորներին է ներկայացնելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու նախաձեռնությունը: Փաշինյանն այս օրերին զբաղված է փաստաթղթի նախագիծը պատրաստելով: Որպեսզի փաստաթուղթն արտահերթ կարգով ընդգրկվի առաջիկա քառօրյայի օրակարգում, անհրաժեշտ կլինի առնվազն 44 պատգամավորների ստորագրություն: «Ժողովորդ»-ը փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից պարզել՝ ինքը եւ իրենց խմբակցությունը կմիանա՞ն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջին, թե՞ ոչ: Ի պատասխան՝ ՀՅԴ անդամ պատգամավորն ասաց, որ ինքն անորոշ բանը չի կարող մեկնաբանել: «Ես չեմ կարող այդ հարցի վերաբերյալ որեւէ կոնկրետ բան ասել, եթե Նիկոլ Փաշինյանը գրավոր առաջարկ ներկայացնի, որտեղ հստակ ձեւակերպումներ կլինեն, այդ ժամանակ էլ կարող եմ իմ դիրքորոշումը հայտնել»,- ասաց պատգամավորը:

 

«ՕՐԻՖԼԵՅՄՆ ՔՈՍՄԵՏԻՔՍ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
Ֆինանսների նախարարությունը տուգանել է «Օրիֆլեյմն քոսմետիքս» ՍՊԸ-ին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հոկտեմբերի 28-ին, ինչպես նաեւ նոյեմբերի 4-ին «Օրիֆլեյմն քոսմետիքսը» վերաներմուծում մաքսային ռեժիմով հայտարարագրել է դրոշմապիտակներ կոսմետիկ միջոցների համար: Արդյունքում՝ ՍՊԸ-ի փոխակերպումների մասնագետ Արամ Միրզոյանցը հայտարարագրման ժամանակ «տարադրամի արժեք» տողում եվրոյով արժեքի փոխարեն թյուրիմացաբար լրացրել է ՀՀ դրամով արժեքը, ինչը համարվել է խախտում, որի համար տուգանվել է 100.000 դրամի չափով:

 




Լրահոս