Ո՞ւր է էստրադան. ցույց տվե՛ք, գնամ, խոնարհվեմ. Մարինա Թագակչյան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգահան, հաղորդավար Մարինա Թագակչյանը, թեեւ դստեր ծնունդից հետո մի քիչ հանդուրժող է դարձել, այնուամենայնիվ, այն կարծիքին է, որ դժվար թե իր բնավորությունը փոխվի: Նա անկեղծ զրույց է ունեցել «Ժողովուրդ» օրաթերթի հետ՝ անդրադառնալով եթեր վերադառնալուն, իր անվան շուրջ ծավալվող քննարկումներին եւ ոլորտի խոցելի հարցերին:

-Ձեր բալիկի ծնունդից հետո անցել են ամիսներ, ե՞րբ եք պատրաստվում կրկին անցնել աշխատանքի: Գիտենք, որ մտադիր էիք «Կռվախնձորը» կյանքի կոչել՝ արդեն նոր ձեւաչափով:

-Պլանավորում էի ավելի շուտ անցնել աշխատանքի, բայց փորձը ցույց տվեց, որ դա հնարավոր չէ: Ինչ վերաբերում է «Կռվախնձոր»-ին, պետք է ասեմ՝ հաղորդումը վերադարձնելու հոգու պահանջ եմ զգում: Իսկ քանի որ ֆորմատ է փոխվելու, եւ անհրաժեշտ են լինելու դրան համապատասխան ֆինանսներ, հնարավոր է, որ տեղափոխվենք այլ հեռուստաընկերություն:

10348538_717751084973644_3160412207586378056_n

-Հնարավո՞ր է, որ բալիկի ծնունդից հետո «Կռվախնձորի» շրջանակներում ձեւավորած, ոմանց կարծիքով ագրեսիվ ու նեգատիվ կերպարից հրաժարվեք:

-Բալիկիս ծնունդից հետո մի քիչ հանդուրժող եմ դարձել, բայց դժվար թե փոխվեմ: Ես կռվարար չեմ, բայց տեսակով «մարտիկ» եմ, չհարմարվող, տաքարյուն եմ…Դա տեսակ է, որը չի փոխվի, իհարկե, այդ հանգամանքն ունի նաեւ իր բացասական կողմը, լավ չի, որ դրա հետեւանքով թշնամիներ ես ձեռք բերում, բայց, դե, ես էլ այսպիսին եմ, ինչ կարող եմ անել…

10387400_737795412969211_8992490363510331580_n

-Հայկական կայքերից մեկը Ձեզ դասել էր մեր եթերի «10 ամենաչստացված հաղորդավարներ»-ի թվին՝ նշելով, որ Դուք խոսափողն օգտագործում եք մարդկանց ծաղրելու համար: Ի՞նչ եք կարծում՝ որտեղի՞ց է այս կարծիքը:

-Դա մի դիլետանտ բլոգեր էր, որը բացարձակ անտեղյակ էր երգահանի իմ գործունեությունից, չգիտեր, որ ես երգչուհի չեմ… Այնքան անգրագետ էր, որ չէր տարբերում ռեալ քննարկումը ծաղրից ու սատիրայից: Այնպես որ, ուշադրություն չեմ դարձնում նման խոսակցություններին:

-Մի առիթով նշել եք, որ չեք ուզի՝ Ձեր դուստրը հայաստանյան պայմաններում արվեստագետ դառնա: Մի՞թե իրավիճակն այնքան վատ է, որ պատրաստ եք անգամ նրա կամքը հաշվի չառնել:

-Եթե նա շատ ուզենա արվեստի ոլորտում լինել, ես, բնականաբար, չեմ խոչընդոտի: Բայց ես բացարձակ չէի ցանկանա, որ նա իմ ուղին բռներ Հայաստանում: Չէի ուզենա, որ նա, օրինակ, երկու կոպեկ փող աշխատելու համար Բրիթնի Սփիրս կամ Բեյոնսե խաղար՝ մի քիչ ստացված, մի քիչ՝ ոչ…Դա միմոսություն է…

-Դուք էստրադան համարում եք պրիմիտիվ, բայց ինքներդ ստեղծագործում եք այդ ժանրում. ինչպե՞ս հասկանալ այս պարադոքսը:

-Ես չեմ թերագնահատում, օրինակ, Ռաիսա Մկրտչյանի, Բելլա Դարբինյանի էստրադան, բայց հիմա ո՞ւր է էստրադան. ցույց տվե՛ք, գնամ, խոնարհվեմ: Շատ քչերի ողնաշարն է պինդ այս ոլորտում: Իսկ ինչ վերաբերում է իմ ստեղծագործելուն, ապա ասեմ, որ ես պարզ անրում եմ գրում, ինձ դա է հասանելի, ես հո չե՞մ կարող սոնատ կամ սիմֆոնիա գրել…

-Մի ժամանակ աղետ էիք համարում այն հանգամանքը, որ թուրքերն ուզում են մեր մշակույթը «գնել», հիմա թուրքերն ու արաբները ոչինչ չեն վճարում մեզ, բայց, կարծես, ստացվում է շուկան ինչ-որ չափով գնել…

10446326_640207696061317_4976097975330401824_o

-Դրա համար, արդեն, մենք ենք մեղավոր…Մի հասարակ հարց տամ՝ հիմա ո՞ւր են կորել մի շարք հրաշալի երգահաններ՝ Էդգար Գյանջումյանը, Արամ Ավագյանը, Արսեն Գրիգորյանը, Մարինե Ալեսը, Սուրեն Կնյազյանը, ովքեր մի շրջան կար՝ անընդմեջ ստեղծագործում էին… Բանն այն է, որ հիմա երգիչները նախընտրում են էժան ու անորակ պրոդուկտը: Նրանք կարող են գլուխը մտցնել հողի մեջ ու ոտքերը տնկել, միայն թե եթերում երեւան, երբեմն էլ երգեր «թխեն» այստեղից-այնտեղից:

-Օրերս երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մարդկանց խնդրեց, որ իր նոր երգի մեջ շատ խորը իմաստ չփնտրեն, քանի որ այն պարզապես չկա. բանից պարզվում է՝ անիմաստ երգեր պետք է թողարկվեն, հանդիսատեսն էլ՝ հարմարվի:

-Երեւի այս ասպարեզում իր ժանրում ինձ համար ամենաընկալելի երգչուհին Լիլիթն է, ով աշխատում է իր վրա…Ամենալավ Բեյոնսեն է ինքը… Ինչ վերաբերում է հայտարարությանը, պետք է ասեմ, որ մարդ կարող է երբեմն ավելի «ախմախ-ախմախ խոսել», քան գործել…Ո՞նց կարելի է երգի մեջ իմաստ չփնտրել…Չէ՞ որ այն երկթեւանի թռչուն է՝ մի թեւը երաժշտությունն է, մյուսը՝ խոսքը, առհասարակ, պետք չէ վիրավորել երգը դատարկությամբ…

-Շոուն փոքր-ինչ դադարեցնելու ու արվեստին զարկ տալու ի՞նչ ուղիներ եք տեսնում:

-Թիմային աշխատանք է հարկավոր, բայց այս պայքարի ընթացքում հանկարծ չպետք է հայտնվեն մարդիկ, ովքեր առիթից կօգտվեն ու բիզնես կանեն: Այդ դեպքում միայն կարող ենք հաջողության հասնել:

Լուսանկարները՝ Մարինա Թագակչյանի ֆեյսբուքյան էջից

Աննա Բաբաջանյան




Լրահոս