Քաղաքական աշունն այդպես էլ չթեժացավ. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որը նախորդ աշուններից առանձնապես չտարբերվեց եւ այդպես էլ չթեժացավ: ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց Էդուարդ Շարմազանովը: «Ի տարբերություն իշխանությունների՝ քաղաքական որոշ ուժեր այդպես էլ չձևավորեցին թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական միասնական օրակարգ»,- ասաց նա: Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը` Շարմազանովը հայտարարեց, որ այդ միությանն անդամակցելը դրական է և բխում է պետության շահերից:

«Ավելին՝ թե՛ որոշ ընդդիմադիր առաջնորդների հրապարակային հայտարարությունները, թե՛ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկումներն ու քվեարկությունը ցույց տվեցին, որ խորհրդարանում առկա քաղաքական ուժերի մեծամասնությունը կողմ է իշխանությունների այս որոշմանը, այդ թվում` նաև այն ուժերը, որոնց ներկայացուցիչները 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, իրար հերթ չտալով, փորձում էին քննադատել մեզ»,- նշեց նա:

Խոսելով նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայից հնչող ազդակների մասին`Շարմազանովն ասաց, որ չնայած ամեն ինչին, Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: «Դրա վկայությունն է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի վերջերս արած հայտարարությունը, համաձայն որի՝ Թուրքիան խոչընդոտելու է Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Չնայած նրանց գործադրած ջանքերին՝ այնուհանդերձ, կան և կլինեն երկրներ, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության իրական ջատագովներ: Վառ ապացույցը Բոլիվիան է, որի խորհրդարանի զույգ պալատների կողմից նախօրեին միաձայն դատապարտվեցին Հայոց ցեղասպանությունը և այն ժխտող քաղաքականությունը: Համոզված եմ, որ մարդկության դեմ իրագործված ոճիրները պետք է դատապարտվեն, քանի որ ժխտողականությանը միտված ցանկացած գործողություն նույնքան հանցավոր է, որքան ոճրագործությունը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:




Լրահոս