Ո՞վ է ասում, որ Գագիկ Ծառուկյանն ինչ-որ կապ ունի Աբովյանի ընտրությունների հետ, ինչի՞ եք կենտրոնացել նրա վրա. Մուրադ Գուլոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Ծառուկյանը չի «խառնվում»: Ըստ Գուլոյանի՝ Ծառուկյանն ուղղակի հայտարարել է այն թեկնածուի անունը, որին համակրում է, իսկ դա դեռեւս չի նշանակում մասնակցություն այդ գործընթացին: Նա շարունակում է քաղաքական դաշտից հեռու մնալ:

-Պարո՛ն Գուլոյան, այս օրերին լարված իրավիճակ է Աբովյան քաղաքում հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ: Ըստ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին ամեն ինչ անում է, որ իր թեկնածուն՝ Վահագն Գեւորգյանը, քաղաքապետի ընտրություններում հաղթի, իսկ նրա մրցակից Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ենթարկվում է տարատեսակ ճնշումների: Ինչո՞ւ:

-Դուք այնպես ներկայացրեցիք հարցը, որ իբր դրանք ամբողջությամբ իրական են, չկա նման բան, ով է ասում, որ Գագիկ Ծառուկյանն ինչ-որ կապ ունի այդ ընտրությունների հետ, ո՞վ է ասում, որ ինչ-որ խոչընդոտներ են ստեղծվել: Պարզ է, որ հիմա ընտրապայքար է գնում, ու պետք է ամեն մեկն իրա իմացածն ասի, ես չեմ կարծում, որ Աբովյան քաղաքում լարվածություն կա, կամ Ձեր ասած խոչընդոտներ, տենց բան չկա: Կամ ի՞նչ է նշանակում, թե Ծառուկյանն ուզում է, որ իր թեկնածուն անցնի, Ծառուկյանն ուղղակի ասել է, թե ինքը ում է համակրում, ով է առաջադրվածներից իր համար ընդունելի, դրանից ավել բան Դուք լսե՞լ եք Ծառուկյանից: Եթե կան կրքեր, ինձ թվում է, որ գնալով դրանք էլ կհանդարտվեն:

-Ոստիկանությունը նախօրեին բերման է ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանի մտերիմներին, ու ըստ տեղեկությունների՝ այս օրերին Ա. Հարությունյանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի նա ինքնաբացարկ հայտնի, դա խոչընդոտ չէ՞:

-Բայց այդ բերման ենթարկելն ինչ կապ ունի ընտրությունների հետ, ոստիկանությունը փաստեր ունի, չէ՞, որ նման քայլի է գնացել, հիմա Աբովյան քաղաքում ինչ տեղի ունենա, պետք է կապել ընտրությունների հե՞տ: Դուք էլ հլը մի հատ դրեք ու կարդացեք, թե ոստիկանությունն ինչ է ասում, ինչի համար են այդ մարդկանց բերման ենթարկել, ինչի՞ դրա մասին չեք խոսում, որ դա կապում եք ընտրությունների հետ: Համ էլ բերման են ենթարկել, հետո բաց են թողել, չէ՞, էլ ինչի եք դա կապում մյուս իրադարձությունների հետ: Ու ես մի բան էլ նշեմ, որ Վահագն Գեւորգյանը, որին իր հավանությունը տվել է նաեւ Ծառուկյանը, շատ գրագետ ու շատ հարգված մարդ է: Նա մեր թեկնածուն է:

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից, սակայն այժմ Դուք նշում եք, որ Ծառուկյանի «հավանած» թեկնածուն Վահագն Գեւորգյանն է, այսինքն՝ Ծառուկյանը կրկին քաղաքականությո՞ւն է վերադառնում: Չէ՞ որ ընտրությունները քաղաքական գործընթաց են:

-Այո՛, Ծառուկյանը հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից, իսկ ո՞վ է ասում, որ հիմա Ծառուկյանը քաղաքականությամբ է զբաղված: Եթե ուղղակի երկրպագում է ինչ-որ մի թեկնածուի, ես նկատի ունեմ՝ որեւիցե անձ, որը երկրպագում է ինչ-որ մեկին, ախր, դա ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ: Հիմա ով ինչ անում է, ասում են՝ քաղաքական է, չէ, դրանք իրարից տարբերվող բաներ են: Ծառուկյանին հանգիստ թողե՛ք, անընդհատ մի՛ խոսեք մի բանի մասին, որտեղ բան չկա խոսելու:

-Քաղաքապետի ընտրությունները քաղաքական գործընթաց են, պարո՛ն Գուլոյան, եւ Գագիկ Ծառուկյանն ու իր շրջապատը աբովյանցիներին հորդորում են իրենց ձայնը տալ կոնկրետ Վահագն Գեւորգյանին: Դա քաղաքականությամբ զբաղվել չէ՞:

-Ձեր նշած թեկնածուն անկուսակցական մարդ է, որն իր թեկնածությունն է առաջադրել, իսկ Ծառուկյանն էլ հայտարարել է, որ իրեն է սատարում, չեմ կարծում, որ ըտեղ ինչ-որ բան կա: Հիմա ընտրություններում ամեն մեկն իր թեկնածուն է ունենում, ամեն մեկը մեկին պաշտպանում է, ինչի եք Դուք անպայման կենտրոնացել Ծառուկյանի վրա: Գոնե ասեք՝ արդար, թափանցիկ ընտրություններ լինեն, ասում եք՝ ով ումա պաշտպանում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս