ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ առանջորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդի հետ դեռեւս չեն հանդիպել եւ նրա վերջին հանդիպումների մասին ոչինչ չեն քննարկել: Մ. Գուլոյանը հորդորեց սպասել:
-Պարո՛ն Գուլոյան, անցած ուրբաթ նախատեսված էր ԲՀԿ-ականների եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Կուսակցականների մի հատվածը հայտարարեց, որ հանդիպումը կայացել է, իսկ մյուս մասն էլ նշեց, որ հետաձգվել է: Ի վերջո, Գ. Ծառուկյանի հետ հանդիպում եղե՞լ է, ու ի՞նչ եք քննարկել նրա հետ, ո՞րն էր հանդիպման նպատակը:
-Քննակումը պետք է կայանար ու չի կայացել: Ու չեմ կարծում, որ այդ հանդիպումների, քննարկումների հետ կապված պետք է ինչ-որ արտառոց բաներ փնտրել: Մեր կուսակցության ղեկավարը պարոն Ծառուկյանն է, ու բնական է, որ մենք իր հետ պետք է հանդիպումներ ունենանք, հարցեր քննարկենք: Ի՞նչ կա դրա մեջ զարմանալու, որ Դուք զարմացել եք: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ էլ իր ղեկավարի հետ հանդիպումներ ունենում է:
-Իսկ վերջին անգամ ե՞րբ են ԲՀԿ-ականները հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ու ի՞նչ հարց են քննարկել:
-Վերջին անգամ, երբ որ հանդիպել ենք, ուրիշ հարցեր են քննարկվել, ի՞նչն է Ձեզ հետաքրքիր:
-Մեզ հուզում է այն հարցը՝ արդյո՞ք ԲՀԿ-ականները Գ. Ծառուկյանի հետ քննարկել են, թե, ի վերջո, իրենց պայքարն ո՞ւմ դեմ է ուղղված, ինչո՞ւ երկու հանրահավաքից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց հանրահավաքային պայքարից: Ինչո՞ւ եք պասիվացել. տարակարծություններ կա՞ն ԲՀԿ-ում:
-Իսկ ո՞վ է ասում, որ ԲՀԿ-ն ակտիվ չէ, այսօր ամբողջ հանրապետությունով մեկ, մարզերում ԲՀԿ-ն շտաբներ է բացում, ի՞նչ անակտիվության մասին է խոսքը: Մենք ինչպես աշխատել ենք, այդպես էլ շարունակում ենք աշխատել: Ձեր ինֆորմացիան ճիշտ չէ, ԲՀԿ-ի աշխատանքին նման բան ասելը սխալ է: Իսկ ինչ վերաբերում է տարակարծությանը, ապա, իմ կարծիքով, ԲՀԿ-ում տարակարծություն չկա:
-Այդ դեպքում այսօր ԲՀԿ-ի առջեւ դրված խնդիրը ո՞րն է:
-ԲՀԿ-ն շատ հարցեր է քննարկում ու քննարկել:
-Խնդրում եմ՝ նշե՛ք մի հարց, որը ԲՀԿ-ում քննարկել եք…
-Չէ՛, շատ հարցեր ենք քննարկում, դա ԲՀԿ-ի խնդիրն է, դա ԲՀԿ-ի հարցն է, մենք գիտենք՝ ինչ ենք քննարկում, ինչ հարցն է կարեւոր: Ինչ կարեւոր է, որ դրա մասին մենք բոլորին հայտարարենք: Կգա ժամանակը, եթե զգանք, որ այդ հանրահավաքների կարիքը կա, դրան կանդրադառնանք, կքննարկենք:
-Վերջին ժամանակահատվածում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, վերջերս էլ Ժնեւում հանդիպում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Արդյո՞ք նման հանդիպումներից ԲՀԿ-ականները տեղյակ են, Գ. Ծառուկյանը հանդիպումների մասին իր կուսակիցներին տեղեկացնո՞ւմ է:
-Նման հարցերը, խնդրում եմ, ուղղեք պարոն Ծառուկյանին, մենք դեռեւս չենք հավաքվել, մենք նման հարց չենք քննարկել: Ինձ թվում է, որ եթե հավաքվենք, այդ ժամանակ տեղյակ կպահի դրա մասին:
-Այսինքն՝ նման հանդիպումներից առաջ Ձեզ հետ քննարկումներ չի լինո՞ւմ:
-Անձնական հանդիպումները ո՛չ մի դեպքում, ո՛չ մի խմբակցությունում, ո՛չ մեկ չի քննարկում:
-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումն անձնական հանդիպումների շարքի՞ց է:
-Իհարկե, դրանք կարող են անձնական լինել, եթե մենք դրա մասին չգիտենք:
-Իսկ ինչո՞ւ ԲՀԿ-ականները Գ. Ծառուկյանի հետ հանդիպում չեն պահանջում՝ հասկանալու համար, թե ի՞նչ բնույթ են կրում այդ հանդիպումները, ու որոնք են լինելու ԲՀԿ-ի հետագա անելիքները:
-Չէ՛, մենք դեռեւս ակտիվորեն աշխատում ենք մարզերում շտաբները բացելու վրա:
-Բայց ի՞նչ նպատակ է հետապնդում այդ շտաբների բացումը, ինչի՞ է նախապատրաստվում ԲՀԿ-ն՝ ընտրությունների՞: Ի՞նչ կարիք ունի նման շտաբների բացումը, երբ անգամ եռյակում սկսել են այլեւս չհամագործակցել, առանձին են հանդես գալիս, ամեն մեկն իր տեսակետն է հայտնում:
-Տարաձայնություն ես առայժմ չեմ տեսնում:
-Դրա մասին հայտարարել է անգամ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Ես իմ տեսակետն եմ հայտնում, որ ես նման տարաձայնության մասին չեմ լսել: Մի բան հստակ է՝ այժմ մենք շտաբներ ենք բացում, դրանից հետո կլինեն մեր հաջորդ անելիքները, որի մասին բոլորն էլ կիմանան, հիմա մենք այդ աշխատանքն ենք անում:
-Բայց մինչեւ այժմ անհասկանալի է ԲՀԿ-ի այդ նպատակը, եթե ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում, ի՞նչ իմաստ ունի այդ շտաբների բացումը: ԲՀԿ-ականներից ոչ ոք չմիացավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագծին, որով պահանջվում էր Ս. Սարգսյանի պաշտոնանկությունը:
-Նիկոլ Փաշինյանի նախագիծը ժամանակավրեպ է, դրա ժամանակը չի, մենք ունենք մեր հստակ քայլերը:
-Որոնք են Ձեր հստակ քայլերը, Սերժ Սարգսյանի հրաժարականը դրա մեջ չի մտնո՞ւմ: Ե՞րբ է այդ ժամանակը գալու:
-Համազգային շտաբներ ենք բացում, որից հետո մեր անելիքների մասին կիմանաք, կհայտարարենք դրա մասին: Ժամանակը կգա, ես ի՞նչ իմանամ՝ ե՞րբ է գալու:
-Կարելի՞ է արձանագրել, որ ԲՀԿ-ն Ս. Սարգսյանի հրաժարականը չի պահանջելու:
-Ես առայժմ նման բան ո՛չ լսել եմ, ո՛չ գիտեմ, ո՛չ էլ…
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԹՌՈՒՑԻԿՆԵՐ, «ԲԵՍՊՐԵԴԵԼ» ԵՎ «ԷՇԻ ՔՈՒՌԱԿ» ԴԱՌՆԱԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ…
Երեկ խորհրդարանում շարունակվում էին ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի շուրջ քննարկումները: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այդ քննարկումներին յուրօրինակ երանգ հաղորդեց իր ուշագրավ գործողություններով:
Նա իր հետ խորհրդարանի դահլիճ էր բերել «ԱԻՄ ուղերձը ՀՀ ԱԺ պատգամավորներին», որտեղ գրված էր. «Նրանք, ովքեր կողմ են մարդկության թշնամի, քաղաքակրթության հակառակորդ պուտինիզմի հետ Հայաստանը կապելուն, այսինքն` Հայստանը կործանելուն, պետք է գիտակցեն, որ իրենց դավաճանական էությանն է ուղղված Ավետարանական ցասումը` իժերի ծնունդներ, ձեզ ով է իրավունք տվել պղծել իմ հոր տունը»: Ի դեպ, Հայրիկյանը սկսել է շատ կոպիտ արտահայտվել ԵՏՄ կողմնակիցների հասցեին: «Բոլոր այն պատգամավորները, որոնք կողմ կքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին, իրենց ժառանգների համար կարող են գրել, որ այդ օրը, այդ ժամին իշի քուռակ են եղել… նրանք Կրեմլի քոծերն են»: Պատգամավոր Փոստանջյանն էլ փորձում էր ԱԺ շենքի դիմաց առկա տրամադրությունները փոխանցել խորհրդարանի դահլիճ:
Երեկ ԱԺ նիստի մեկնարկից հետո «արտակարգ» իրավիճակ էր ստեղծվել դահլիճում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ոչ մի կերպ չէր կարողանում պատգամավորներին «հանդարտեցնել», քանի որ ակտիվ քննարկումներ էին բռնկվել: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը թռուցիկներն էր բաժանում՝ անտեսելով Գալուստ Սահակյանի դիտողությունները: «Չի կարելի առանց թույլտվության թռուցիկներ բաժանել, վերջացրե՛ք Ձեր ապօրինի գործողությունները: Եթե նման բան եք նախատեսում, պետք է նախապես թույլտվություն վերցնել կամ վարման կարգով հանդես գալ»,- նկատեց ԱԺ նախագահը, ապա տեսնելով, որ Զարուհի