«Ո՞ՒՐ Է ԷՍՏՐԱԴԱՆ. ՑՈՒՅՑ ՏՎԵ՛Ք, ԳՆԱՄ, ԽՈՆԱՐՀՎԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգահան, հաղորդավար Մարինա Թագակչյանը, թեեւ դստեր ծնունդից հետո մի քիչ հանդուրժող է դարձել, այնուամենայնիվ, այն կարծիքին է, որ դժվար թե իր բնավորությունը փոխվի: Նա անկեղծ զրույց է ունեցել «Ժողովուրդ» օրաթերթի հետ՝ անդրադառնալով եթեր վերադառնալուն, իր անվան շուրջ ծավալվող քննարկումներին եւ ոլորտի խոցելի հարցերին:

-Ձեր բալիկի ծնունդից հետո անցել են ամիսներ, ե՞րբ եք պատրաստվում կրկին անցնել աշխատանքի: Գիտենք, որ մտադիր էիք «Կռվախնձորը» կյանքի կոչել՝ արդեն նոր ձեւաչափով:
-Պլանավորում էի ավելի շուտ անցնել աշխատանքի, բայց փորձը ցույց տվեց, որ դա հնարավոր չէ: Ինչ վերաբերում է «Կռվախնձոր»-ին, պետք է ասեմ՝ հաղորդումը վերադարձնելու հոգու պահանջ եմ զգում: Իսկ քանի որ ֆորմատ է փոխվելու, եւ անհրաժեշտ են լինելու դրան համապատասխան ֆինանսներ, հնարավոր է, որ տեղափոխվենք այլ հեռուստաընկերություն:
-Հնարավո՞ր է, որ բալիկի ծնունդից հետո «Կռվախնձորի» շրջանակներում ձեւավորած, ոմանց կարծիքով ագրեսիվ ու նեգատիվ կերպարից հրաժարվեք:
-Բալիկիս ծնունդից հետո մի քիչ հանդուրժող եմ դարձել, բայց դժվար թե փոխվեմ: Ես կռվարար չեմ, բայց տեսակով «մարտիկ» եմ, չհարմարվող, տաքարյուն եմ… Դա տեսակ է, որը չի փոխվի, իհարկե, այդ հանգամանքն ունի նաեւ իր բացասական կողմը, լավ չի, որ դրա հետեւանքով թշնամիներ ես ձեռք բերում, բայց, դե, ես էլ այսպիսին եմ, ինչ կարող եմ անել…
-Հայկական կայքերից մեկը Ձեզ դասել էր մեր եթերի «10 ամենաչստացված հաղորդավարներ»-ի թվին՝ նշելով, որ Դուք խոսափողն օգտագործում եք մարդկանց ծաղրելու համար: Ի՞նչ եք կարծում՝ որտեղի՞ց է այս կարծիքը:
-Դա մի դիլետանտ բլոգեր էր, որը բացարձակ անտեղյակ էր երգահանի իմ գործունեությունից, չգիտեր, որ ես երգչուհի չեմ… Այնքան անգրագետ էր, որ չէր տարբերում ռեալ քննարկումը ծաղրից ու սատիրայից: Այնպես որ, ուշադրություն չեմ դարձնում նման խոսակցություններին:
-Մի առիթով նշել եք, որ չեք ուզի՝ Ձեր դուստրը հայաստանյան պայմաններում արվեստագետ դառնա: Մի՞թե իրավիճակն այնքան վատ է, որ պատրաստ եք անգամ նրա կամքը հաշվի չառնել:
-Եթե նա շատ ուզենա արվեստի ոլորտում լինել, ես, բնականաբար, չեմ խոչընդոտի: Բայց ես բացարձակ չէի ցանկանա, որ նա իմ ուղին բռներ Հայաստանում: Չէի ուզենա, որ նա, օրինակ, երկու կոպեկ փող աշխատելու համար Բրիթնի Սփիրս կամ Բեյոնսե խաղար՝ մի քիչ ստացված, մի քիչ՝ ոչ… Դա միմոսություն է…
-Դուք էստրադան համարում եք պրիմիտիվ, բայց ինքներդ ստեղծագործում եք այդ ժանրում. ինչպե՞ս հասկանալ այս պարադոքսը:
-Ես չեմ թերագնահատում, օրինակ, Ռաիսա Մկրտչյանի, Բելլա Դարբինյանի էստրադան, բայց հիմա ո՞ւր է էստրադան. ցույց տվե՛ք, գնամ, խոնարհվեմ: Շատ քչերի ողնաշարն է պինդ այս ոլորտում: Իսկ ինչ վերաբերում է իմ ստեղծագործելուն, ապա ասեմ, որ ես պարզ ժանրում եմ գրում, ինձ դա է հասանելի, ես հո չե՞մ կարող սոնատ կամ սիմֆոնիա գրել…
-Մի ժամանակ աղետ էիք համարում այն հանգամանքը, որ թուրքերն ուզում են մեր մշակույթը «գնել», հիմա թուրքերն ու արաբները ոչինչ չեն վճարում մեզ, բայց, կարծես, ստացվում է շուկան ինչ-որ չափով գնել…
-Դրա համար, արդեն, մենք ենք մեղավոր… Մի հասարակ հարց տամ՝ հիմա ո՞ւր են կորել մի շարք հրաշալի երգահաններ՝ Էդգար Գյանջումյանը, Արամ Ավագյանը, Արսեն Գրիգորյանը, Մարինե Ալեսը, Սուրեն Կնյազյանը, ովքեր մի շրջան կար՝ անընդմեջ ստեղծագործում էին… Բանն այն է, որ հիմա երգիչները նախընտրում են էժան ու անորակ պրոդուկտը: Նրանք կարող են գլուխը մտցնել հողի մեջ ու ոտքերը տնկել, միայն թե եթերում երեւան, երբեմն էլ երգեր «թխեն» այստեղից-այնտեղից:
-Օրերս երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մարդկանց խնդրեց, որ իր նոր երգի մեջ շատ խորը իմաստ չփնտրեն, քանի որ այն պարզապես չկա. բանից պարզվում է՝ անիմաստ երգեր պետք է թողարկվեն, հանդիսատեսն էլ՝ հարմարվի:
-Երեւի այս ասպարեզում իր ժանրում ինձ համար ամենաընկալելի երգչուհին Լիլիթն է, ով աշխատում է իր վրա… Ամենալավ Բեյոնսեն է ինքը… Ինչ վերաբերում է հայտարարությանը, պետք է ասեմ, որ մարդ կարող է երբեմն ավելի «ախմախ-ախմախ խոսել», քան գործել… Ո՞նց կարելի է երգի մեջ իմաստ չփնտրել… Չէ՞ որ այն երկթեւանի թռչուն է՝ մի թեւը երաժշտությունն է, մյուսը՝ խոսքը, առհասարակ, պետք չէ վիրավորել երգը դատարկությամբ…
-Շոուն փոքր-ինչ դադարեցնելու ու արվեստին զարկ տալու ի՞նչ ուղիներ եք տեսնում:
-Թիմային աշխատանք է հարկավոր, բայց այս պայքարի ընթացքում հանկարծ չպետք է հայտնվեն մարդիկ, ովքեր առիթից կօգտվեն ու բիզնես կանեն: Այդ դեպքում միայն կարող ենք հաջողության հասնել:

 

 

 

ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ԿՎԱՐՁԱՏՐԵ՞Ն

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ «Էրստե» բանկի միջեւ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի նորոգման իրականացման համար արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին: Լրատվամիջոցների այն հարցին, թե որքան է տեւելու շինարարությունը, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը պատասխանել է. «Ավստրիացիների ասելով՝ 6 ամիս»:

Իսկ այդ ամիսների ընթացքում թատրոնը ներկայացումներ ունենալո՞ւ է, դերասանները որեւէ ֆինանսական փոխհատուցում ստանալո՞ւ են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նույն թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը նշեց, որ տեղյակ չէ այդ հարցի շուրջ մանրամասներից. «Միայն գիտեմ, որ ուրիշ թատրոններում ենք խաղալու: Ինձ թվում է՝ պետք է որ վարձատրվենք. դա կապ չունի վերանորոգման հետ, բա ո՞նց ապրենք, ես չեմ խնդրել, որ վերանորոգեն, թեեւ շատ ուրախ եմ այդ առիթով»,-ասաց նա:
Դերասան Ռոման Բաբայանն էլ վարձատրության մասին հստակ տեղեկություն չուներ. «Չգիտեմ, կլինի էլի…»,-նշեց նա:
«Գիտեմ, որ մի ժամանակ Կառավարության որոշում կար, ըստ որի՝ կես աշխատավարձի չափով էինք վարձատրվելու, հետո որոշումը փոխեցին, վարձը դարձրին լիարժեք. սա խոսակցություններից ելնելով եմ ասում…»,-իր հերթին ասաց դերասան Անդրանիկ Զաքարյանը:
«Ժողովուրդ»-ին թեմայի շուրջ մեկնաբանություն տվեց նաեւ թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, ով տեղեկացրեց, որ թատրոնի անձնակազմին այս ամիսների ընթացքում տրամադրվելու են տարբեր թատրոնների շենքեր, լինելու են նաեւ շրջագայություններ մարզերով, անձնակազմը պատրաստվելու է նոր ներկայացումների:
Մեր այն հարցին, թե արդյոք այդ վեց ամիսներին ներկայացումների բացակայության պատճառով թատրոնի կրած վնասն ինչ-որ կերպ փոխհատուցվելու է, տնօրենը պատասխանեց. «Ընդհանրապես թատրոնի տարեկան արտաբյուջետային եկամուտները միջինում հաշվում եմ մոտավորապես 50 միլիոն դրամի չափով, թե ինչքան կխաղանք, ինչքան չենք խաղա, չենք կարող ասել»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք դերասանները ժամանակավորապես գործազուրկ դառնալու վտանգի առջեւ չեն կանգնի, ինչին ի պատասխան՝ տնօրենը նշեց, որ նման բան չի լինի:
«Այսինքն՝ վեց ամսվա ընթացքում դերասանները շարունակելո՞ւ են աշխատավարձ ստանալ»,-մեր հարցը, չգիտես ինչու, զայրացրեց տնօրենին. «Ի՞նչն է Ձեզ հետաքրքիր, դա՞ է Ձեզ համար կարեւոր՝ ստանալու են, թե ոչ, չեմ հասկանում… ինչո՞ւ չեն ստանալու…»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՋՈՒՍԸ ՍԻՐԵԼԻԻՑ ԲԱԺԱՆՎԵԼ Է
Օրերս տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ երգչուհի Ջուսի ու սիրելիի՝ ֆրանսիահայ Ռիչարդի հարաբերությունները լարված են, ու Ջուսը նշանը հետ տալու մտադրություն ունի: Ավելի վաղ երգչուհին հաստատել էր տարածված լուրերն ու ասել, որ նշանված լինելով՝ իրեն առաջվա պես միայնակ է զգում: Օրերս էլ նա Esem.am-ին տեղեկացրել է, որ մեկընդմիշտ վերջ է դրել իր ու Ռիչարդի հարաբերություններին: «Շատերն են այս օրերին ինձ հարցնում, թե ինչ փուլում են իմ ու Ռիչարդի հարաբերությունները: Այսօր արդեն կարող եմ մարդկանց հարցին պատասխանել՝ մենք էլ միասին չենք: Ես էլ նշանված չեմ»,- ասել է Ջուսն ու հավելել, որ այդ թեմային անդրադառնալու ցանկություն այլեւս չունի:
Ըստ երգչուհու՝ բաժանման որոշումն ու վերջնական քայլն իրենն է եղել: «Ռիչարդին միայն երջանկություն եմ մաղթում»,- եզրափակել է նա:

 

ՆՈՐ ՍԿԱՆԴԱ՞Լ
Հայկական շոու-բիզնեսում, հնարավոր է, նոր սկանդալ բարձրանա: Բանն այն է, որ երգչուհի Սոնա Շահգելդյանի մորաքույրը՝ Նաիրա Շահգելդյանը, վիրավորել է երգչուհի Սոֆի Մխեյանին: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր լուսանկարը, որի ներքո Նաիրա Շահգելդյանը գրել է «ֆու»:
«Իրականություն, որը զուրկ է տրամաբանությունից, Շահգելդյանները «զաժիգայուտ»»,-իր էջում անդրադառնալով մեկնաբանությանը՝ գրել է Սոֆին: Դրան ի պատասխան՝ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նկատել է. «Ես վստահ եմ, որ Սոնա Շահգելդյանի մորաքույրը նկատի է ունեցել այն, թե որքան է հմայքդ շատանում օրեցօր՝ ցանկանալով ասել՝ «դե, բավական է»: Ի՞նչ կա որ…»

 

50.000 ԴՈԼԱՐ
Լուսինե Աղաբեկյանը, ով արդեն ներկայանում է Լուսի բեմական անվամբ, անիմացիոն նոր տեսահոլովակ ունի, որը ստեղծվել է երկու տարվա ընթացքում, ռեժիսորը ամուսինն է՝ Արամայիս Հայրապետյանը: Երգչուհու խոսքով՝ գրաֆիկական բարդ աշխատանքների պատճառով պրեմիերան անընդհատ հետաձգվում էր: BRAVO.am-ի փոխանցմամբ՝ տեսահոլովակն ավելի շատ նման է ֆիլմի: Դրա շնորհիվ Լուսին տեղափոխվել է անիմացիայի աշխարհ, նրա կողքին են հայտնվել հոլիվուդյան ֆիլմերի ու մուլտֆիլմերի այնպիսի հայտնի կերպարներ, ինչպիսիք են Շրեկը, Սարդ-մարդը եւ այլք: Նշենք, որ տեսահոլովակի վրա ծախսվել է 50.000 ԱՄՆ դոլար:




Լրահոս