Փոստանջյանը չի դադարեցնում իր գործողությունները, հավելեց. «Էս արդեն բեսպրիդել ա, էլի, ուրախացե՛ք»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես գալով Ազգային ժողով` տեսա ցուցարարներին, եւ նրանք էլ տվեցին այդ թռուցիկները: Ես էլ եմ դեմ ԵՏՄ-ին, ու բնական է, որ նման կերպ պետք է վարվեի»: Պարզվեց՝ Փոստանջյանը տեղյակ չէր պատգամավորների արձագանքից, որոնք խիստ վիրավորվել էին Հայրիկյանի «էշի քուռակի» հիշատակումից: «Դա իրենց գործն է, նման տեսակետը եւ վարվելակերպը նորություն չէ: Պետք չէ այդ ամենից զարմանալ»,- ասաց Փոստանջյանը:
Իսկ ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, armlur.am-ի հետ զրույցում, ահա, այսպես արձագանքեց. «Եթե Հայրիկյանն իմ դեմ տենց բան ասի, կթքեմ վրեն»:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼԻ ՀՈՒՅՍԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը վերջին շրջանում լարված է: Նա փորձում է ինչ-որ կերպ մեղադրանքներից ազատել Բյուրեղավան քաղաքի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին: Վերջինս Կոտայքի նախկին մարզպետի հովանավորյալն է եղել եւ հենց նրա շնորհիվ է ժամանկին այդ պաշտոնում նշանակվել ու պաշտոնավարել: Մեր տեղեկություններով՝ տարիներ առաջ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, երբ Գայանե Մարգարյանին ազատելու հարց է բարձրացված եղել, ՀՀԿ-ական տիկնոջը Շահգալդյանի միջնորդությամբ «փրկել է» նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանից հետաքրքրվեց, թե այս անգամ ինչ տարբերակ է մտածել՝ յուրացումների մեջ մեղադրվող Մարգարյանին իրավապահ մարմինների ձեռքից «ազատելու» համար: «Ի՞նչ կապ ունեմ ես դրա հետ: Ես դպրոցի տնօրենի հետ որեւէ առնչություն չունեմ: Իսկ դպրոցն էլ մարզպետարանի ենթակայության տակ չի գտնվել: Դիմեք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն»,-զայրացած պատասխանեց Շահգալդյանը:
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Երեւանյան մանկապարտեզներում վերջին օրերին անակնկալ ստուգումներ են սկսվել: Պատճառը Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքն է: Հիշեցնենք, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նախորդ շաբաթվա վերջին արձանագրված թունավորման դեպքերի արդյունքում հոսպիտալացվել էր շուրջ 70 երեխա: Նրանց մոտ ախտորոշվել էր դիզենտերիա: Երեկ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի տարածած հայտարարույթան համաձայն՝ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշ տրվել է «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանին, որ ՀՀ առողջապահության նախարարի՝ նախորդ տարվա օգոստոսի 12-ի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: Արդյունքում որոշվել է «Մուշ» ՍՊԸ-ում ստուգումներ իրականացնել:
ԿԼՈՒԾԱՐՎԻ
ՀՀ Կառավարության՝ վաղը կայանալիք նիստում քննարկվելու է «Գրանիտ» ՓԲԸ-ն լուծարելու հարցը: Ընկերությունը զբաղվել է քարերի մշակմամբ: Իբրեւ լուծարման պատճառ նշվում է այն, որ ընկերության հիմնական միջոցների կազմում հաշվառված են 1982 թվականի հնամաշ քար կտրող եւ վերամշակող սարքավորումներ, իսկ արտադրանքն էլ մրցունակ չէ այսօրվա շուկայում: Արդյունքում «Գրանիտ» ՓԲԸ-ն տարիներ շարունակ գործունեություն չի ծավալել: Ի դեպ, ընկերության աշխատակիցների աշխատավարձի եւ ընթացիկ պարտավորությունների մարումն իրականացվում է երկու տրանսպորտային միջոցների վարձակալությունից ստացված միջոցների հաշվին: 2013 թվականը գործունեություն չծավալող ընկերությունն ամփոփել է 194 հազար դրամ վնասով: